Գրողի տարած արտահայտությունը, նույն կերպ, ինչպես և արհեստական բանականությունը, երկիմաստ են. կարելի է մեկնաբանել և որպես բարիք, և որպես չարիք: Գրողն իր ստեղծագործությամբ կարող է երջանկացնել, բուժել հոգի, օգնել գտնել կյանքի իմաստ, իսկ հոգեառ հրեշտակը՝ ճիշտ հակառակը: Որևէ նորամուծության պարագայում, մարդիկ սովորաբար կամ աստվածացնում, կամ դեմոնիզացնում են այն, ու վերագրում ավելին, քան այն իրականում կա: Նույնիսկ գիտական աշխարհում կան մարդիկ, որ համեմատում են արհեստական բանականությունը սատանայի հետ, ChatGPT-ն կոչում են համակարգչային բակտերիա:
Ոմանք էլ պնդում են, որ արհեստական բանականությունը չունի զգացմունքներ, ինքուրույն միտք, չի կարողանում խաբել, չի վախենում, չունի խիղճ ու ամոթ, չի կարող սիրել, չունի կամքի ուժ: Ըստ այդմ, որոշ ժամանակ անց այն կդառնա հերթական գործիքը, իր տեղը գտնելով համակարգչի, հեռախոսի և այլ նորամուծությունների շարքում: Ես կիսում եմ այս մոտեցումը, նշեմ, որ, ես տեխնոֆոբ չեմ:
Իսկ ինչով է արհեստական բանականությունը տարբերվում ի վերուստ կամ բնության կողմից տրված բանականությունից: Միտքը, մտավոր պաշարը, ճանաչողությունը, ընկալումները, հիշողությունը վերլուծելու, որպես ամբողջական պատկեր մատուցելու, որոշում կայացնելու ընդհանրությունն է: Միտքն ունի երևակայականն ու ճանաչողականը վերլուծելու կարողություն: Արհեստական բանականությունն իր ինտելեկտուալ ագենտների, «խելացի գործակալների» օգնությամբ հետազոտում է միջավայրը և գտնում է իր առջև դրված նպատակին հասնելու ամենառացիոնալ, արդյունավետ ճանապարհը:
Այն կարելի է դիտարկել որպես ինժեներական խնդիր լուծող սարք: Սակայն այն իր հետ բերում է էթիկայի, էսթետիկայի, բարոյական նորմերի սահմանման խնդիրներ, ավտոնոմ գործակալի գործողությունների համար պատասխանատվության, գործակալի մոտ մարդկային արժեքների ձևավորման հարցեր: Դիտարկման և գործողության միջև ի հայտ է գալիս մեկնաբանության օղակը:
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ շրջանառության մեջ մտան թվային մահ և անմահություն եզրույթները: Իրավական դաշտն առաջարկեց «վիրտուալ մահ» և «մոռացված լիելու իրավունք» հասկացությունները: Պարզվեց, որ մարդն ունի իրավունք հրաժարվել թվային աշխարհից և արգելել իր հետ առնչվող որևէ տեղեկատվության շրջանառումն այնտեղ: Ես առաջարկում եմ այս մարդկանց կոչել «թվային ճգնավորներ»: Թվային անմահությունը նույնպես առաջ է բերում էթիկական տարբեր խնդիրներ: Google-ի համահիմնադիր, ինժեներ Էնթոնի Լեվանդովսկին 2015թ.-ին հիմնադրեց Way of the Future, «Ապագայի ճանապարհ» կոչվող արհեստական ինտելեկտի եկեղեցին, որի հիմքում տեխնոլոգիայի պաշտամունքն էր: Այն փակվեց 2020թ.-ին:
Ճապոնիան աշխարհի այն եզակի պետություններից է, որտեղ հայկական համայնք չի ստեղծվել: Այնտեղ 19-րդ դարի կեսերից հաստատվել են հիմնականում Հնդկաստանից հայ առևտրականներ: Դիանա Աբգարը, ով ծնվել է Բիրմայում, 1890թ. ամուսնու հետ տեղափոխվել է Ճապոնիա: Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումից հետո նա նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի պատվավոր դեսպան, աշխարհում առաջին կին-դիվանագետներից մեկն է։ Ճապոնական անիմացիայի՝ անիմեի պատմությունը սկիզբ է առել դեռևս 20-րդ դարի սկզբերին, իսկ Երկրորդ համաշխարհայինից հետո ճապոնացի կինոռեժիսորները սկսեցին Արևմուտքում արդեն լայն տարածում ստացած անիմացիոն ֆիլմեր ստեղծելու իրենց առաջին փորձերը: Ես արդեն 13 տարի է, ինչ աշխատում եմ Թերլեմեզյանի քոլեջում:
Հատկապես COVID-ի համաճարակից հետո արձանագրել եմ ճապոներեն ուսումնասիրող մեր ուսանողների թվի կտրուկ աճ: Զրուցելով ուսանողներիս հետ, միակ բացատրությունը, որ գտա, դա իրենց մանկության տարիներին անիմեներ նայել է: Այստեղ մենք կարող ենք արձանագրել մշակութայնացման վառ դրսևորում, երբ նույնիսկ համապատասխան միջավայրի բացակայության պայմաններում, մեկ սոցիալ-մշակութային գործիքը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երեխայի իդենտիկության ձևավորման վրա:
Էսթետիզացում ասելով հասկանում ենք որևէ բանի գեղեցիկ ձև ու էսթետիկական կատարելություն վերագրելու մոտեցում։ Էսթետիզմը գեղեցիկի, նրբագեղի, շքեղի պաշտամունքն է, ինչպես նաև զտարյուն արվեստի նորմերի ու կանոնների հետևողական, խստագույն պահպանումը՝ «արվեստ հանուն արվեստի»: Էսթետիզացումը սոցիալ-մշակութային փոխակերպման գործընթաց է, սոցիալական հարաբերությունների ձևավորման անկախ հարթակ:
Ինչպես որ, որպես սոցիալական ինստիտուտ, թանգարանների ու պատկերասրահների զարգացումն իր հետ բերեց արվեստի ավտոնոմիայի որոշակի կորուստ, նույն կերպ էսթետիզացումը տնտեսական և մեդիա դաշտում դարձավ խիստ ազդեցիկ, կիրառելի, յուրովի սոցիալիզացման և մշակութայնացման մեխանիզմ։ Գրականության, կինոյի ու լուսանկարչության աշխարհի ներկայացուցիչներն անդրադառնում են տգեղի և բռնության էսթետիզացման երևույթներին: Նույն երևույթներն այսօր արտացոլվում են նաև թվային աշխարհում:
Նկարիչ, գրաֆիկ, գրքի նկարազարդող, անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Զաքար Դեմիրճյանը երբ փորձում էր ինձ համար նկարագրել ընթացք, որպեսզի զգացական մակարդակով հասկանամ, թե ինչ է տեղի ունենում գեղարվեստական տպագրության գործընթացի ժամանակ, ասաց որ գուցե միջնադարում օֆորտի սարքն էլ է նախ դարձել պաշտամունքի առարկա, գերագնահատված մի բան, այնինչ նկարիչը կախվածության մեջ է նյութերի, քիմիական ռեակցիաների տարբեր դրսևորումներից: Դրանք սովորաբար անկանխատեսելի են: Այստեղ հեղինակից պահանջվում է և պատասխանատվություն, և պայքար նյութերի հետ, որպեսզի այն հոգին, որ փորձում ես փոխանցել արվեստի գործին, այն էմոցիան, որ փորձում ես հաղորդել, չկորսվի, ոտքի տակ չընկնի, չմահանա:
Գեորգ Զիմելը (1858-1918), գերմանացի արվեստաբան, հետազոտում էր սոցիալական կոնֆլիկտները, փողի ֆունկցիան, քաղաքային կյանքում անհատական իդենտիկության խնդիրները: Նա հետազոտում էր 2 և 3 մարդուց բաղկացած խմբում սոցիալական հարաբերությունների դինամիկան: Ըստ Զիմմելի, 2 հոգու միջև ծագած հարաբերությունը չի կարելի համարել սոցիալական, և 2-ի հարաբերություններով պետք է զբաղվեն հոգեբանները: Իսկ սոցիալական հարաբերության համար անհրաժեշտ է 3-րդ անձ:
Այդ պարագայում սոցիալական հարաբերությունները ֆորմալիզացվում են: Ի հայտ է գալիս ձևաչափ, օրինակ, ընտանիք, համայնք, պետություն, որը դառնում է կայուն, վերարտադրվող ֆորմա, որի ներսում ձևավորվում են հարաբերություններ, որոնք դառնում են գերակա և եղանակ թելադրող: Զույգն իրականում կախվածություն ունի իր հետ փոխազդեցության մեջ մտնող 3-րդ անձից, և արդյունքում ունենում ենք ունիկալ, անկանխատեսելի ընթացք: Եթե օրինակ դա երեխան է, նա կարող է միացնել, տանել դեպի վերարտադրվող ֆորմա, կամ կարող է քայքայել զույգի միջև ձևավորված հարաբերությունը, կապը: Տրիադայի մոտ արտացոլվում է ֆորմալություն, վերարտադրողականություն, նմանություն, և ըստ այդմ, կանխատեսելիություն, կայունություն: ԱԲ-ն, ըստ երևույթի, պայքարում է երրորդի դերակատարությունը ստանձնելու համար:
Աննա Մնացականյան, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն
Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային Համաժողով, «ՀայԱրտ» կենտրոն
 
			 
     
			





