ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում կարող են թուլանալ, եթե Վաշինգտոնը հրաժարվի Կիևին աջակցելու հայտարարություններից։
Սպիտակ տան ներկայացուցիչը կիսվել է իր կարծիքով Նյու Յորքի 92Y մշակութային կենտրոնում ունեցած ելույթում, գրում է kommersant.ru-ն։
«Կարծում եմ, որ ներկայիս և հաջորդ վարչակազմը պետք է պատրաստակամություն դրսևորի օգնելու Ուկրաինային և ապահովելու նրան պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ։ Սա լծակ կլինի բանակցային սեղանի շուրջ լավ արդյունքի հասնելու համար… Եթե մենք պարզապես առաջ գնանք և ասենք, որ մենք պատրաստվում ենք գործարք կնքել առանց դրա, ապա Ուկրաինան լավագույն դիրքերում չի լինի բանակցություններում»,- ասել է Սալիվանը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ընդգծել էր, որ հնարավոր բանակցությունների հարցը, ինչպես նաև դրանց ժամկետները պետք է որոշվեն Կիևում՝ առանց արտաքին ճնշման։