Սահմանազատման հետ կապված՝ այդ թվում՝ անկլավային հարցերով, որևէ նորություն չկա, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Ակնհայտ է, որ դա պետք է տեղի ունենա սահմանազատման հանձնաժողովում։ Չի կարող սահմանազատվել սահմանից անգամ մեկ սանտիմետր՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։
Արծվաշենի մասին է խոսել վարչապետը։ Մենք Արծվաշենի իրավական հիմքերի վերաբերյալ որևէ կասկած չունենք։ Արծվաշենը մեր տարածքն է, և ես պարտավորված եմ խոսել մեր տարածքի վերադարձի մասին։ Եվ ոչ միայն Արծվաշենի. Ջերմուկի, Սյունիքում և Տավուշում տարածքների»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ այսպես կոչված անկլավների՝ Ադրբեջանին վերադարձի պարագայում Հայաստանը ճանապարհների և ենթակառուցվածքների հետ կապված լրջագույն խնդիրներ է ունենալու, Ռուբինյանը պատասխանեց՝ այդ հարցերը ենթակա են քննարկման համապատասխան հանձնաժողովում։
«Տեսականորեն, եթե սահմանային որևէ հատվածի փոխանակման որոշում լինի, դա հնարավոր է անել միայն հանրաքվեով»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։





