Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը խեղաթյուրում է իրականությունը և վկայում է տարածաշրջանում առկա իրավիճակի նկատմամբ Ֆրանսիայի վերաբերմունքի մասին. ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Մենք ցանկանում ենք հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանը, միջազգային նորմերին և կանոններին համապատասխան, ապահովել է հարյուրավոր հայ բնակիչների կանոնակարգված, ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի պետական սահմանային անցակետից երկու ուղղություններով։ Չնայած այս ջանքերին՝ հունիսի 15-ին Հայաստանից սահմանային անցակետի գնդակոծության հետևանքով վիրավորվել է մեր սահմանապահը»,- ասել է Հաջիզադեն։
Նա հավելել է, որ հայկական կողմը պետք է դադարեցնի խաղաղ գործընթացին խոչընդոտող սադրանքները ամբողջությամբ դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից և կատարի տարածաշրջանում հաղորդակցությունները վերականգնելու իր պարտավորությունները։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի դեսպանատունը դատապարտել էր Ադրբեջանի գործողությունները, հարձակումը Երասխի վրա։
«Ֆրանսիան հավատարիմ է խաղաղության վերադառնալուն՝ ի բարօրություն տարածաշրջանի ամբողջ բնակչության։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները վերջերս շարունակվել են բարձր մակարդակով Քիշնեւում, հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարել Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այդ հանդիպումը ցուցադրել է քննարկվող տարբեր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու ցանկությունը, այդ հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների ճանապարհով։
Ֆրանսիան կոչ է անում Հաագայի դատարանի վճիռն իրականացնել և բացել լաչինի միջանցքը։
Եվրոպայի եւ արտաքին գործերի գծով նախարար Քատրին Կոլոնան ապրիլին այցելել է Հայաստան եւ Ադրբեջան, որպեսզի օգնի երկու երկրներին առաջ ընթանալ խաղաղության համաձայնագրի հարցում։ Այդ ջանքերը նախաձեռնվում են Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ սերտ կոորդինացմամբ»,- նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։