Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ Տոնական Կարապետյանն այսօր զանգահարել է 168.am-ի խմբագրություն և իր վրդովմունքն արտահայտել օրվա իշխանությունների անգործության վերաբերյալ։
Նրա խոսքով՝ դեռ 2 ամիս առաջ էր նկատել, որ ծիրանի բերքը հաջող չէ, անձրևների պատճառով սնկային հիվանդություն է առաջացել, դիմել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիտորինգի Արմավիրի մարզի բաժին, որտեղից պատասխանել են՝ կգանք, կնայենք։ Անցել է 2 ամիս, ծիրանը հասել է, մթերողները պատճառաբանելով բերքի որակը՝ չեն գնում այն, գնելուց էլ շատ էժան գին են առաջարկում։
Տոնական Կարապետյանն ասաց, որ 2 օր առաջ զանգահարել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիտորինգի Արմավիրի մարզի բաժին և վիրավորել նրանց, որ այդքան ժամանակ խնդրել է գալ և խորհրդատվություն տրամադրել, որ բերքը չփչանա, բայց որևէ մեկը չի գնացել խնդրի հետքերով։
Փոխարենը պաշտոնատար անձն այսօր է ժամանել Քարակերտ՝ համոզվելու՝ գյուղացին ճի՞շտ է ասել, որ բերքը անորակ է, թե՞ ստել է․«Եկավ էդ մարդը, ասացի, որ զանգում էի, խնդրում էի՝ արի՛, մի խորհուրդ տուր, ասում էիր՝ ես մենակ եմ, չեմ կարա։ Ասացի՝ հիմա ինչի՞ ես եկել, ապրանքս փչացե՛լ է, ինչի՞ ես եկել, ասում է՝ ցավդ տանեմ, ի՞նչ անեմ, ես էլ եմ ուզում, որ իմ երկիրը լավ լինի, ձեզ բոլորիդ պիտանի լինեմ, բայց չեմ կարողանում, չեմ հասցնում, ես մենակ պետք է տրաքվե՞մ․․․Արմավիրը խոշոր գյուղատնտեսական մարզ է, բայց ամբողջ մարզում էդ մի մասնագետն է։ Ասացի՝ հե՛լ, ռադդ քաշի, ինչի՞ ես եկել։ Որ մի 2 օր առաջ քֆրտեցի, եկել էր՝ ստուգեր՝ ես ճի՞շտ էի ասում, թե՞ սխալ։ Տեսավ, որ իրոք փչացել է, սկսեց նվնվալ, ասացի՝ մի՛ նվնվա, էն վախտ ասում էի, թող էն վախտ գայիր։Ես սեփականատեր եմ, ինձ էդ կառույցը պետք էր, որ խորհուրդ տար։ Էդ ընթացքում զանգում, ասում էի՝ արեք, ասում էր՝ ես մենակ եմ, չեմ կարա։ 2 ամիս առաջ զանգել եմ, էսօր եկել ա։ Ամեն ինչը վարի ա գնացել, ինչի՞ է եկել․․․Էկոնոմիկայի նախարարություն չկա՛, առհասարակ նախարարություններ չկա՛ն, 0 են, բոլորը հայ ժողովրդի թշնամին են։ Էս իշխանությունը թքած ունի գյուղացու վրա, մի հատ ձեռնարկություն կար, որ գյուղացուն օգուտ էր տալիս, էդ էլ փակեցին, այսինքն՝ գյուղացուն ասեցին՝ ձեր մերը․․․»։Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ ապրիլին, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կրճատել էր նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների 69 հաստիք։Աշխատակիցները բողոքի ակցիաներ իրականացրեցին Կառավարության, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ։ Նրանք պնդում էին, որ ոլորտի մասնագետներին կրճատելով՝ գյուղատնտեսությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։«Սա մեծ հարված է ոլորտին, գյուղացին կմնա մենակ»,- դեռ 1 տարի առաջ ասում էին ակցիա անող աշխատակիցները։Նշենք, որ Կառավարության նիստի ավարտից հետո ակցիա իրականացնող աշխատակիցներին մոտեցել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և առաջարկել՝ իրենց մարզերում այլ աշխատանք գտնել՝ պնդելով, որ հաստիքների կրճատումը որևէ մեկի դեմ ուղղված չէ.«Էդ 69 ընտանիքի աշխատավարձը տալիս է 600.000 աշխատող, էդ մարդիկ, որ մեզ հարկեր են վճարում, իրենք ուզում են, որ էս կառավարությունն արդյունավետ աշխատի, որ փողը ծախսվի ճիշտ ուղղությամբ: Այս վերջերս գնացել էի մի հատ մի տեղ, որտեղ բերել էին, մի հատ հաստոց էին դրել, որը 20 մարդու աշխատանք էր անում, ու էդ 20 մարդուն ասեցին՝ գնացեք տուն, հիմա ի՞նչ անենք, պետք է նախնադարյան մեթոդներով աշխատենք: Այսինքն՝ արտադրողականության բարձրացմանն ուղղված ցանկացած գործողություն նշանակելու է էսօրվա աշխատատեղի կրճատում, էդ էսօրվա աշխատատեղի փոխարեն՝ ստեղծվելու են նոր աշխատատեղեր: Գեղարքունիքի՞ց եք, լիքը աշխատատեղ կա: Հենց հիմա մեր «Սևանի իշխան»-ում կա աշխատատեղ: Մարալիկում ընկերս ասում է՝ ինչքան մարդ լինի՝ կընդունեմ աշխատանքի տեքստիլում»,- ասել էր Քերոբյանը: