Սևանա լճի մակարդակը 2021թ. հուլիսին կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում,- այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ առաջիկայում սպասվում է մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը: 2021թ. հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ սա արդյունք է ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի:
«2020թ. 22,8 մլն խմ ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հա հող ավելի շատ է ոռոգվել»,- նշեց նա:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ սա ամենալուրջ խնդիրներից է ոչ միայն Սևանի, այլև Հայաստանի համար, և կախված է մի քանի ֆակտորից՝ կլիմայի, բնության, Սևան եկող ջրերից և մարդու գործունեությունից: Կապ ունի նաև այն, թե ինչքան են ջուր բաց թողնում:
«Հուսանք՝ բնական ֆակտորները բոլորը դրական ազդեցություն կունենան, իսկ դրա հավանականությունը բավականին բարձր է, սակայն հիմնականն այստեղ մարդու գործունեությունն է: Եվ եթե իշխանությունները խոստանում են, որ ջրառը չի գերազանցի այն ջրերի քանակը, որը Սևանը ընդունում է, և հակառակը, ավելի ցածր կլինի, ուրեմն մենք կունենանք բարձրացում: Նաև կախված է բնությունից, այն, թե գյուղատնտեսական տարածքները որքան ջրի կարիք կունենան»,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը:
Հարցին՝ ժամանակին ասում էիք, թե պետք է շտապ մաքրման կայաններ կառուցել, որպեսզի կենսաբանական մաքրում լինի, ոչ միայն մեխանիկական, այս խնդիրը հնարավոր եղա՞վ լուծել, բնապահպանը պատասխանեց.
«Որոշ աշխատանքներ արվել են, բայց դրանք, իհարկե, բավարար չեն, որովհետև այն ջուրը, որը գալիս է Սևան, բավականին աղտոտված է, ու, ի վերջո, լճի ինքնամաքրման հնարավորություններն անսպառ չեն»:
Ինչ վերաբերում է ճահճացման վտանգին, Կարինե Դանիելյանը նշեց՝ այդ վտանգը միշտ կա և կախված է, օրինակ, աղտոտվածության և ջրի մակարդակից, որովհետև լիճը պետք է մոտ լինի իր բնական մակարդակին, ու ինչքան հեռացնում, փոքրացնում ես, այնքան ճահճացման հնարավորությունը մեծանում է:
Իսկ լճի ծաղկումը ճահճացման ցուցանիշներից մեկն է, հիմնական երևույթներից: Կլիմայի ջերմաստիճանի բարձրացումը նույնպես նպաստում է այդ ճահճացմանը:
168.am