Գեդիքփաշայի սալաքարերն առաջին անգամ սկսեցին 1955 թ. հանվել։ Հենց սեպտեմբերին քաղաքապետարանի կողմից փոխվելու նպատակով հանված սալաքարերը դարձան կողոպտիչների զինանոցը:
Արիս Նալջը
Կրկին եկավ ջարդի հերթական տարելիցը: Ինձ հետևողները գիտեն, որ որպես Վիլյամ Սարոյանի «Յուրաքանչյուր մարդու պատմությունը պետք է պատմվի» կարգախոսը որդեգրած մարդ՝ որքան հնարավոր է, փորձում եմ ձեզ փոխանցել Թուրքիայի Հանրապետության նորագույն պատմության հայ, հույն, հրեա և ասորի վկաների հիշողությունները։
Այս շաբաթ էլ կգնանք 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի Գեդիքփաշա…
1949 թ. ծնված Անի Բենլին ջարդերի ժամանակ 6 տարեկան է եղել։ Նա երեխայի աչքերով պատմում է, թե ինչ էր կատարվում.
Նստեցինք Գեդիքփաշա բողոքական եկեղեցու ներքևի անկյունում։ Մեսրոպյան դպրոցի դիմաց։ Հենց անկյունի հին քառահարկ շենքի առաջին հարկում։ Մի հին տուն, որի երկաթե դուռը բացում ես մեծ բանալիով, պատուհանները երկաթյա են, իսկ մեջտեղում զուգահեռ մի երկաթ կա…»:
Վաղ մանկության նման ցնցումների հետևանքները ուժեղ են: Մեր հետագա կյանքում հարցաքննում ենք մեր ընտանիքներին, խնդրում ենք լրացնել այն պահերն ու բացերը, որոնք կարծում ենք, թե տեսել ենք, բայց իրականում չենք տեսել: Անի Բենլին առաջին հարկը հիշում է երկաթե դռնից: Իսկ նրա մայրն ավելի ուշ գիտակցելու էր առաջին հարկում ապրելու թերությունը, որ հիշում էր մի տաքսիստի աղաղակից:
«Մայրս պատմում է. պատուհանի մոտ մի տաքսի կանգնեց ու քրոջս ասաց՝ ինչ կլինի մի դրոշ տուր, թե չէ մեքենաս կտոր-կտոր կանեն»։
Զինանոց՝ սալաքարերից
Գեդիքփաշայի սալարկված լանջերը, որոնց տարիքը հասնում է 2000-ի, առաջին անգամ քանդվեցին 1955 թ․։ Հենց սեպտեմբերին քաղաքապետարանը սկսեց սալաքարերը փոխելու աշխատանքները, և հանված քարերն այդպիսով դարձան կողոպտիչների զինամթերքը։
«Դեռ շատ ուշ չէր, լանջի վերևից սկսեցին սարսափելի ձայներ լսվել։ Ապակու հետևից վախվորած նայում էինք: Հենց մեր խաչմերուկի անկյունում Նիկոյի մթերային խանութն էր։ Փողոցների սալաքարերը ջարդելով մանրաքար էին դարձրել, ու փողոցը դրանցով լի էր։ Այդ քարերից իր մասն էր ստացել մթերավաճառ Նիկոն: Դրանից երկու տուն ձախ Դեսպինա մորաքույրենք էին ապրում: Ամբոխը, մի գծով շարժվելով, ձեռքերում քարեր ու հաստ մահակներ՝ ոռնում էր: Հենց այդ պահին մորաքույր Դեսպինան, ով ապրում էր բաց պատուհանով տանը, ծածանելով մինչև գոտկատեղը կախված դրոշը՝ վատ առոգանությամբ բղավեց՝ «Ի՜նչ երջանիկ է նա, ով իրեն թուրք է կոչում» և փրկեց իրեն և իր տունը:
Ըստ Անի Բենլիի՝ մադամ Դեսպինան, ամուսինը՝ Պրոդոմոսը, համր որդին՝ Նիկոն և դուստր Էֆթալիչան իրականում հարուստ ընտանիք էին: Այս ընտանիքն այն ժամանակ «Գրունդիգ» ընկերության ներկայացուցիչն էր։ Այս բարեկեցիկ ընտանիքը սեպտեմբերի 6-7-ի ջարդից անմիջապես հետո լքեց երկիրը և հաստատվեց Աթենքում։ Իսկ ինչ եղավ նրանց ունեցվածքը՝ ցավոք սրտի չգիտենք:
Ապահովիչի կծիկը փրկեց խանութները գողերից:
Ամբոխը քայլելով ու Գեդիկփաշայի սալաքարերը հավաքելով ու լանջով բարձրանալով՝ հասավ Բենլի ընտանիքի տուն.
«Հայրս բացել էր պատուհանը. դու գիտե՞ս հին պատուհանները, այն բացվում էր դեպի վեր ու ամրացվում սողնակին։ «Ի՞նչ եք ուզում,-հարցրեց նա, ցույց տվեցին հունական տները, երբ պատասխանը ստացավ, հայրս ասաց,-Մենք հայ ենք, դուռը երկաթյա է, չի բացվում։ Ես բացե՞մ».-ասաց: Նրանց միջից մեկն ասաց. «Այո, ես ճանաչում եմ եղբորը, նա հայ է», և մենք փրկվեցինք»։
Գնացինք շենքի ամենավերևի հարկ, հազվագյուտ քառահարկ տուն էր։ Վերևի բաց պատշգամբից տեսանք Գում Գափուի և շրջակայքի հրդեհները: (Հունական եկեղեցիներ էին) 22 տարեկան մի զարմիկ ունեի: Առավոտյան դեմ տուն հասնելուն պես, գրպանից մի բուռ ապահովիչների կծիկ հանեց։ Խառնվել էր նրանց ու հանել իր իմացած հույների խանութների լուսացուցանակների ապահովիչները։ Հանելով շրջեց: «Որոշ խանութներ փրկեցի»,-հեկեկալով ասաց նա: Իհարկե, հաջորդ առավոտ, մթերային խանութն ամբողջովին՝ ներառյալ սառնարանը, լի էր սալաքարերով»:
Թքեցին դագաղին
Վերջերս շատ ենք խոսում մահացածների նկատմամբ հարգանքի, գերեզմանների վրա կատարվող հարձակումների մասին: Իրականում 2000-ականների Թուրքիան այնքան էլ հեռու չէ 1955 թվականի Թուրքիայից, Թուրքիա, որտեղ կին-երեխա չզատելով՝ միայն ազգության պատճառով, ընտանիքներից թաքցնում են մահացած մարդկանց աճյունները, և մի գերեզմանն անգամ շատ են համարում նրանց։ Ահա իրական օրինակ. Հայկազը մահացել է 1955 թ. սեպտեմբերի 6-ին։ Պատմում է նրա թոռը՝ Ժակլինը: Որդին և նրա նշանածը գնում են Ջերրահփաշա հիվանդանոց՝ դիակը վերցնելու։ Քանի որ այլ մեքենա չեն գտնում, վարորդի հետ դիակառքով ճանապարհ են ընկնում դեպի Սկյուտար։ Ճանապարհները փակ էին: Վարորդը Թաքսիմ հրապարակից ստիպված շրջվում է: Կողոպտիչները կողքով անցնելիս թքում են մեքենայի, Հայկազի դագաղի վրա։ Ցեղասպանությունից փրկվելուց հետո Հայկազի՝ Թուրքիայում նոր կյանք սկսելու պատմության յուրաքանչյուր փուլը փաստորեն նրան արժանացնում է այս վերաբերմունքին դագաղում՝ ջարդերի ու անարդարության հետ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների լուռ համագործակցությամբ:
Եկեք լսենք Ժակլինից.
«Խեղճ պապս զինվորական ծառայության ընթացքում իսլամը չընդունելու համար դաժան ծեծի ենթարկվեց և կորցրեց մի աչքը, Աքսորից ազատվելու համար նա վերցրեց տատիս ու փոքրիկ աղջկան ու ամեն ինչ թողելով Սունգուրլուում՝ եկավ Ստամբուլ։ Մարդ ու կին շատ աշխատեցին, տուն ու խանութ գնեցին։ Այդ ընթացքում նրանք 4 երեխա են մեծացրել, այդ թվում՝ հորս։ Ունեցվածքի հարկը եկավ: Խանութը գնաց, տան իրերն էլ հետը: Եվ ամենավերջում էլ ենթարկվեց այդ արարածների կեղտոտ թուքին։ Թե զգար, նորը կավելացներ մինչ այդ օրն արած հայհոյանքներին։ Տատիս տունը Սեմերչյան (այժմ միացվել է Գալֆայանին) տանող ճանապարհի վրա էր: Հունական դպրոցը, միությունները, եկեղեցիները բոլորն այնտեղ են։ Թափթփուկները լցվել էին փողոց: Նրանց նպատակը ամեն ինչ այրելն էր։ Ատելությամբ ու ցավով են խոսում այդ օրվա մասին։ Կտրել էին ջրի խողովակները, որպեսզի հրշեջները չխանգարեն իրենց հրկիզել ասոցիացիան: Հարձակվել էին որոշ տների վրա։ Ցավոք, երիտասարդ աղջիկներից ոմանք տխուր բաներ ապրեցին, բայց ավելի մեծ աղետ էր թաղամասի շուքի ընդհատումը։ Թափթփուկները մեր առաջ գալով՝ ասում էին. «Սա մահմեդական թաղամաս է, հեռացե՛ք այստեղից»։
Թուրքիայի Հանրապետության պատմությունը լի է նման անարդարություններով։ Այս օրացույցում ամեն օր շարունակվում են ավելացվել նորերը: Լուռ մեղսակիցները, քաղաքական կոնյունկտուրայի հետ այս ու այն կողմ են ճոճվում: Բայց այն, ինչը չի փոխվում, այս հողերի ավտոխտոն ժողովուրդների ճակատագիրն է և լռության ծոմն ընդդեմ նրանց դեմ ատելության հանցագործությունների:
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը