ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով եւ տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն՝ անդրադառնալով Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ նշանակվելուն։
Նա, մասնավորապես, գրել է.
«Փոփոխություն Մինսկի խմբում. Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ
Նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է ՄԽ համանախագահ, այլեւ աշխատելու է «Ժնեւյան միջազգային քննարկումների» ձեւաչափում, որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Այսինքն, Հարավային Կովկասի բոլոր հակամարտութուններում ամերիկյան ամբողջ դիվանագիտական աշխատանքը նա է համակարգելու:
Ընդհանրապես, ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում առավելապես կրում են ոչ թե երեք պետությունների հետ երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստ, այլ ավելի լայն տարածաշրջանային բնույթ։ Այսինքն, ԱՄՆ-ն հետաքրքրված է տարածաշրջանով եւ տարածաշրջանային խաղացողների հետ մրցակցության մեջ է։
Հարավային Կովկասն աշխարհագրորեն տեղակայված է ԱՄՆ վաղեմի ախոյան Իրանի հարեւանությամբ, ռազմավարական դաշնակից եւ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի հարեւանությամբ, ինչպես նաեւ պատմական մրցակից եւ հիմնական հակառակդորդ Ռուսաստանի հարեւանությամբ։ Սա ամեն ինչ բացատրում է:
Իսկ այս նշանակումը ուղղակիորեն հաստատում է վերոշարադրյալը»։