Ադրբեջանը հայատյաց հռետորաբանություն է տարածում, «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այսօր ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանում այդ քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, հայատյաց հայտարարություններ հնչում են ընդհուպ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
Անահիտ Մանասյանի խոսքով՝ սա շատ վտանգավոր և տագնապեցնող է, քանի որ այդ իրավիճակը հայերի կյանքն անապահով է դարձնում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։
«Սա բացեիբաց ատելության խոսք է։ Միջազգային հանրության կողմից պետք է սրան անդրադարձ կատարվի։ Հետևաբար, դրան պետք է սևեռվի ողջ միջազգային հանրության ուշադրությունը»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։
Անահիտ Մանասյանն միաժամանակ նշեց՝ էթնիկ և կրոնական փոքրմասնությունների իրավունքների պաշտպանությունը չի նշանակում դրանք պաշտպանել, երբ արդեն իսկ խախտված են։
«Այլ նշանակում է խթանել այս ժողովուրդների իրավունքները՝ ապահովվելու, որ ապագայում նրանց հանդեպ ցեղասպան գործողությունները կկանխվեն»,- ասաց ՄԻՊ-ը։
Վերջում օմբուդսմենը հավաստիացրեց, որ ինքը հետամուտ է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։