Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների հերթական խումբն այսօր այցելել է Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Ներքին Հանդ գյուղ, ինչը դարձյալ դժգոհության ու բողոքի ալիք է բարձրացրել Ադրբեջանում:
Տեղի ԶԼՄ-ները գրել են, թե հոկտեմբերի սկզբից ավելի հաճախակի են դարձել Եվրամիության դիտորդների այցերը Ադրբեջանի հետ սահմանային գյուղեր: Ըստ նրանց՝ դիտորդները սովորաբար երթևեկում են Եվրամիության մեքենաներով, սակայն այսօր սահման հասած երեք մեքենաներից մեկը ֆրանսիական դրոշով է եղել։
Նշվում է, որ գյուղ ժամանած մեքենաներում քաղաքացիական հագուստով 6 անձ է եղել։ Ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրություն են հայտնել, թե նրանք, իբր, «ֆրանսիական հետախուզական գերատեսչությունների աշխատակիցներ են եղել»։
«Թվում է, թե Ֆրանսիան արդեն սկսել է բացահայտորեն իր դրոշի ներքո տեղակայել իր հետախուզական ծառայությունների անդամներին ադրբեջանական սահմանին՝ առանց թաքնվելու ԵՄ դրոշի հետևում։ Սա Ֆրանսիայի հերթական քայլն է, որն աջակցում է Հայաստանում ռևանշիստական ուժերին և հրահրում է նոր պատերազմ՝ խաթարելու խաղաղության գործընթացը տարածաշրջանում»,-նշել են ադրբեջանական ԶԼՄ-ները: