Բոլիվիայի իշխանություններն այս որոշումը կապել են Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից իրականացվող ցամաքային գործողության հետ. գրում է Reuters-ը՝ Բոլիվիայի արտգործնախարար Ֆրեդի Մամանիին հղում անելով։
Reuters-ը նշում է, որ Բոլիվիան նախկինում պնդել է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և մեղադրել Իսրայելին միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Բացի այդ, երկրի իշխանությունները կոչ են արել դադարեցնել կրակը։
Նմանատիպ հայտարարություն են արել հարավամերիկյան ևս երկու երկրներ՝ Չիլին և Կոլումբիան, որոնք Իսրայելից հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար։
Դեսպաններին հետ կանչելու առաջին որոշումը կայացրել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։
«Եթե Իսրայելը չդադարեցնի պաղեստինյան ժողովրդի ջարդը, մենք չենք կարող այնտեղ ներկայացուցիչ ունենալ»,- գրել է նա X-ում:
Նրանից հետո նման որոշման մասին հայտարարել է Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը։ Նա որոշումը բացատրել է որպես «միջազգային մարդասիրական իրավունքի անընդունելի խախտում։
Մեքսիկան և Բրազիլիան նույնպես կոչ են արել Իսրայելին դադարեցնել կրակը։
«Այն, ինչ հիմա կատարվում է, Իսրայելի վարչապետի խելագարության դրսևորումն է, որը ցանկանում է ջնջել Գազայի հատվածը երկրի երեսից», – ասել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։