Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր էջում գրում է, –
ԵԽԽՎ միգրացիայի եւ տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվեց հումանիտար ճգնաժամի հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որն առաջիկայում պիտի դառնա ԵԽԽՎ զեկույց։ Զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում եւ Ադրբեջանում եւ նաեւ մեր առաջարկով կփորձի լինել Արցախում։
Իհարկե, քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։
Եւ քանի որ զեկույցը վերաբերելու է բացառապես պատերազմի հումանիտար ասպեկտին, ես խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին, ինչը համարում եմ անհետաձգելի լուծման հիմնախնդիրներ։
Առաջինը, բնականաբար, ռազմագերիների հարցն է, ովքեր պատերազմի ավարտից անմիջապես հետո պետք է վերադարձվեին հայկական կողմին, ինչը մինչ օրս չի արվել եւ զեկուցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ գերի ընկած քաղաքացիական անձանց, այլեւ նրանց հայտարարում է դիվերսանտներ, ինչը միջազգային բոլոր իրավակարգավորումների կոպտագույն խախտում է։
Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել եմ, Արցախից տեղահանված եւ իրենց բնակավայրն ու տունը կորցրած արցախցիների հարցն է, որը եւս այս աղետալի պատերազմի հումանիտար հետեւանքներից է, ինչը անպայմանորեն պիտի լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
Եւ, բնականաբար, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի «լավագույն ավանդույթները» շարունակվում են, Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձեցին խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը, այն փորձելով ներկայացնել որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն, ես իմ ելույթում նշել եմ նման հայտարարությունների կատարյալ տխմարություն լինելը, պնդելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմի հանցագործներ են եւ որպես այդպիսին պիտի ենթարկվեն պատասխանատվության միջազգային իրավունքի առաջ։