Գիտուժ նախաձեռնությունը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել իրենց մտահոգությունները՝ պետբյուջեից գիտությանը ֆինանսական հատկացումների երաշխիքները վերացնող օրինագծի առնչությամբ
——
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։
Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը, Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը և The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր Գևորգ Պողոսյանը ներկայացրել են իրենց մտահոգություններն այն նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է վերացնել գիտության պետական բյուջեից ֆինանսական հատկացումների նվազագույն շեմին վերաբերող երաշխիքը: Դա իր հերթին կարող է հանգեցնել գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվող միջոցների կրճատման։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կառավարության մարտի 11-ի նիստում որպես չզեկուզվող հարց ընդունված և ԱԺ ուղարկված նախագծերի փաթեթին:
Նրանց կարծիքով՝ գիտական գործունեության բնույթը անպիսին է, որ պահանջում է պետական երկարաժամկետ հանձնառություն:
Ուստի, իրական արդյունք ապահովելու համար ոչ թե պետք է օրենքով առկա երաշխիքները վերացնել, այլ հատկացվող միջոցների աճն օրենքում ամրագրել։
«Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները նշել են, որ գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղվող պետբյուջեի հատկացումների նվազեցումը կամ նվազեցումից պատսպարող օրենսդրական պահանջների վերացումը կազդի Սահմանադրությամբ յուրաքանչյուր անձի համար երաշխավորված գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության վրա։
Արման Թաթոյանը հանդիպմանը նշել է, որ կարևոր սահմանադրական իրավունքներ են ստեղծագործական ազատությունն ու կրթության իրավունքը:
Պաշտպանը նշել է, որ նախագծային լուծումները, այդ թվում՝ գիտության վերաբերելիության մասով, պետք է դառնան տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկման առարկա, և պետք է բացառվի մեխանիկական որևէ մոտեցում՝ առանց հաշվի առնելու բովանդակային հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել բարձրացրած խնդիրների լուծմանը։