Թիֆլիս 4 հոկտեմբերի 1899թ.
Իմ սիրելի, անմոռանալի Լեո ջան Անհրաժեշտ է, որ դու Ռուբենից շուտ պատասխանեիր, քանի որ ավելի առաջ էիր գրել, բայց քեզ չի հասել: Ես գրել էի, որ երեկոները չեմ կարողանում ոչինչ գրել, ոչինչ չեմ տեսնում: Անհրաժեշտ է կենտրոնացնել տեսողությունս, որպեսզի հասկանամ իմ գրած տառերը, իսկ օրը անցնում է շատ արագ: Չեմ հասցնում սկսել, երբ րոպեական ընդհատում են: Ես այդպես չեմ սիրում գրել, առանց դրա էլ առանձնապես ոչինչ չկա գրելու, մեկ էլ ստիպված ես գրելու ընդհատումներով: Ահա այժմ էլ ընդհատեցին,դիտավորյալ սկսեցի գրել` Յուսյային գիմնազիա ուղարկելուց հետո: Մտածեցի` կավարտեմ, մինչև հայրիկը և պապիկը վեր կենան, հետո կգնամ նրանց համար թեյ կպատրաստեմ, սակայն վեր կացավ հայրիկը , վազեցի նրան թեյ լցրեցի: Եկավ կաթնավաճառը, անհրաժեշտ է նրա հետ հաշիվները փակել: Եկավ Հարությունը շուկայից, անհրաժեշտ է ապրանքներն ստուգել, նման հիմար բաների վրա է անցնում օրս: Իսկ ինձ անհրաժեշտ է շտապ հանձնել նամակը, քանի որ հայրիկը ձեզ փող է ուղարկում: Վախենամ այսօր չհասցնեմ, հետևաբար դուք մեկ օր ուշ կստանաք: Ռուբենը գրում է, որ քո բախտը բերում է` և՛ օպերա և՛ ամեն ինչ բազմակետերով: Ցանկանում եմ քեզ հաջողություն միայն գործերում….., դու հասկանում ես ինչի մասին եմ գրում: Պահիր քեզ համեստ, պահպանիր քո առողջությունը և էլի ինչ- որ բան, ապագայում պետք կգա: Ես ցանկանում եմ լինել բազմաթիվ թոռների տատիկ, դրա համար ձեր հարստությունը շաղ մի տվեք դես ու դեն: Մի ծիծաղիր հիմարիկ, ես քեզ լուրջ եմ ասում : Ձեր վերջին խմբանկարը ինձ շատ ծիծաղեցրեց, բայց արդեն հաջորդ օրը նրանից մնաց այս, որը ես ուղարկում եմ ձեզ: Դուք երկուսով անպիտան եք, լավը չեք, նման կատակի համար ձեզ երկուսիդ խիստ կծեծեի, դե հետո էլ ամուր կհամբուրեի, բայց ափսոս, շատ հեռու եք: Չնայած իմ ծագմանը` ձեռքերս չեն հասնի, իսկ շրթունքների մասին խոսք չկա: Այնուհանդերձ հանձնարարում եմ քեզ ծեծել Ռուբենին և համբուրել իմ կողմից, իսկ նրան հանձնարարում եմ այդ նույնը կատարել քո հանդեպ: Գրիր շուտ: Ինչ ասաց պրոֆեսորը քթիդ մասին: Գրիր հաճախ: Համբուրում եմ քեզ շատ-շատ ամուր: Յուսյան առողջ է, այսօր տարավ քննաթերթիկները, օրերս կտան թվանշանները: Ստանալուն պես կուղարկենք:
Թիֆլիս 23 հոկտեմբերի 1899թ.
Իմ թանկագին Լեո Իմ սիրելի, քո նամակներն ավելի են մխիթարում ինձ: Ես շատ ուրախ եմ, որ դու համակերպվում ես ակադեմիային և առանց առանձնակի տհաճությունների մորթում քո գորտերին: Գլխավորը պահպանիր քո առողջությունը: Պարապիր այնպես լավ, ինչպես Թիֆլիսում, որ ժամանակին ավարտես կուրսդ և գաս ինձ մոտ, մխիթարություն և ուրախություն բերես, որպեսզի ես ևս ժամանակին կարողանամ համտեսել իմ աշխատանքի պտուղները և այն ամենը, որ զոհաբերել եմ, չանցնի անտեղի: Քեզ ճիշտ պահիր ընտանիքի բոլոր անդամների, նույնիսկ Պավել Սեմյոնովիչի հետ: Ուրիշները օտարության մեջ փնտրում են մարդկանց, դուք երկուսդ, փառք Աստծո, տեղավորվել եք այնպես լավ, որ շատ ծնողներ նախանձում են, ուստի կրկնակի կարևորեք ընտանիքի ամեն մի անդամին: Ահա քո Սերյոժան, երեկ նրանից նամակ ստացա, <<մեր մեջ ասած լրիվ սխալներով>>, այնպիսի ոգով է գրված, ինչպես որ սովորաբար խոսում էր այստեղ: Խնդրում է պատասխանել, բայց անկեղծ ասած ոչ մի ցանկություն չկա գրելու: Իմիջայլոց, նա գրում է, որ Ռուբենին գրքեր է մատակարարում քեռու գրադարանից: Ուրախալի է, հնարավոր է գա Ծննդյան տոնին: Ես նետվեցի դեպի փոստատարը` սպասելով նամակ ձեզնից, իսկ նա ինձ տվեց Սերյոժայի նամակը: Այնուհանդերձ ցանկալի է: Հանդիպելուց շնորհակալություն հայտնիր նրան հիշելու համար: Պատրաստվու՞մ ես դու արդյոք գնալ Հայկական երեկոյին, որ կազմակերպել են ուսանողները: Ես շատ կցանկանայի, որ երկուսով, եթե հնարավոր է, սահմանափակվեիք միայն տոմսեր գնելով, առավել ևս ձերոնցից ոչ մեկը չի լինելու այստեղ այդ երեկո: Աստված գիտե, ինչ դուրս կգա այդ ամենից: Դու Լևոն, ընդհանրապես ցանկալի է, որ հեռու մնաս այդ ամենից: Անցյալ տարի դու վկա ես եղել իմ տանջանքներին, և կարծում եմ, կարող ես պատմել եղբորդ, եթե հնարավոր լինի համոզել նրան` հեռու մնալ, մի փոքր մտածեք ձեր և մեր մասին: Ես կարծում եմ, դուք պետք է հասկանաք, որ մեր ամբողջ կյանքը կախված է ձեզնից, և փոքրիկ տհաճությունը մեզ կարող է հասցնել դժբախտության, եթե ձեր մեջ կա որդիական սեր, ես չեմ կասկածում, պահպանելով մեզ` կպահպանեք ձեզ: Ցտեսություն: Համբուրում եմ քեզ ամուր, իմ սիրելի: Աստված քեզ պահապան:
Թիֆլիս13 փետրվարի 1904թ.
Իմ թանկագին Լեոն ջան Ստացա քո նամակը: Այո, անհրաժեշտ է ունենալ լավ գլուխ և մեծ համբերություն, որպեսզի աշակերտելիս ստանաս լավ գիտելիքներ և ներկայացնես մրցութային աշխատանք: Քո համբերությամբ և համառությամբ դու, իհարկե, կհայտնվես քո մեծության բարձունքում և առաջինը կավարտես ձեր ավարտական կուրսից, բայց ոչ ի վնաս քո առողջության: Ես առավել քան համոզված եմ դրանում և չեմ կարող պատկերացնել, որ դու չլինես առաջին թեկնածուն ակադեմիայում մնալու: Ինչ վերաբերում է այն հարցին` քո հաշվի՞ն, թե պետության, կարծում եմ, կհամաձայնվես ցանկացած հարմար պայմանի: Միայն թե շարունակես ուսումդ և չգաս ու զբաղվես մասնավոր գործունեությամբ, երեք ռուբլու համար նայես ամեն հաստափոր առևտրականի ձեռքին: Բժշկության դոկտորի աստիճանի համար քննությունը մի երկարաձգի, որպեսզի հետո չկորցնես ցանկությունդ և դառնաս հավերժական բուժակ: Իհարկե, դու և հայրիկն ավելի լավ գիտեք, բայց ես կարծում եմ, ես որպես մայր, պետք է արտահայտեմ իմ կարծիքը: Ամեն դեպքում քեզ ցանկանում եմ հաջողություն քննություններում: Մոտ օրերս տեսա Զալտկինին, որը հարցնում էր քո և Ռուբենի մասին: Ես նրա հետ խոսեցի քո վերջին նամակի հաշվով, և նա կարծիք հայտնեց, որ դու հավանաբար կմնաս ակադեմիայում մրցույթից դուրս, քանի որ արժանացել ես առաջին աստիճանի մեդալի: Գրիր, աղավնյա՛կս, ավելի հաճախ` չսպասելով իմ նամակներին: Եթե Ռուբենն ինչ-որ բանի համար բարկանում է ու այդ պատճառով չի գրում, ասա նրան, թող վերջ տա բարկությանը և գրի ինձ: Ես այսօր գրել եմ իրեն, ուզում եմ, որ դու էլ իրեն ասես, և համբուրես իմ փոխարեն: Մեր կառույցի շինարարությունը կանգնել է ցրտերի պատճառով, բայց անցյալ օրվանից նորից սկսվել է: Իմ այգում ոչ թե կովերն են ման գալիս, ինչպես դու էիր գուշակում, այլ բանվորներն են տրորում ծաղիկներն` իրենց զզվելի ոտքերով, բայց ֆլիգելը շատ լավ է ստացվում: Պապիկը կազդուրվում է, առայժմ մեզ հետ չի ճաշում, քանի որ երկար նստել չի կարող: Թուլություն է զգում, գլուխը պտտվում է: Հորեղբայրը նրա մոտ գտել է աթերոսկլերոզ: Չեմ հասկանում ինչ հիվանդություն է, սիրելի դոկտոր:
Համբուրում եմ ձեզ երկուսիդ, իմ թանկագին բալիկներ: Մայրիկ.
Աղբյուր՝ Orbelimuseum.am