Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը բավարարել է։ Սեպտեմբերի 25-ից կալանավորված Ծառուկյանն ազատ արձակվեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն է անցկացրել և համաձայնություն տվել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: