Ի զարմանաս լրագրողական համքարության՝ Առողջապահության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, վերջին շրջանում սկսել է բավական համբերատար ու սիրալիր կերպով արձագանքել լրագրողների հարցերին։
Թորոսյանը, որ թե՛ նախարար եղած ժամանակ, թե՛ պատգամավորական մանդատ ստանալուց հետո առաձնապես չի փայլել ու փայլում լրատվամիջոցների հետ շփումների ժամանակ, այժմ սկսել է մեկիկ-մեկիկ արձագանքել լրագրողների՝ անգամ սոցիալական ցանցերում իրեն ուղղված մեկնաբանություններին։
Բանն այն է, որ Թորոսյանը, ենթադրվում է, կարող է անցնել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից «Քովիդի» համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթով (թեև առ այս պահը նրա անունը որևէ տեղ չի հիշատակվել), հետևաբար, այժմ չի զլանում պատասխանել իրեն ու իր կառավարման ժամանակշրջանի հետ առնչվող հարցերին՝ քաջ գիտակցելով, որ չորրորդ իշխանությունը, մամուլը, իսկապես մեծ լծակներ ունեն։
Նախկինում, սակայն, երբ «մեխն էլ, նալն էլ» իր ձեռքին էին, եթե անգամ բարեհաճում էր շփվել լրագրողական համայնքի հետ ու մեկ-երկու հարցի պատասխանում, ապա դա ակնհայտ արհամարհանքով էր անում։
Այժմ, սակայն, երբ հավանական իրավական գործընթացները նաև իր դռանը կարող են չոքել, պարոն երեսփոխանը վերանայել է լրագրողների նկատմամբ նախկինում ունեցած վերաբերմունքը։
Սևակ Վարդումյան