2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի ու Արցախի դեմ սկսվել էր սարսափելի, և ինչպես հետագան ցույց տվեց, աղետալի պատերազմ. պատերազմի առաջին իսկ օրերից սահմանից ստացվում էին ցավալի տեղեկություններ՝ զոհերի, կորուստների վերաբերյալ։
Սակայն հոկտեմբերի 2-ի երեկոյան նմանատիպ օրերից ամենացավոտն էր. հայ ազգը սկսել էր զրկվել ոչ միայն իր հայրենիքի մի մասից, այլև զրկվեց իր «մերօրյա Խորենացուց», զրկվեց մի մարդուց, ով իր կեսդարյա կյանքի ընթացքում հայ պատմագիտության մեջ թողել է այնպիսի հետք, որի մասին կխոսվի դարեր-հազարամյակներ։ 50 տարեկան հասակում կյանքից հեռացել էր հայ մեծանուն պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։
Հրաշալի ընկեր, հայր, ուսուցիչ ու ֆենոմենալ հայ Արտակ Մովսիսյանը դարձավ մերօրյա պատմագիտության խորհրդանիշը։ Նրա հեղինակած աշխատությունները, գրքերը, ֆիլմերը չէին ստեղծվել պարզապես ժամանակի հրամայականով. նրա բոլոր աշխատությունները ծառայելու են սերունդներին, կրթելու են հայ երիտասարդին, դարձնելու են իսկական հայ, այնպիսի հայ, որպիսին ընկեր Մովսիսյանն էր։
Երբ երկրում իշխանության եկան ապազգային ուժեր և սկսեցին փոփոխություններ կատարել հայագիտական առարկաների չափորոշիչներ փոխելու հարցում (ապազգային մոտեցումներ ներդնելով այնտեղ), Արտակ Մովսիսյանն առաջիններից ու ամենահամառ ըննդիմախոսներից էր ապազգային այդ քաղաքականության։
Մեծանուն պատմաբանի գիտական ժառանգության զգալի մաս վերաբերում է հայկական վաղ պետական կազմավորումներին՝ սկսած Արատտայից, Հայասսայից՝ մանրակրկիտ ուսումնասիրով այդ դարերը՝ այնպես, ինչպես չէին ուսումնասիրել ոչ մի դարում։
Արտակ Մովսիսյանն իր կյանքի ընթացքում հասցրել է թողարկել 8 պատմական ֆիլմ, զբաղվել է Ադրբեջանի պատմակեղծարարությունները ջրի երես հանելով՝ հեղինակելով «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» եռալեզու ֆիլմը։
Բազմաթիվ սերունդներ կրթած մեծանուն պատմաբանն իր ֆենոմենալ մարդկային, մանկավարժական, գիտնականի տաղանդի շնորհիվ իր ուսանողներին «ներարկել» է հայ լինելու արժեքը հասկանալու կարողությունը։
Նույնիսկ իր վաղաժամ մահից հետո էլ, թողարկվում են Արտակ Մովսիսյանի անտիպ աշխատությունները։ Այսպես՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, լույս տեսավ Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» գրքի շնորհանդեսը: Մենագրությունը նվիրված է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման և զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերի, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։
«Հայրենի հողը չի կարելի զիջել ոչ մի գնով», – ասում էր պատմաբանը։ Արտակ Մովսիսյանը չտեսավ իր հայրենիքի մի մասի ցավալի կորուստը, և պատերազմից հետո տեղի ունեցած և ունեցող զարգացումներում անփոխարինելի կլիներ մեծ պատմաբանի դերը՝ ինչպես իր ծանրակշիռ կարծիքի, այնպես էլ ներկա և ապագա սերունդներին ազգային գաղափարներ սերմանելու հարցում։
Ցավոք Արտակ Մովսիսյանը ապրեց քիչ, սակայն իր ապրած տարիները բավական են ցանկացած հայի գիտակցելու, վերաձևելու և վերակերտելու իրենց ազգային պատկանելությունն ու ազգային գիտակցությունը։
Հայոց պատմության ամեն ժամանակաշրջան ուներ իր պատմագիրը, պատմաբանը. մենք հպարտ և ուրախ ենք, որ ունեցել ենք Արտակ Մովսիսյան, որ ապրել ենք նույն ժամանակաշրջանում, նույն հայրենիքում, ինչպես Արտակ Մովսիսյանը։