Գյումրու և Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունից դժգոհությունը զգալիորեն մեծ է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, ինչ-որ չափով գուցե առաջիկա համապետական պառլամենտական ընտրությունների մոդելի նման մի բան է։ Գյումրու ընտրությունները գուցե մոդել են, որ կարելի է մրցակից լինել, բայց ունենալ նորմալ փոխհարաբերություններ՝ հետագայում պայմանավորվելու երկրում իշխանափոխություն իրականացնելու համար։ Եթե այս տենդենցը շարունակվի, շատ հնարավոր է, որ 2026-ին Հայաստանում իշխանափոխություն լինի»,- նշեց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանը միաժամանկ ընդգծեց՝ խաղադրույքները Գյումրու վրա շատ մեծ էին, քանի որ այն յուրօրինակ խորհրդանիշ էր՝ 2018 թվականի իշխանափոխության սիմվոլը։
«Ընդդիմությունն էլ էր չէ՞ ասում՝ որտեղից սկսել են, այնտեղ էլ կավարտեն, այսինքն՝ սկզբունքային կռիվ էր գնում, վարչական ռեսուրսներ, տարբեր նոր տեխնոլոգիաներ օգտագործելով՝ շահագրգռել մարդկանց։
Գյումրու ընտրություններից հետո այս պաուզան կարող է շատերին բարձրացնել, բայց նաև՝ քաղաքական առումով թաղել։ Բայց կարծում եմ՝ այդ պաուզան շատ է ձգձգվում արդեն, և երբ անորոշություն ու ինֆորմացիայի դեֆիցիտ է լինում, բնականաբար առաջանում են տարբեր վարկածներ»,- ասաց բանախոսը։
Վիգեն Հակոբյանը նշեց՝ Գյումրու ընտրություններում ոչ այնքան քաղաքական ֆոն, որքան անձնավորված իրավիճակ կա։
«Նույնիսկ ես փորձում եմ մաքսիմալ զգույշ անցնել, շատ նուրբ թեմա է, մոտավորապես պարզ է՝ ինչ թեմա է գնում։ Այս տարբերակը, որ ստացվել է, կանխատեսելի էր։ Նույն Վարդան Ղուկասյանն այսօրվա իշխանություններին դավաճաններ, թուրքեր էր անվանում, իր պատկերացմամբ քաղաքականացնում էրիր կամպանիան։ Մարտուն Գրիգորյանն էլ ասում էր՝ իրենց խնդիրն այն է, որ ՔՊ-ն չանցնի»,- ասաց բանախոսը։
Ամփոփելով՝ քաղտեխնոլոգը նշեց՝ հարց է՝ ընդդիմադիր ուժերը կկարողանա՞ն միմյանց հետ լեզու գտնել։
«Ավելի շուտ կարծում եմ՝ դժվար այնպիսիի բան լինի, որ երկբևեռ դառնա ընդդիմությունը։ Չեմ կարծում, որ 15 միավորին հեշտ է բերել, մեկ տեղում դնել։ Ստարտային պայմաններում բոլորն էլ ասելու են, որ ավելի ուժեղ են»,- ասաց Հակոբյանը։