Մեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող Պատարագին արդեն կփակվեն խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում փակ կլինեն, հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի:
Մեծ Պահքի շրջանն իր յուրահատուկ խորհրդաբանությամբ հրավիրում է հավատացյալներին ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության: Ուստի Մեծ Պահքը հոգևոր ճամփորդություն է դեպի հավիտենություն, մեղքից՝ անմեղություն, մահից՝ անմահություն:
Մեծ Պահքը ընդգրկում է վեց կիրակիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը և կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (1-ին դ․) և Կյուրեղ Երուսաղեմացին (4-րդ դ․):
Բուն Բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիները և Ծաղկազարդի տոնը միասնաբար կազմում են Մեծ Պահքի «Ոսկե շղթան»:
Այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 3-ից և ավարտվում ապրիլի 19-ին՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով։