Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ փորձելով մանիպուլացնել փաստերը։
«2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը խախտելով՝ Հայաստանը շարունակում է «ապօրինի ռազմական գործողությունն Ադրբեջանի տարածքում», նշվել է հայտարարությունում։ «Հայաստանը ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից, այլեւ շարունակում է նրա տարածքում ավելի մեծ թվով ականներ տեղադրել։ Դա հանգեցնում է ականների վրա մարդկանց պայթելու դեպքերի թվի ավելացման, եւ ոչ միայն շփման նախկին գծի երկայնքով»։
«Հայաստանից Ադրբեջան հակահետեւակային ականների առաքումը պատերազմի ավարտից հետո մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ հայերը Լաչինի միջանցքն օգտագործել են անօրինական ռազմական գործունեության համար։ Չնայած եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի քաղաքացիների, փոխադրամիջոցների անցնելու եւ քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումների համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների լայնամասշտաբ դիվերսիաների պատճառը սեպտեմբերի 12-13-ին եղել են հայերի փորձերը՝ ականապատելու մատակարարման ուղիներն ու տեղամասերն Ադրբեջանի ԶՈւ դիրքերի միջեւ»,- լկտիաբար պնդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ միաժամանակ հայկական կողմին մեղադրելով ականադաշտերի հանձնված քարտեզների ստույգ չլինելու մեջ։ Վերջում Ադրբեջանի ԱԳՆ-ն «կոչ է անում համաշխարհային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ եռակողմ հայտարարության պայմանների եւ միջազգային իրավունքի շրջանակում պարտականությունների կատարման, Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ քայլերը դադարեցնելու, Ադրբեջանի տարածքից զինված ուժերը դուրս բերելու, իրենց տարածքում ականապատման գործունեությունը դադարեցնելու, ստույգ քարտեզներ տրամադրելու նպատակով։ Այս քայլերը տարածաշրջանում խաղաղության ու հանդարտության ապահովման ավանդ կլինեին»։
Այսպիսով, ընթացիկ տարվա սեպտեմբերին սեփական ագրեսիան «հայերի՝ մատակարարման ուղիներն ականապատելու փորձ» ներկայացնելով, ականների խնդիրն առաջ մղելով եւ ամեն կերպ կասկածի տակ դնելով Լաչինի միջանցքի հումանիտար կարեւորությունը՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել տեղեկատվական պատրվակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհի դեմ ոտնձգելու համար։ Ակնհայտ է, որ այսքան լկտի պահվածքի պատճառը Ադրբեջանի վրա անբավարար միջազգային ճնշումն է եւ ագրեսորի մեղքը հարթելու Արեւմուտքի փորձերը՝ գազի, էլեկտրաէներգիայի եւ նավթի դիմաց։
Աղբյուր՝ News.am