Իրականում՝ ԱԺ մեծամասնության շոուները՝ վարագույրի հանգույն են․
Լռե՛ք, միկրոֆոնն անջատե՛ք, զբաղեցրե՛ք ձեր տեղը, տիկին․․․միկրոֆոնն անջատե՛ք․․․ Անվտանգությու՛ն, դուրս հրավիրե՛ք։ Դադարեցրե՛ք, նե՛րս հրավիրեք անվտանգության աշխատակիցներին, եթերն անջատե՛ք։ Նարեկին, Նարեկին՝ /նորատուսցի է, օօօ՜/՝տեղը նստեցրե՛ք։
Լռե՛ք, լռությու՛ն, լռությու՜ն, լը-ռու՛-թյուն, տեղը չե՞ք բերում, որտեղ եք։
Նե՛րս հրավիրե՛ք անվտանգության աշխատակիցներին․․․
Նոր խորհրդարանը կազարմայի հետ համեմատելի, իսկ ԱԺ նոր կղեկավարի դերը ոմանք մանկապարտեզային անվանեցին, ոմանք՝ տերթոդիկյան, ոմանք՝ բոլշևիկյան, միայն՝ կաշվե բաճկոնի ու նագանի պակաս կար․․․
Շատերը գուցե մտածեցին, թե՝ պարբերաբար կրկնվող այս՝ հրաման, բացականչություն, հարցում արտահայտող թատրոն-թամաշա հիշեցնող տեքստերը տնային տնտեսուհիների սիրելի՝ գլխավոր հերոսի կատարմամբ՝ հայտնի սերիալից ինչ-որ տեսարաննե՞ր են։
Թեպետ լիարժեք կարող էին լինել, քանզի և՛ տեմբրը, և բովանդակությունը, և գլխավոր դերասանի կերպարը պատրաստի միզանսցեններ են։
Կրկնվող տեսարաններ՝ առաջիկա և հետագա նիստերի համար։ Մեծամասնություն-փոքրամասնություն, իշխանություն-ընդդիմություն՝ նյարդերի կռիվ է՝ ես քեզ, դու՝ ինձ․․․
ՀՀ Ազգային ժողովում, որն այս օրերին կազարմա է հիշեցնում, ամեն քայլափոխի զինված, արդեն ակնհայտ է՝ հրամանի դեպքում՝ ուժի կիրառման պատրաստ՝ կանգնած են՝ ներսում, դրսում։ ՈՒ՞մից՝ ու՞մ են պաշտպանում՝ սեփական շողքից վախեցած իմքայլականները։
Իշխանությանը՝ ընդդիմությունի՞ց, լրագրող գործընկերների՞ց։ Վերջիններիս, ի դեպ, երբեմնի լրագրող և այսօր՝ գործադիրի ղեկավարն ու իր քաղաքակական ուժն ամեն կերպ ցանկանում են հեռացնել իրենցից, իրենց կաբինետներից և աշխատասենյակների դռներից, իրենց անցյալ կյանքից։
Անցած օրերին տեսանք՝կուրծք ծեծող և դատարկ թղթի տակ ստորագրելու պատրաստ ուսապարկերից զատ՝ պետությունը ստորադասող վտանգավոր շատ շերտեր կան, հատկապես՝ վերին օթյակներում։
Շոուն շատ է, շատ-շատ․․․ինչպես նաև՝ ձայնային ու տեքստային ուղղորդող հաղորդագրությունները․․․
ՈՒ մինչ Ազգային Ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու համար շնորհավորողների պակասից Աժ ներկա նախագահը հատ -հատ ընդունում է քաղպայմանագրի կուսակցական ցուցակի պատգամավորներին՝ ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին, խորհրդարանում՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովին, ապա նաև՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին, և օրենսդիր մարմնում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւային, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ իրական և ահավոր գործընթացներ են տեղի ունենում։
Անդառնալի գործընթացներ։ Պարտության պատրաստը՝ ի սկզբանե է ստանձնել իր այդ պատրաստակամությունը։ Պատերազմի տեքստերի դեմ՝ անհասկանալի և անիրական խաղաղության տեքստերի հեղինակը ի շահ Հայաստանի ո՛չ ասելիք ունի, ո՛չ անելիք։ Այն ինչ անում է՝ պետության դեմ է, կործանարար․․․
Աղբյուր` Փաստինֆո