«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի կազմում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, բայց դրանք ոչ թե արվում են, որպեսզի պատերազմից հետո մեր բանակի մեջքը ուղղվի, սահմանները ամրանան, ու կարողանանք ադրբեջանական սադրանքներին դիմակայել, այլ անձնական խնդիր է դրել Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականներին ազատել բանակից եւ շարունակել Զինված ուժերի ջլատման ու կազմաքանդման կիսատ մնացած գործը։
Եվ որպեսզի ամեն ինչ հնարավորինս հարթ ընթանա, ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին ԳՇ պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին քննարկում է բանակային կորպուսները խոշորացնել, ստեղծել մեծ հրամանատարական կետ, որը կբերի նոր կրճատումների: Այսպիսով, ԳՇ պետի պաշտոնից խայտառակ կերպով հեռացված, ապա իրավական սկանդալներով ԳՇ պետի աշխատասենյակ վերադարձած Արտակ Դավթյանը մեկիկ-մեկիկ պատժում է այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին եւ պահանջել էին նրա հրաժարականը:
Հիշեցնենք, որ Գասպարյանի հետ այդ փաստաթղթի տակ ստորագրել էին թվով 40 զինվորականներ։ Իհարկե, հիմնական թիրախներից մեկը ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է՝ Գրիգորի Խաչատուրովը, որը ինչպես արցախյան 44-օրյա պատերազմում, այնպես էլ տավուշի հուլիսյան դեպքերի ժամանակ ակտիվությամբ ու պրոֆեսիոնալիզմով աչքի ընկավ։
Այսպիսով, պրոֆեսիոնալ զինվորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։ Հիշեցնենք, որ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռեւս 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։
Մովսես Հակոբյանը նշել է, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 07․04.21թ. համարում։