Անկլավների վերաբերյալ իրավական փաստաթուղթ չկա, Ադրբեջանն ուժի դիրքից հայկական կողմից նոր զիջումներ է փորձում կորզել․ Աշոտ Մելքոնյան. Փաստինֆո

20

Փաստինֆո-ն գրում է.
Այսպես կոչված, անկլավների հարցով իրավական որևէ փաստաթուղթ չի ստեղծվել՝ այն պատճառաբանությամբ, որ երկու խորհրդային հանրապետությունների հարևան կոլտնտեսությունները կարողանան միմյանց խոտհարքերից ու լճերից օգտվել (խոսքը, մասնավորապես, ադրբեջանցիների մասին էր) և նման անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով էլ առաջացել են «անկլավները»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը։

«Սահմանային վերաձևումների վերաբերյալ մեր ինստիտուտում կատարված ուսումնասիրության ընթացքում արխիվներում, այսպես կոչված, անկլավների մասին, որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել, այսինքն՝ փաստաթղթային հենք չկա։ «Անկլավների» խնդիրն ինքնաբերաբար լուծվել է, քանի որ երկուստեք դրանք պահելու գործնական հնարավորություններ չկան։ Պատկերացրեք, եթե անկլավը վերականգնվի այս կամ այն պետության կազմում, դրվելու նրան միջանցք կամ ճանապարհ տալու պահանջ, որպեսզի հանրապետության տարածքի հետ կապվի, ինչը գործնականում անհնար է։ Որպեսզի նման լրջագույն խնդիրներից խուսափենք, հայկական կողմն ամեն ինչ պետք է անի, որ այդ հարցը փակվի»,-նշեց պատմաբանը։

Մելքոնյանի արձանագրմամբ՝ 1990-ականներին հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխադարձ համաձայնություն էր ձեռք բերվել անկլավներն անփոփոխ կարգավիճակում թողնելու մասին, ուղղակի հիմա Ադրբեջանը, օգտվելով պատերազմից հետո իր համար ստեղծված շահեկան վիճակից, փորձում է ուժի դիրքերից ստիպել, որ հայկական կողմն էլի զիջումների գնա։

«Փոխադարձ անկլավների տարածքային միավորները գրեթե նույնն են․ որքան տարածք ներկայացում է Արծվաշենը՝ մոտ 4400 քառ.կմ, նույնքան էլ նախկին Նոյեմբերյանի շրջանի 7 գյուղերն ու Տիգրանաշենն են»-ասում է պատմաբանը։

Մելքոնյանը հիշեցնում է՝ 1920-30 ական թվականներին, երբ Հայաստանը մտնում էր Անդրկովկասյան դաշնության կազմի մեջ և սահմանային փոփոխությունները տեղի էին ունենում դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի որոշումով, հայկական կողմի շահերը բնավ հաշվի չէին առնվում, ինչի հետևանքով էլ կորցրել ենք Վարդենիսի շրջանի լճերի տարածքը, ինչպես նաև Կապանի շրջանի 20-ից ավել գյուղեր։

Աղբյուր` Փաստինֆո