Եթե ընդդիմությունը գանձ է, ապա Նիկոլ Փաշինյանը պիրատ է՝ միաչքանի մարդասպան, գող, կեղտոտ, անլվա, թութակն ուսին, ռոմը ձեռքին պիրատ, Factor.tv-ի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն ձևակերպմանը, որ խորհրդարանական ընդդիմությունն իշխանության համար գանձ է։
Ինչ վերաբերում է հաջորդ տարի կայանալիք ընտրություններին՝ բանախոսն ասել է.
«Խորհրդարանական ընտրությունների մասնակցել-չմասնակցելու թեման ՀՀԿ-ն չի քննարկել, այս պահին օրակարգում այդ հարցը չկա։ Ընտրությունների համար դեռ շուտ է, պարտաստվել 7-8 ամիս շո՞ւտ… Իրականության մեջ չենք ապրում հանդարտ քաղաքական օվկիանոսում, ուր հույս կդնենք լավ եղանակի վրա։ Մենք ապրում ենք մի համակարգում, որը ակնհայտ գնում է դեպի ավտորիտար համակարգ։ Նիկոլն այդ ճանապարհին է»,- ասել է նա։
Լրագրողի դիտարկմանը, որ գործող իշխանությունների երբեմն ընդունում են որոշ համայնքներում չընտրվելու, պարտություն կրելու իրողությունը, մինչդեռ ՀՀԿ-ն երբեք թույլ չի տվել, որ անգամ փոքր համայնքներում ընդդիմադիրները հաղթեն, Արմեն Աշոտյանը պատասխանել է՝ իրենց կառավարման տարիներին, օրինակ, հաղթել է ԲՀԿ-ն։
«ՀԱԿ-ից գյուղապետ ունեինք անգամ, ՀԱԿ-ն ուներ թաղապետ՝ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը»,- ասել է նա։
Վերադառնալով 2026-ին կայանալիք ընտրություններին՝ Աշոտյանը շեշտել քէ՝ ՀՀԿ-ն դրանց առայժմ չի անդրադառնում, քանի որ նախ վաղաժամ է համարում, բացի այդ՝ Հայաստանում ամեն օրը կարող է բերել նոր կորուստներին, և դրա համար էլ իրենք առաջարկում են ընտրություններին սպասելու փոխարեն գնալ անվստահություն հայտնելու ռեալ գործընթացի։
Անդրադառնալով ընտրակաշառքի թեմային՝ ՀՀԿ փոխնախագահը նշել է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից այն նոր դրսևորումներ է ստացել։
«Օրինակ՝ ներել են ճանապարհային տեսախցիկների պարտքերը։ 14 միլիարդը մոտավորապես 35 միլոն դոլար է, ուրեմն Փաշինյանն այդքան ընտրակաշառք է բաժանել՝ միանվագ։ Էլ չխոսեմ Նիկոլ Փաշինյանի օրոք «սկիզբ առած» նոր օլիգարխների մասին»,- ասել է նա։
Աշոտյանի խոսքով՝ շատ մեծ է գայթակղությունը բոլոր մեղքերը բարդել ժողովրդի վրա։
«Միաժամանակ մի քիչ կեղծիք կա «Ժողովուրդը մեղավոր չէ» բանաձևի մեջ։ Եթե ժողովուրդները միշտ ճիշտ լինեին, Բաբելոնը, պարթևները, հռոմեական կայսրությունները չէին վերանա»,- ասել է Աշոտյանը։