Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերայլ Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ կապված ԲՀԿ-ն քննարկում չի ունեցել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Պատգամավորը նշել է, որ բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում պետք է այդ որոշումը կայացվի․ «Այս պահին ձեռնպահ ենք մնալու հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի առաջարկը»,-ասել է պատգամավորը։
Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է ՝ համակարգային ճգնաժամը վաղ թե ուշ պետք է հանգուցալուծվի և արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է․ «Խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետի և պայմանների մեջ է։ Այն, որ ճգնաժամ կա, որը երկար չի կարող շարունակվել, փաստ է։ Հիմա մենք օրեկան կորցնում ենք 5-7 մլն դոլար, պետական կառավարման համակարգը չի գործում։ Այնպես որ եթե այս վիճակն ամիսներ շարունակվի, ուրեմն փաստի առաջ ենք կանգնելու»,- ասել է Միքայել Մելքումյանը։
Փաստինֆո