Վեհափառն արցախցիներից նամակ չի ստացել, Վեհափառը տեղյակ է այդ ամենին ընդհանուր՝ լրատվամիջոցներից, հրապարակումներից, որովհետև դա բաց նամակ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով արցախցիների՝ Վեհափառ Հայրապետին նամակ-խնդրագիր ուղարկելու հանգամանքին, որով նրան խնդրում են ընդառաջ գնալ իրենց կոչին և Արցախի թեմի առաջնորդին փոխել։
«Տեսեք, նման դեպքերում հոգևորականների, սրբազանների պարագայում նրանց նկատմամբ կիրառվող պատիժների կամ պաշտոններից հեռացման առումով ընթացքում, եթե նման որևէ որոշում լինի, մենք պատշաճորեն դա կծանուցենք։ Բայց այս պահին այս ամեն ինչը գործընթաց է, որի մեջ բոլորս ակնկալում ենք, որ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ՝ եկեղեցու ներքին խաղաղությունը և միասնականությունը պահպանելով։ Աղոթենք, որ Աստված մեզ առաջնորդի և մեզ իմաստություն պարգևի»,–ասաց նա։
Անդրադառնալով Տեր Վրթանեսի առողջական վիճակին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը տեղեկացրեց, որ վերջինս այս պահին բժիշկների հսկողության տակ է։
«Վիճակը կայուն է, գիտակցությունը՝ տեղը։ Պարզապես 72 ժամվա ճգնաժամային վիճակն է, որ պիտի անցնի։ Հույս ույնենք, որ այդ կրիտիկական վիճակը բարեհաջող կանցնի, և նա կկազդուրվի»,- ասաց Տեր Եսային։
Ավելի վաղ Տեր Վրթանեսը News.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրեն շատ լավ է զգում, կազդուրման փուլում է։
«Երկու ստենտ են դրել, սուր ինֆարկտ է եղել մոտս։ Հիմա շատ լավ եմ, երկու օրից երևի պալատում կլինեմ, եթե Աստված հաջողի՝ 5-6 օրից էլ նաև ծառայության մեջ կլինեմ»,-ասել էր նա։
Նանաև ներկայացրել էր երեկ Մայր Աթոռում տեղի ունեցածը։
«Փողոցային հայհոյանքներով, հայհոյալից ձեռքի շարժումներով փորձում էին մուտք գործել Մայր տաճար, մենք էլ փորձում էինք թույլ չտալ։ Վերջում իրենք հասան մինչև Մայր տաճարի դուռը, դռանն էին խփում, հայհոյում էին։ Այդ պահին սիրտս ոնց որ պայթեր իրենց այդ լկտի վիճակից։ Բայց փառք Աստծո, մերոնք դուռը բացեցին, մեր հավատացյալ ժողովուրդն ավելի շատ էր, իրենց հրեց, դուրս հանեց, չթողեց Մայր տաճար մուտք գործել»։








