Միջնադարյան պատկերների եւ նորօրյա կերպարների համադրումներ, կանանց կերպարների արծարծումներով սիրո թեմայի զարգացումը՝ դարձյալ հիմնականում բարոկ շրջանի կենդանացմամբ, որ երաժշտության մասին է ակնարկում եւ ներքին մեղեդայնություն ունի, կնոջ հոգեաշխարհի առեղծվածայնության իր ընկալումը ձկների լռության գեղարվեստական ընթերցումներ,- այս այն էր, որ հայտնի էր ինձ Արմեն Թորոսի Բոյախչյանի արվեստի մասին մինչ իր հոբելյանական ցուցահանդեսն այցելելը: Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում իր տասնամյակների փորձառությունն ու արվեստային լեզուն էր ներկայացնում նկարիչը, որ առավելապես իդեալիստ է, եւ դա թե՛ կնոջ կերպարի հանդեպ իր հիացման գեղանկարչական արտացոլումներում է, թե՛ իր բնանկարներում:
Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվ. կերպարվեստի ուսումնարանը եւ իր ուսումնառությունը համարում է՝ որպես գեղանկարչի իր կայացման հիմքը: Ինձ համար անակնկալ էր տեսնել Արմեն Բոյախչյանի բնանկարները՝ հիմնականում Աշտարակի բնաշխարհից, բնությանը միահյուսված վանքանկարները, ուշ աշնան թվացյալ գունազուրկ, բայց խաղաղարար հանդարտությունը, գարնան ծաղկուն ծառերը եւ այլն: Եվ այս նկարչությունը, իմ կարծիքով, Արմեն Բոյախչյանի ամենամեծ անկեղծությունն է, բարոկ շրջանի պատկերների բեմադրված խորհրդածությունների համեմատ՝ սահուն, բնական, անաղարտ ընթացք, եւ այս երկուսը՝ տեսիլքն ու իրականությունը, ոչ թե հակադրվում, այլ խոսում են նկարչի մտածողության բազմազանության եւ փնտրումի սահմանների մասին: Այդ փնտրումների արդյունքում հետայսու ինչե՞ր կստեղծվեն, ցույց կտա կյանքը:
Մի փոքր կտավում տեսա՝ փոքր-ինչ չմանրամասնված, դեպի աբստրահարում տանող մերկանկար: Կյանքի հիսուներորդ տարում, ուրեմն, նրա արվեստում նոր ուղղության ծիլեր են նշմարվում: Բայց քայլերս դարձյալ տանում են դեպի իր բնանկարները՝ ծաղկուն ծառերի քնքշությունը, որ առավել է խոսում սիրո ու կյանքի առեղծվածի մասին, քան ցանկացած կոնկրետ կերպար:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ