Կարիկ Պասմաճյանի մահը նույնքան տարօրինակ եւ առեղծվածային էր, որքան նրա ապրած կյանքը:
Նա ծնունդով եւս աշխարհի ամենազարմանալի եւ կողմնակի անձանց համար ամենափակ վայրերից մեկից էրՙ Երուսաղեմի հայկական թաղամասից:1 Հին քաղաքի այս մասն ամբողջովին բաղկացած է բարձր պարիսպներից եւ փակ դարպասներից, որոնց հետեւում թաքնված են այգիներ, մենաստաններ, քարայրներ, մատուռներ, գրադարաններ եւ հնագույն եկեղեցիներ: Մինչեւ 19 տարեկանը Գարիգը, Կարիկը, Գարաբեդը կամ Գարրին (տարբեր երկրներում տարբեր մարդիկ նրան տարբեր անուններով էին դիմում) ապրում էր Իսրայելում, հետո անսպասելի արարք կատարեցՙ մեկնելով իր նախնիների հայրենիքըՙ Հայաստան: Այնտեղ նա ավարտեց Երեւանի պետական համալսարանը, ստացավ բանասիրության մագիստրոսի աստիճան, որից հետո չվերադարձավ տուն, ինչպես անում էր օտարերկրյա ուսանողների մեծամասնությունը, այլ մնաց Խորհրդային Միությունում:2
Նա իր ապրուստը վաստակում էր գրական աշխատանքով: Հայերեն եւ ռուսերեն էր թարգմանում եվրոպական բանաստեղծներին, հայ բանաստեղծներին3 թարգմանում էր անգլերեն, գրում էր սեփական բանաստեղծությունները: Ոչ բարձրահասակ, կիրթ տղա էրՙ ակնոցով, շատ մարդամոտ, քաղաքավարի, տիրապետում էր մի շարք լեզուների: Նրան մշտապես կարելի էր տեսնել ոչ միայն Երեւանում, այլեւ Մոսկվայի ձեղնահարկերում, որտեղ հավաքվում էին ոչ կոնֆորմիստ նկարիչները: Ընկերներին եւ ծանոթներին (որոնցից Պասմաճյանը շատ ուներ) ապշեցնում էր, թե որքան հեշտ էր վերջինս հարմարվում Խորհրդային համակարգին, որտեղ ամեն քայլափոխի սահմանափակումներ եւ արգելքներ են: Երկաթե վարագույրն իր դեպքում մի տեսակ ժանյակավոր դուրս եկավ, նա մշտապես ճամփորդում էր Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Դեռեւս սկսնակ բանաստեղծ լինելովՙ նա թողարկում է իր բանաստեղծությունների ժողովածուն, թեեւ գրականության բյուրոկրատական համակարգում նման պատվի համար պետք էր սպասել երկար տարիներՙ ապացուցելով հավատարմությունդ ու վստահելիությունդ:4
1972 թվականին Երեւանում Կարիկը ծանոթանում է Վարվառա անունով մի հայուհու հետ, որը Ֆրանսիայի քաղաքացի էր:5 Երիտասարդներն ամուսնանում եւ շուտով տեղափոխվում են Փարիզ: Առաջին մի քանի տարիներին Գարիգը շարունակում էր ապրել գրական գործունեությունից վաստակած գումարներով, բավական աղքատ էր, բնակվում էր քաղաքի արվարձաններից մեկում, որը նայում էր շների գերեզմանոցին: Վեց տարի հետո հանկարծ Մոնպառնասում նա բացեց սեփական պատկերասրահըՙ Galerie Basmadjian-ը: Սա եւս մեկ անբացատրելի երեւույթ է նրա կենսագրության մեջ: Ընկերներն իրենց հիշողություններում պատմում են, որ նա դա արեց, որովհետեւ շատ էր սիրում արվեստը: Ահա այսպես: Սիրում էր արվեստը ու այդ էր պատճառը, որ Փարիզի կենտրոնումՙ Ռասպայ բուլվարի թիվ 90 հասցեում պատկերասրահի սեփականատեր դարձավ:
Մտահղացումը հաջողության արժանացավ: Պասմաճյանը Փարիզին եւ ողջ աշխարհին ապացուցեց, որ 20-րդ դարի ռուս գեղանկարչությունը միայն Մալեվիչը, Շագալը եւ Կանդինսկին չեն: Կան նաեւ այլ հետաքրքիր նկարիչներ, եւ նրանց կտավները կարելի է գնել: Նա կազմակերպում է ցուցահանդեսները Վլադիմիր Վեյսբերգի, Միխայիլ Ռոմադինի, Օլեգ Ցելկովի, Դմիտրի Կրասնապեվցեւի, նրանց, որոնք Խորհրդային Միությունից արտագաղթել էին եւ նրանց որոնք այնտեղ էին մնացել:
Պասմաճյանը խորհրդային իշխանություններին համաձայնության նման մի բան առաջարկեց: Նա ազատ մեկնում է Մոսկվա, շփվում նկարիչների հետ եւ ձեռք բերում նրանց աշխատանքները: Փոխարենը իր պատկերասրահում ցուցադրում է ոչ միայն նոնկոնֆորմիստներին, այլեւ սոցռեալիստ դասականներինՙ ինչպես օրինակ Նալբանդյանին: Այդպես իր Galerie Basmadjian-ը դարձավ եզակի վայր, որտեղ հանդիպում էին երկու Ռուսաստանները, որտեղ գալիս էին Էռնստ Նեիզվեստնին, Միխայիլ Շեմյակինը, ինչպես նաեւ Խորհրդային Միության Գեղարվեստի ակադեմիայի նախագահ Բորիս Ուգարովըՙ «Դեպի կոլտնտեսություն» կտավի հեղինակը: Եթե նման մասշտաբի պետական այրը այցելում էր պատկերասրահ, ուրեմն, անկասկած, ինչ-որ մեկը նրան թույլտվություն էր տվել: Դեռ ավելինՙ երաշխավորել էր: Այնտեղ հաճախ էր լինում նաեւ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանի խորհրդական Յուրի Վասիլեւիչ Բորիսովը (1983 թվականին նրան վտարելու էին Ֆրանսիայից լրտեսության եւ աֆրիկյան երկրներ զենքի ապօրինի մատակարարումներ կազմակերպելու մեղադրանքով):
Միխաիլ Ռոմադինն իր հիշողությունների գրքում պատմում է, թե ինչպես է ինքը իր ուրվանկարներից մեկը նվիրել մի գեղեցիկ ֆրանսուհու: Կարիկը սարսափելի զայրացել էր եւ մի ամբողջ դասախոսություն էր կարդացել նրա գլխին «Եթե ցանկանում ես ինչ-որ մեկին նվեր անելՙ նվիրի՛ր ծաղիկներ, կարելի է գիրք կամ մի շիշ օղի: Եթե հարուստ եսՙ նվիրի՛ր ավտոմեքենա: Սակայն երբեք ոչ ոքի մի՛ նվիրիր քո աշխատանքները: Դու դրանք պետք է վաճառես, դա քո մասնագիտությունն է»: Դա նրան չէր խանգարում զբաղվել բարեգործությամբ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո նա Շառլ Ազնավուրի հետ միասին երկու աճուրդ անցկացրեց Փարիզում եւ ստացված միջոցներն ուղարկեց տուժածներին որպես օգնություն:
Պոմպիդու կենտրոնը գնում էր նկարներ Պասմաճյանի հավաքածուից: Ուղեցույցներում նրա պատկերասրահը հիշատակվում էր որպես «Ռուսաստանի կղզյակ Փարիզի կենտրոնում»: Ֆրանսիացի լրագրողները հիացմունքով եւ անվստահությամբ էին գրում Ռասպայ 90 հասցեում անցկացվող վերնիսաժների մասին, որտեղ այնքան հյուր էր հավաքվում, որ մեկ երեկոյի ընթացքում նրանց հաջողվում էր դատարկել 40 շիշ օղի: Էդուարդ Լիմոնովն իր «Լրտեսը, որը մեկնեց դեպի սառնամանիքն ու այնտեղ կորավ» ակնարկում Պասմաճյանի մասին գրում է «Առաջին անգամ ես նրա մոտ հայտնվեցի օպերետի երգչուհի իմ կնոջՙ Ելենայի հետ: 1980 թվականին մենք նորից սիրային հարաբերությունների մեջ էինք: Այդ հարաբերությունների խորության համար մեզ թմրադեղեր էին անհրաժեշտ: Մենք ոչ մի լուրջ բան չէինք փնտրում, ցանկանում էինք հաշիշ գնել: Պասմաճյանին մեզ խորհուրդ էր տվել նկարիչ Յուրի Կուպերըՙ նախկինում Կուպերմանը: Նա չվաճառեց, այլ նվիրեց բավականին խոշոր չափի հաշիշ: Երբ մենք նրա տնից ուղեւորվում էինք ինձ մոտՙ Դե զ՛Արշիվ փողոց, համոզված էինք, որ Կարիկը հիանալի տիպ է բարի ընկեր, բանաստեղծների եւ գեղեցիկ կանանց մեկենաս»: Սակայն, հանուն ճշմարտության պետք է ավելացնել, որ Պասմաճյանի մասին Լիմոնովի հիշողությունները պարունակում են անհավատալի քանակությամբ փաստական սխալներ:
Այդ ամբողջ տոնըՙ վերնիսաժներ, նկարիչներ, ֆոտոմոդելներ, արվեստագետներ, ֆրանսիական շամպայն, ռուսական օղի, Լիմոնով, հաշիշ, լրտեսներ, բանաստեղծներ, դիվանագետներ, տեւեց տասը տարի: Հետո սկսվեցին նոր ժամանակներ, սակայն դրանք խոստանում էին է՛լ ավելի հետաքրքրական լինել: Խորհրդային Միությունում սկսվեցին բարեփոխումները: Իրենց հայրենիքում բուրժուական ֆորմալիստներ եւ դավաճաններ համարվող նկարիչներն այժմ գնահատվում էին որպես իրական դասականներ, նրանց նկատմամբ հետաքրքրությունը հսկայական էր: Պասմաճյանը կարող էր ակնկալել, որ հիմա նրա կյանքում սկսվելու է է՛լ ավելի վառ ու փայլուն շրջան: 1988 թվականին նա որպես լիիրավ գործընկեր պայմանագիր է կնքում ԽՍՀՄ մշակույթի նախարարության հետ: Բանն այն էր, որ Խորհրդային Միությունում բացվել էր «Կ Պասմաճյանի հավաքածուիՙ XVI-XX դարերի գեղարվեստական ստեղծագործությունների ցուցահանդեսը»: Այնտեղ ներկայացվել էին նրա հավաքածուի բոլոր գլուխգործողներըՙ Բորովիկովսկու, Սուրիկովի, Կրոմսկոյի, Կորովինի, Պետրով-Վոդկինի, ինչպես նաեւ Էրիկ Բուլատովի, Իլյա Կաբակովի եւ Էռնստ Նեիզվեստնու աշխատանքները: Դրա համար ընտրվել էին հնարավոր տաղավարներից ամենալավերըՙ Էրմիտաժըՙ Լենինգրադում եւ Տրետյակովյան պատկերասրահըՙ Մոսկվայում: Ցուցահանդեսը հսկայական հաջողություն ունեցավ: Պասմաճյանը մշտապես երթեւեկում էր Ֆրանսիայի եւ Խորհրդային Միության միջեւ:
Եվ ահա 1989 թվականի հուլիսի 20-ին նա հերթական անգամ հեռանում է Փարիզից: Չորս ժամ անց է կացնում Լենինգրադում, այնուհետեւ ժամանում է Մոսկվա: 1989 թվականի հուլիսի 24-ին նա տեղավորվում է «Ռոսիա» հյուրանոցումՙ «մի նեղ ու մութ համարում», ինչպես հետո այն նկարագրում էին արեւմտյան լրագրողները: Սենյակը լյուքս կատեգորիայի էր, սակայն բանն այն է, որ ամբողջ հյուրանոցը ներկայացնում էր խառնաշփոթության եւ անկման մի տխուր տեսարան: Թեեւ այն միշտ էլ այդպիսին էր եղել: Այնտեղ անընդհատ ինչ-որ տեղից կաթում էր, ինչ-որ բան թափվում էր, ընկնում էր առաստաղից, անսահմանորեն երկար միջանցքներում ուռչում էր մանրատախտակը, բուֆետում մայոնեզոտ ձվերի վրայով մագլցում էին ուտիճները: Սակայն խորհրդային կենցաղի այս անհարմարությունները դժվար թե անհանգստացնեին 703 համարի կենվորին: Նա շատ զբաղված էր: Նա պետք է պայմանավորվեր ցուցահանդեսում ներկայացված նկարները կրկին Փարիզ վերադարձնելու մասին: Նա բանակցություններ էր վարում Մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ, խնդրում էր նրանց ի նշան բարեկամության եւ հետագա համագործակցության որպես նվեր ընդունել իր հավաքածուից մի քանի գլուխգործոցներ: Սպասվում էին նաեւ այլ խոստումնալից հանդիպումներ եւ գործարքներ, որոնց մասին դեռեւս վաղ էր խոսելը:
Հուլիսի 29-ին առավոտյան մոտ ժամը տասին Կարիկ Պասմաճյանի սենյակ եկան նրա ընկերներից երկուսըՙ Երեւանից 42-ամյա ճարտարապետ Հայկազ Քոչարը եւ նրա կինըՙ Լալա Մարտիրոսյանը: Հայկազի հայրըՙ քանդակագործ Երվանդ Քոչարը, Կարիկի հին ընկերներից էր դեռ Երեւանից, եւ հենց այդ օրերին Galerie Basmadjian-ում անց էր կացվում նրա աշխատանքների ցուցահանդեսը: Մոտավորապես մեկ ժամ հետո հնչեց հեռախոսի զանգը: Կարիկը վերցրեց լսափողը եւ պատասխանեց «Տաս րոպեից իջնում եմ»: Վերցրեց անձնագիրը, ընկերներին ասաց, որ գործնական հանդիպման է գնում, որը մի քանի ժամ կտեւի: Բոլորը միասին իջան հյուրանոցի սպասասրահ: Այնտեղ Պասմաճյանին էր սպասում մոտ երեսուն տարեկան մի տղամարդ: Հրաժեշտ տալով ընկերներինՙ հավաքորդը նստեց նրա մեքենան: Հետագայում գրեցին, որ դա առեղծվածային սեւ «Վոլգա» էրՙ գուներանգված ապակիներով: Սակայն քրեական գործում հիշատակվում է սովորական բեժագույն «Ժիգուլի»ՙ չորրորդ կամ ութերորդ մոդելի: Կարիկը նստեց առջեւումՙ վարորդի կողքին: Մեքենան շարժվեց: Կարիկ Պասմաճյանին դրանից հետո այլեւս ոչ ոք չտեսավ:
Նա չվերադարձավ ո՛չ երկու ժամից, ո՛չ էլ երկու օրից: Անցել է գրեթե 32 տարի, սակայն դեռեւս չկան արժանահավատ տեղեկություններ այն մասին, թե ինչ է պատահել նրան: Նա անհետացավ բառացիորեն, ինչպես ծովի հատակը ընկած քարը:
Երկու օրիցՙ հուլիսի 31-ին, ավարտվում էր նրա արտոնագրի ժամկետը: Օգոստոսի 1-ին հանկարծ «Ռոսիա» հյուրանոց զանգահարեց մի տղամարդ, ներկայացավ որպես Մշակույթի նախարարության աշխատակից եւ հարցրեց, թե արդյոք Պասմաճյանի իրերը դեռ գտնվում են նրա համարում: Դրական պատասխան ստանալովՙ ասաց, որ պարոն Պասմաճյանը պատրաստվում է այդ համարը ամրագրել եւս մեկ շաբաթ: Դա որոշակի հույս արթնացրեց, որ կարող էՙ Պասմաճյանը ողջ է եւ պահվում է որպես պատանդ: Բայց այլեւս ոչ ոք չզանգահարեց, կապի դուրս չեկավ եւ փրկագին չպահանջեց:
Մոսկվայում բնակվող արտերկրացիների համար տեղի ունեցածը սարսափելի ցնցում էր: Նրանք սովոր էին, որ ԽՍՀՄ-ում իրենց կարող են սպասել տարատեսակ անախորժություններ. մշտական ուշադրություն հատուկ ծառայությունների կողմից, շանտաժ, արտաքսում: Սակայն ամեն դեպքում մայրաքաղաքի կենտրոնից դեռեւս մարդիկ չէին անհետացել: «Իսկական թրիլեր, Մոսկվայի արտերկրյա համայնքը «գվվում է» զարմանքից, հետաքրքրասիրությունից, վախից»,- հայտնում էր «Լոս Անջելես թայմս» թերթը: Կորած հավաքորդի կինըՙ Վարվառա Պասմաճյանը եւ քույրըՙ Վարդուհին, ժամանում են Մոսկվա եւ հանդիպում են քննիչների, Մշակույթի նախարարության ներկայացուցիչների եւ Ֆրանսիայի հյուպատոսի հետ: Հաջորդ տարի Վարդուհին հինգ անգամ եղել է Խորհրդային Միությունում: Փորձում էր կանգ առնել հյուրանոցի այն նույն համարում, որտեղից դուրս էր եկել եւ ընդմիշտ կորել էր իր եղբայրը: Նրան թվում էր, թե կարող է որեւէ բան զգալ, գտնել որեւէ վկայություն, որեւէ նշան: Սակայն նա ոչինչ չգտավ:
Այդ գործով քննչական խումբը ղեկավարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Վասիլի Տրուշինը (որն ավելի վաղ ղեկավարում էր Չեռնոբիլի վթարի եւ Հայաստանի երկրաշարժի հետեւանքների վերացման հարցերով շտաբը): Նրա հետ աշխատում էր ԽՍՀՄ ՆԳՆ 25 լավագույն աշխատակիցներից բաղկացած թիմը: Պասմաճյանի մասին ասում էին, որ նա զգուշավոր էր եւ կարող էր նստել միայն այնպիսի մեկի մեքենան, ում լավ էր ճանաչում: Կազմվել էր այդ վարորդի ֆոտոռոբոտըՙ մոտ 30 տարեկան, հասակըՙ 170-175 սանտիմետր, եվրոպական տիպի դեմքով, խարտյաշ, փոքր-ինչ գանգուր մազերով, հագին բաց գույնի վերնաշապիկ եւ տաբատ: Սակայն այդ նկարագրությանը համապատասխանող կասկածյալը չգտնվեց: Հետագայում արեւմտյան մամուլի տրամադրության տակ էր հայտնվել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության նախարարության 1993 թվականի դեկտեմբերի 1-ի տեղեկանքը, համաձայն որի Պասմաճյանի գործի առնչությամբ ստուգման էին ենթարկվել 4127 ավտոմեքենա, 134 բժշկական հաստատություն, զննվել էին հազարավոր նկուղներ եւ ձեղնահարկեր: Քրեական գործը մոտ 39 հատորանոց էր: Հարցաքննության էին տանում բոլորին, ովքեր կապ ունեին արվեստի հետ եւ շփվում էին օտարերկրացիների հետ: Լրագրող Նատալիա Մետլինան իր «Ամեն ինչ իմ մաֆիայի մասին» գրքում հիշում է, որ տուն վերադառնալիս պայուսակում կրում էր նոր գնված կենդանի ձուկ, որով ցանկանում էր հյուրասիրել իրենց մոտ հյուր եկած փարիզյան հնավաճառ Վալյա Մատինին, եւ հանկարծ իր բնակարանում հայտնաբերում է կողմնակի տղամարդու: «Ես միայն հիշում եմ, որ ձկներով փաթեթն ընկավ մանրահատակին եւ դեռեւս կենդանության նշաններ ցույց տվող ծածանները սողացին խոհանոց… Պարզվեց, որ մեր բացակայության ընթացքում բնակարանում խուզարկություն էր տեղի ունեցել եւ Վալյա Մատինին ձերբակալել ու տարել էին Պետրովկա: Անմիջապես իմ հետեւից եկավ ամուսինս: Մայորն ինձ մի հարց տվեց արդյոք ծանո՞թ ենք Կարիկ Պասմաճյանին»
Նույն տարվա սեպտեմբերի կեսին Փարիզում գտնվող Վարվառա եւ Վարդուհի Պասմաճյաններին այցելեցին երկու մարդՙ հայտարարելով, որ աշխատում են Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունում: Նրանք մանրամասն հարցաքննեցին երկու կանանց, նրանցից մեկը տվեց իր այցեքարտըՙ հեռախոսահամարով: Այդ համարով հետո զանգահարեցին, բայց հեռախոսը չէր պատասխանում: Այդպես էլ չպարզվեց, թե ովքեր էին այդ երկուսը:
«Ես հանդիպումներ եմ ունեցել մասնավոր խուզարկուների, ԿՀՎ-ի, ՊԱԿ-ի, ֆրանսիական ոստիկանության, դեսպանների, նկարիչների, հավաքորդների, նախկին բանտարկյալների, գրողների, փորձագետների, ընդերքի ջրեր հայտնաբերողների, պայծառատեսների, հոգեւորականների հետ, եւ չնայած դրանՙ ինձ չհաջողվեց սայլը տեղից շարժել այն օրվա համեմատ, երբ Մոսկվայից ինձ զանգահարել ու ասել էին, որ եղբայրս անհետացել է»,- շատ տարիներ անց «Լը Մոնդ» թերթին տված հարցազրույցում պատմել էր Վարդուհի Պասմաճյանը: Նա օգտվել էր հետխորհրդային տարածությունում մարդկանց որոնմամբ զբաղվող «Էդուար Կալիֆա» կազմակերպության ծառայություններից: Կատարված աշխատանքի մասին նրանց հաշվետվությունը տեղեկատվություն էր պարունակում այն մասին, որ 1991 թվականի օգոստոսին լրտեսության համար բանտարկված ուկրաինացի ոմն քաղբանտարկյալ Պասմաճյանին տեսել էր «Բուտիրյան» բանտում: Ընդ որում, դժբախտ գալերիստն աղաչել էր, որ թույլ տան դիմել Ֆրանսիայի հյուպատոսին, որպեսզի իրեն ազատեն: Պատմությունը դրամատիկ է, «երկաթե վարագույրի» մասին եվրոպական թրիլերների ոգով: Միայն ափսոս, որ ոչ ոք (բացի այդ առեղծվածային վկայից) Պասմաճյանին Բուտիրյան բանտում չէր տեսել, ոչ մի հետք չէին հայտնաբերել:
Մեկ այլ, իրականությանը շատ ավելի մոտ տարբերակ էր այն, որ հավաքորդը դարձել էր այդ ժամանակ ի հայտ եկած ռուսական մաֆիայի առաջին զոհերից մեկը: Ասում էին, որ նրա սպանությունը կազմակերպել էր ոմն Օլեգ Ասմակով, որն առավել հայտնի էր Ալիկ Մագադան անունով եւ ղեկավարում էր ամենադաժան հանցագործ խմբավորումներից մեկը: Հետագայում նա հայտնի դարձավ Նյու Յորքում, Կիեւում եւ Մոսկվայում կատարված արյունալի հաշվեհարդարների շարքի համար:
2014 թվականին Պասմաճյանի անհետացման մասին գործի քննությունը վերսկսվեց: Մոսկվա էին ժամանել ֆրանսիական քրեական ոստիկանությունից խուզարկուներ: Նրանք մշակում էին այն վարկածը, որ գալերիստը Մագադանի խմբավորման հետ բանակցություններ էր վարում արվեստի որոշ գործեր, հավանաբարՙ սրբապատկերներ ձեռք բերելու շուրջ: Պասմաճյանը զգույշ մարդ էր, սակայն այդ անձանց հետ շփվելիս թերագնահատել էր թե՛ նրանց դաժանությունը, թե՛ վճռականությունը: Բանակցությունների ընթացքում ինչ-որ բան այնպես չստացվեց, եւ դրանք ավարտվեցին սպանությամբ: Կարող է նաեւ պատահել, որ մոսկովյան ավազակները հենց սկզբից էին որոշել վերացնել դյուրահավատ ֆրանսիացուն եւ յուրացնել նրա մոտ եղած գումարները:
Գլխավոր կասկածյալներից էր Ալեքս Յաարը, նույն ինքըՙ Ալեքս Վայրագը, նույն ինքըՙ նախկին բռնցքամարտիկ Ալեքսանդր Պոդլեսնին: Ըստ քննության վարկածիՙ հենց այս մարդն էր այն մեքենայի ղեկին, որն անհայտ ուղղությամբ տարել էր Պասմաճյանին: Գտնվեցին վկաներ, որոնք հայտնեցին, որ Պոդլեսնինն ընդունել է իր մեղքը այս հանցագործության կատարման մեջ: 2014 թվականին Ալեքսն Օնտարիոյի Միլհեյվեն բանտից, որտեղ երկար տարիներ պատիժ էր կրում զինված կողոպուտի եւ կանադացի ոսկերչի սպանության համար, տեղափոխվեց փարիզյան Սանտե բանտը:
Սակայն այդ հետքը նույնպես ոչ մի բանի չհանգեցրեց: Չհաջողվեց ապացուցել Պոդլեսնոյի հանցակցությունը Պասմաճյանի սպանությանը: Ինչ վերաբերում է Ալիկ Մագադանին, նրանից արդեն շատ բան չէիր կարող պահանջել 1999 թվականի գարնանը նրան սպանեցին Կիեւում, որից հետո մարմինը սառեցրին ձկան արտադրամասի սառնարանում, հետո մասերի բաժանեցին եւ թաղեցին անտառում:
Կա նաեւ երրորդ վարկածը: Այն շատ հայտնի է Փարիզում, այն մարդկանց շրջանում, որոնք շփվել էին Պասմաճյանի հետ եւ լավ էին հիշում նրան: Ըստ այդ վարկածիՙ գալերիստի ձեռքում մատնագիր էր հայտվել ԽՍՀՄ Մշակույթի նախարարության մի խոշոր պետական պաշտոնյայի վերաբերյալ: Խոսքը նրա համասեռամոլական հակումների (ինչը Խորհրդային Միությունում, մեղմ ասած, չէր ողջունվում) կամ էլ ֆինանսական մեքենայությունների մասին էր: Հայտնի չէ, թե ինչպես էր գալերիստը պատրաստվում տնօրինել այդ տեղեկատվությունը, սակայն ինչ-որ պահի որոշվել էր, որ նա չափազանց շատ բան գիտի: Կարիկին հանդիպում էր նշանակվել Մոսկվայի վերականգնման արհեստանոցներից մեկում, այնտեղ նրան սպանել էին, իսկ մարմինն անմիջապես այրել էին մուֆելային վառարանում, որն օգտագործվում է խեցեղենի թրծման համար: Սակայն դա նույնպես կարող է ընդամենը ասեկոսե լինել: Չի եղել եւ չկա ոչ մի համոզիչ ապացույց Պասմաճյանի անհետացման գործով:
Ինչ վերաբերում է Տրետյակովյան պատկերասրահում եւ Էրմիտաժում ցուցադրված նկարների հավաքածուինՙ դրանց մեծամասնությունը մինչ օրս գտնվում է Ռուսաստանում: Խորհրդային Միությունը, որի հետ գալերիստը պայմանագրեր էր կնքել, արդեն գոյություն չունի, իսկ Ռուսաստանի Դաշնությունը մշակույթային արժեքների հետկանչի վերաբերյալ այլ օրենսդրություն ունի: Բացի դրանից, ռուսական կողմը կասկածներ ունի հավաքածուի որոշ գործերի «ձեռքբերման հանգամանքների» առնչությամբ:
Ներկայումս հավաքածուի ընդհանուր արժեքը, ըստ «The Art Newspaper Russia»-ի գնահատականիՙ մոտ 300 մլն դոլար է: Պասմաճյանի ժառանգներին արվեստի ստեղծագործությունների վերադարձնելու վերաբերյալ գործը տարիներ շարունակ ձգձգվում է, եւ դրա ծայրը չի երեւում: Իր հավաքածուն Փարիզից Ռուսաստան ուղարկելիս Կարիկի մտքով չէր կարող անցնել, որ չեն վերադառնա ո՛չ իր նկարները, ո՛չ էլ ինքը:
https://moskvichmag.ru, Ռուսերենից թարգմանեց Լուսինե Ղալումյանը
Ծանոթագրություններ
1) Ճիշտ չէ, օրական առնվազն 200-300 զբոսաշրջիկ ընդունող վայրը չի կարող «ամենափակ վայրերից լինել»:
2) Համալսարանն ավարտելուց հետո Կարիկը հիմնականում լինում էր Փարիզում, նաեւ Բեյրութում եւ այլուր:
3) Ոչ, ռուսերեն չէր թարգմանում:
4) Կարիկի առաջին ժողովածունՙ «Լուսատտիկ արեւի մէջ», լույս է տեսել Բեյրութում:
5) Կարիկը Վարվառային գիտեր վաղուց:
Նկար 2. Կարիկ Պասմաճյանը բարեկամների հետ, Մոսկվա, 1979
ԵԿԱՏԵՐԻՆԱ ՇԵՐԳԱ