Վարչապետի աշխատակազմի մշակած նախագծով՝ առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի՝ վարչապետին ենթակա առանձին մարմին:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու համապատասխան նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ներկայում գործող օրեսնդրությամբ՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այդուհանդերձ, ըստ վարչապետի աշխատակազմի, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև ԱԱԾ աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն պայմանավորված չէ ԱԱԾ մասնակցությամբ և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում:
Բացի այդ, ինչպես ասվում է հրապարակված նախագծում, կարևորելով զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:
Նշենք, որ առաջարկվող փոփոխությունները դեռևս օրենքի նախագծի կարգավիճակում են։ Այն դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։
Հետք