Արևմուտքը չի թաքցնում, որ աշխատում է ԱՊՀ տարածքում, որպեսզի այդ երկրները բարեկամական հարաբերություններ չպահպանեն Ռուսաստանի հետ։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ Նյու Դելիում G-20–ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, որ զարգացող աշխարհում և հատկապես ԱՊՀ տարածքում հիմա մենք ոչ միայն ամերիկացիների, այլև եվրոպացիների, անգլիացիների ակտիվության աճ ենք տեսնում, հենց այդ գիծն է։ Նրանք չեն էլ թաքցնում, որ աշխատում են այնտեղ, որպեսզի այդ երկրները լավ հարաբերություններ չպահպանեն Ռուսաստանի Դաշնության հետ»,– ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան գիտի արևմտյան երկրների փաստարկները, այն է`«կանգնեք հաղթողի կողքին, Ռուսաստանը կփլուզվի, այդ պատճառով նախապես կողմնորորոշվեք»։
«Մենք գիտենք, որ մեր հարևանները, գործընկերները, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության գծով դաշնակիցները իրենց բոլոր շփումներում հաստատում են իրենց հավատարմությունն այն պարտավորություններին, որոնք կնքել են այդ ինտեգրացիոն կառույցների շրջանակում»,– ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովի խոսքով` Մոսկվան կողմնակից է, որպեսզի յուրաքանչյուր երկիր ինքը որոշի սեփական առաջնահերթությունները։