Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
«Հայտնի քրեական գործով քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչվելու հետևանքով ամբաստանյալների արարքների վերաորակման մասին դատախազի հիմնավորումները բացահայտ սոփեստություն է:
Դատախազության իրավաբաններին հարկ է հիշեցնել, որ արարքին քրեաիրավական գնահատական տալուց մեղադրողը ապացույցների համակցությամբ և իր համոզմամբ անձին մեղսագրում է այն հոդվածը, որն ամբողջությամբ համընկնում է կոնկրետ արարքի քրեաիրավական որակման հետ: Սա նշանակում է, որ մեղադրյալն այդ արարքով չի կատարել որևէ այլ հանցանք, բացի այն մեկից, որն արդեն մեղսագրվել է և դրանով գործն ուղարվել է դատարան: Այլ կերպ ասած՝ գործը դատարան ուղարկելուց առաջ, երբ հաստատում է մեղադրական եզրակացությունը, դատախազն առնվազն բացառում է որևէ այլ հոդված, բացի արդեն ընտրվածներից, քանի որ նա պարտավոր է արարքին գնահատական տալուց ընտրել բոլոր այն հոդվածները, որոնք, ըստ դատախազի, կատարել է մեղադրյալը:
Այսպիսով ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՔՕ 300.1-րդ հոդվածով մեղադրանքը փոփոխելու դատախազի տենչանքը զուրկ է իրավունքի տրամաբանությունից և քրեական արդարադատության էությունից»: