Ադրբեջանական կողմի հայտարարությունների կապակցությամբ պետք է կրկին հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հանձինս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների: Այս մասին տեսակապի միջոցով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ թեմային անդրադարձ է եղել, պետք է հայտարարեմ, որ այս պահի դրությամբ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, որն ի դեպ իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Բոլորի աչքի առջև Ադրբեջանը դառնում է հենակետ ԱՊՀ տարածք ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության ներթափանցման համար:
Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, քաղաքացիական ենթակառուցվածքները, առողջապահական հիմնարկները, դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, կրոնական, պատմամշակությային հուշարձանները Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթարկվում են հրթիռահրետանային հարվածների:
Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են արմատական ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ, ինչպիսիք են՝ գերիների խոշտանգումները, ցուցադրական գնդակահարությունները և գլխատումները, սպանվածների մարմինների պղծումը:
Ադրբեջանի ղեկավարության խղճին են մի շարք ռազմական հանցագործություններ, որոնք միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, շատ պետությունների ղեկավարների և միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչների կոչերին՝ Ադրբեջանը բազմիցս խախտել է և շարունակում է խախտել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Աղրդբեջանը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի, և որ ԱՊՀ-ն ստի և կեղծիքի տարածման հարթակ չէ»:
Աղբյուր՝ News.am