Շուետ նշանաւոր գրող Սելմա Լակերլէոֆը (1858-1942) մի շատ գեղեցիկ հէքիաթ-վիպակ ունի, որ կոչւում է «Նիլս Հոլկերսոնի զարմանահրաշ ճանապարհորդութիւնը Շուետիայում» (1906-1907): Այս գրաւիչ հէքիաթը մեզ յայտնի է ռուսերէնից կատարուած թարգմանութեամբ եւ «Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդութիւնը վայրի սագերի հետ» խորագրով:
Չարաճճի Նիլսը մի անգամ հանդիպում է կախարդ թզուկին եւ ծաղրում է նրան, ինչի համար թզուկը պատժում է Նիլսին` նրան դարձնելով փոքրիկ մարդուկ, ճնճղուկի չափ մի արարած: Տեսնելով, որ մօր սիրելի սագը` Մարթինը, պատրաստւում է թռչել վայրի սագերի երամի հետ, Նիլսը փորձում է ետ պահել նրան, բայց Մարթինը Նիլսին տանում է իր հետ: Այսպէս սկսւում է Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդութիւնը Շուետիայում: Մարտից մինչեւ Հոկտեմբեր Նիլսը վայրի սագերի հետ անցնում է ամբողջ Շուետիան մի ծայրից միւսը: Այս ընթացքում Նիլսը ծանօթանում է մարդկանց սովորութիւններին, ժողովրդական լեգենդներին, զրոյցներին եւ հէքիաթներին, ճանաչում է կենդանիների վարքը, ինքը մասնակից է դառնում կարեւոր իրադարձութիւնների` կռիւը խորամանկ աղուէս Սմիռռէի եւ կռիւ մկների հետ: Իր գտած սրամիտ եղանակով Սելմա Լակերլէոֆը շուեդ երեխաներին ծանօթացնում է երկրի աշխարհագրութեանը, տեղանքին, պատմութեանը: Եւ դպրոցականները աննկատելիօրէն իւրացնում են այն, ինչ դպրոցում սովորում են դժկամու թեամբ:
Ափսոս, որ մենք չունեցանք այնպիսի մի գրող, որ մի այդպիսի գրաւիչ պատմութիւն գրէր, որը կարդալով մենք` հայ երեխաներս, իւրացնէինք Հայաս տանի աշխարհագրութիւնն ու պատմութիւնը: Մինչդեռ մենք շատ վատ գիտենք մեր երկիրը: Պատճառը Հայաստանի լեռնաշատ տեղանքն է, հաղորդակցութեան դժուարութիւնները, մեր կեանքի կերպն ու կեանքի տուած շատ սուղ հնարաւորութիւնները: Ես, օրինակ, չեմ տեսել Ղափանն ու Մեղրին, Տաշիրն ու Աշոցքը եւ դեռ այնքան ու այնքան վայրեր մեր փոքրիկ Հայաստանում: Գորիսի, Ղափանի, Սիսիանի եւ Սիւնիքի այլ վայրերի բնակիչները բնականաբար չեն տեսել Հիւսիսային Հայաստանի շատ վայրերը: Նոյնը կարելի է ասել Հիւսիսային Հայաստանի եւ այլ վայրերի բնակիչների մասին:
Եւ մենք, մի քանի հոգով, մեր այս առաջացած տարիքում ջանում ենք լրացնել մեր կեանքի այդ բացը: Որոշեցինք այս անգամ գնալ Վայոց Ձոր: Վայոց Ձորը այնքան հարուստ է հնավայրերով եւ պատմական յուշարձաններով: Օրբէլեանները սարքել ու սարքել են, կառուցել ու կառուցել են: Մի մասը տեսել ենք, շատ մասը` ոչ:
Որոշեցինք այս անգամ գնալ Շատի վանքը: Մայիսի 29-ին վաղ առաւօտեան նկարիչ Յարութիւն Յարութիւնեանը, բժիշկ Մելիք Կոնդեանը, նուաստս` Երուանդ Տէր-Խաչատրեանը եւ բժշկի որդին` Յովիկը, որն այդ օրը մեր վարորդն էր: Ո՞ւր ես, Շատի վանք, գալիս ենք դէպի քեզ: Մենք լրացուցիչ օգնութեան կարիք ունէինք, մեր մեքենան չէր կարող հասնել Շատի վանք: Յովիկի ուսանողական ընկերը, որ ապրում է Շատին գիւղում, պարզուեց, որ ամենագնաց հզօր մեքենայ ունի եւ խոստացել է մեզ հասցնել Շատի վանք: Մեր ճանապարհը անցնում էր Ուրծաձորով, եւ բնականաբար, մենք ժամանակաւոր դադար առանք Ուրծաձորում, մեր տանը, սուրճ խմեցինք եւ շարունակեցինք մեր ճանապարհը:
Շատինում Վարդանը սպասում էր մեզ: Մենք մեր մեքենան թողեցինք եւ նստեցինք Վարդանի ամենագնացը: Շատին գիւղը գտնւում է Եղէգնաձորի հարաւ-արեւմուտքում, մի վեց-եօթ քիլոմեթր Եղէգնաձորից հեռու: Շատի վանքը գտնւում է Շատին գիւղի հիւսիս-արեւելքում, գիւղից չորս քիլոմեթրի չափ հեռու, մի գրեթէ անառիկ վայրում: Չորս քիլոմեթրը, թւում է, մեծ բան չէ, բայց շատ դժուար ճանապարհ էր, նեղ, սարալանջին մի կերպ բացուած ճանապարհ, որ անցնում էր անդնդախոր ձորերի բերանով: Յետոյ երբ եղէգնաձորցի իմ մի ընկերոջը պատմեցի մեր ճամբորդութեան մասին, մարդն ասաց` դու հին ճանապարհը պէտք է տեսնէիր, որ հասկանայիր, թէ ի՞նչ է վախենալի ճանապարհը: Ես իսկապէս վախենում էի, ինձ թւում էր, թէ ամէն վայրկեան մենք կարող ենք գլորուել անդունդը:
Ի վերջոյ, տեղ հասանք: Մեքենան մնաց վարը, ձորակի այս ափին, մենք մագլցելով դիմացի լանջն ի վեր, հասանք Շատի վանք: Ստեփանոս Օրբէլեանը հաղորդում է, որ վանքը կառուցուել է Վայոց Ձորի իշխաններ Սմբատի, Սահակի եւ Սոփիա տիկնոջ հրամանով: Այն կառուցուել է 929 թուականին:
Աւանդութիւնն ասում է, որ վանքը Շատի է կոչուել Վայոց Ձորի հռչակաւոր մենաստանի` Վերին Նորավանքի առաջնորդ Շատիկ Միայնակեցու անունով:
Եկեղեցին կոչւում է Սուրբ Սիոն եւ վերակառուցուել է 1655 թուականին, այլ տուեալներով` 1671-1674 թուականներին: Վերակառուցումը իրագործել է ջուղայեցի գրասէր վաճառական Մահտեսի Յակոբը: Վանքը բաղկացած է եղել եկեղեցուց, վանական միաբանութեան մօտ 35 բնակելի եւ այլ շէնքերից:
Բազիլիկ եռանաւ եկեղեցին պահպանուել է, արեւմտեան մասում պահպանուել են գաւիթի աւերակները: Բազմաթիւ շէնքերի ու կառոյցների կիսաքանդ կամ աւերակ մնացորդներ կան` ձիթհան, սեղանատուն, խոհանոց, ամբարներ եւ այլն: Վանքի բակում գտնւում են մեծ ջրամբարներ եւ հացահատիկի հորեր: Դարպասի առջեւ պահպանուել է ցամաքած ջրուղու ծորակը: Ձորակի ափին պահպանուել է ջրաղացի աւերակ կառոյցը: Շատի վանքի շէնքերի ու կառոյցների մեծածաւալ քանակը ցոյց է տալիս միաբանութեան մեծութիւնը եւ տնտեսական հզօրութիւնը: Շատիվանքը եղել է Սիւնիքի կրօնական խոշոր կեդրոններից մէկը եւ 17-րդ դարում ունեցել է միաբանութեան 70-ից աւելի անդամ, ունեցել է դպրոց եւ գրատուն: 17-րդ դարի կէսերին Յովհաննէս Կարբեցի վարդապետը կազմակերպում է Շատի վանքի անապատը:
Ամբողջ համալիրը ցնցող տպաւորութիւն է թողնում: Վիթխարի պարիսպների բարձրութիւնն ու լայնութիւնը, կառոյցի հզօրութիւնը մեծ տպաւորութիւն են թողնում, մեծ յարգանք եւ խոնարհում են ներշնչում: Համալիրի ամէն մի հատուածը ստիպում էր կանգ առնել, մտածել, հիանալ, զարմանալ: Այդ մե՛նք ենք եղել: Հպարտութիւն էր արթնանում մէջդ եւ պարուրում էր քեզ:
Կանգնել էինք զարմանքով, ոչ մի ճանապարհ չկայ, հետքերն էլ չեն երեւում, Տէր Աստուած, այս հսկայ քարերը ինչպէ՞ս են բերել, ինչպէ՞ս են հասցրել այս բարձունքը, ինչպէ՞ս են հանել այս պատերի վրայ: Եւ ի՜նչ գեղեցիկ էր ձորը, շրջակայ բնութիւնը, անտառապատ լանջերը, կառոյցի վեհապանծ դիրքը…
Վերադարձը շատ աւելի ահալից էր: Մեր վարորդը մեքենան վարում էր շատ թեթեւ, արագ, շուրջը նայելով, զրուցելով, ասես քշում էր հարթավայրով: Ես վախից կէս մարդ էի դարձել: Մտքումս ասում էի` Տէր Աստուած, անփորձանք տեղ հասնենք, մոմ եմ վառելու: Եւ փառք Աստծոյ, անփորձանք տեղ հասանք: Վարդանը չլինէր, մենք ինչպէ՞ս էինք հասնելու Շատի վանք: Ետդարձի ողջ ճանապարհին մենք Շատի վանքի մասին էինք խօսում: Վանքը այլեւս մերն էր: Մենք տեսել էինք վանքը…
Մնամ Շատի վանքի պատերի տակ աղօթարար ընկերդ`
Երուանդ Տէր-Խաչատուրեան
Երեւան
ՊԱՅՔԱՐ, 07 օգոստոս, 2022