ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որով վերջինս հայտնում է, թե Միրզոյանը Թուրքիայի գործակալ է:
Հարցին՝ ի վերջո Միրզոյանն ստորագրե՞լ է Մինասյանի հրապարակած փաստաթուղթը, ԱԺ նախագահը դրական պատասխան է տվել։
«ՀՀ ԱԱԾ-ն ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, որը այդ շրջանում Ցեղասպանությանն անդրադարձող, դրա տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում՝ նաև արտասահմանյան պարբերականներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է և խնդրել, առաջարկել՝ աջակցել իրենց նշված օրակարգով»,-ասել է Միրզոյանն ու շարունակել․
«Սա է ամբողջը, ես, բնականաբար, անկախ օրվա քաղաքական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որպես ուղղակի հայրենասեր մարդ ու մասնագետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել հենց այս հարցով օժանդակելու մեր անվտանգության ծառայությանը, և սա է ամբողջը։ Այսինքն՝ այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի, ինչ վերաբերում է մնացած հատվածին, բնականաբար, հիվանդագին ցնորք է, և այդ մարդն այդ սարսափելի մեղադրանքի, իմ բարի համբավը վարկաբեկելու համար դեռ պիտի պատասխան տա»,-ասել է նա՝ նշելով, թե դա եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ավարտի, Սերժ Սարգսյանի նախագահության մեկնարկի հատվածում։
Հիշեցնենք` Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ, և, որպես ապացույց, մի փաստաթուղթ էր հրապարակել, որի տակ հենց Արարատ Միրզոյանի ստորագրությունն էր, և այնտեղ գրված էր. «Ինձ հայտնի դարձած տեղեկությունները, որոնք կարող են պետական և ազգային գաղտնիք պարունակել, պարտավորվում եմ պահպանել գաղտնի»:
Tert.am