Բոլորին հասկանալի է, որ դատախազությունը և քննչական կոմիտեն հնազանդ կառույցներ են, որոնք ենթարկվում են իշխանությանը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ գաղտնի Սյունիք ժամանած Փաշինյանին սյունեցիներին դիմավորել են «Նիկոլ, դավաճան», «կապիտուլյանտ» և այլ վանկարկումներով, ինչի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կտրուկ քայլեր իրականացնել, ապա մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մարզի դատախազից ու քննչական ստորաբաժանման ղեկավարից պահանջել է ներկայացնել, թե ինչ քայլեր են իրականացվել։ Հենց խորհրդակցության ժամանակ հայտնի դարձավ, որ Սյունիքում՝ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած ակցիաների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։
Ալումյանն արձանագրեց, որ այդ կառույցները պատրաստ են Փաշինյանի ցանկացած սուլոցով գալ վարչապետի մոտ և դա ակնհայտ է:
«Մի գուցե Փաշինյանն իրեն տուժող է համարում այս գործով, իսկ տուժված կողմը իրավունք ունի իմանալ, թե ինչպես է ընթանում իր գործի քննությունը: Չեմ կարծում, որ այս առումով կարելի է հեռու գնացող հետևություններ անել: Փաշինյանը հետագայում կարող է ասել, որ անհրաժեշտ է համարել հետաքրքրվել գործի ընթացքով:
Չնայած այդ կառույցները օրենքով անկախ են համարվում, սակայն իրենք իրենց էությամբ, կարծես թե, գործադիր իշխանության ներկայացուցիչներ են», – շեշտեց Ալումյանը: