Բերման է ենթարկվել «Համախմբում» շարժման ներկայացուցիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Քաղաքացիական հագուստներով ոստիկանները նրա բնակարանում խուզարկություն են կատարարել, որի ընթացքում էլ Չալաբյանի նկատմամբ բռնի ուժ գործադրելով՝ նրան բերման են ենթարկել։
Ավետիք Չալաբյանը ոստիկաններին ասել է, որ իր փաստաբանի հետ կամովի կներկայանա ոստիկանություն, սական իրավապահները չեն լսել եւ նրան տարել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ավետիք Չալաբյանն իր նկատմամբ կատարված գործողությունն անվանել է առեւանգում։
Ավելի ուշ նրա փաստաբան Արթուր Հարությունյանը տեղեկություն է հաղորդել, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 163–րդ հոդվածի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):