Նիկոլ Փաշինյանը թող ինքն ասի, թե իր որ գործողություններն են բերել նրան, որ ՀԱՊԿ-ում մեր դիրքերը խափանվել են։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր շնորհավորական ուղերձում կրկին հիշատակել էր ՀԱՊԿ-ի մասին՝ նշելով, որ այդ կառույցը չի կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները։ Փաշինյանը նաև նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա վաճառել։
Ավետիք Չալաբյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը մեծ քանակությամբ ռազմական մատակարարումներ իրականացրեց դեպի Հայաստան, որոնք աստիճանաբար դադարեցին Փաշինյանի իշխանության գալուց հետո։
«Նիկոլ Փաշինյանը թող ինքն ասի, թե իր որ գործողություններն են բերել նրան, որ ՀԱՊԿ-ում մեր դիրքերը խափանվել են։ Օրինակ` թող հիշի՝ ինչպես է ինքը ձերբակալել և կալանավորել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին, արդյոք նա ինքը չի՞ միտումնավոր փչացրել մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, հիմա էլ մեղադրում է ՀԱՊԿ-ին։ Ես ՀԱՊԿ-ի փաստաբանը չեմ, բայց ամեն ինչ երկու երես ունի, և Փաշինյանը թող անկեղծորեն ասի՝ իր որ գործողություններն են բերել նրան, որ մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել ենք»,- ասաց Չալաբյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե իր որ քայլերի արդյունքում 2022 թվականին ռազմական գործողություններ սկսվեցին, եթե մինչ այդ սեղանին կար խաղաղության պայմանագիր, որի շուրջ կար գլոբալ խաղացողների կոնսենսուս, ինչը հնարավորություն էր տալիս Արցախյան հարցը տանել խաղաղ կարգավորման ճանապարհով։
Ավետիք Չալաբյանը շեշտեց՝ բանակը մեր մեծագույն հպարտությունն է, իսկ նրա մարտիկները՝ մեր հերոսները։




