Կոստանդնուպոլսում ամենանշանավոր և աչքի ընկնող կառույցները` հայկական եկեղեցիներից մինչև սուլթանական մզկիթներ, ճարտարապետական հիասքանչ ու տարբերվող լուծումներով այլ շենքեր Պալյան գերդաստանի ձեռքի շնորհքն են. Գումգափուի Մայր եկեղեցի, Պեշիկթաշի Ս. Աստվածածին, Գալաթասարայի Ս. Երրորդություն, սուլթան Աբդուլ Մեջիդի Դոլմաբահչե պալատ, սուլթան Աբդուլ Ազիզի Բեյլերբեյի և Չրաղանի պալատներ և այլն:
Պալյանները արքունի ճարտարապետներ էին:
Պալյան ընտանիքի նահապետը Պալի Քալֆան է, քալֆա թուրքերեն է և թարգմանվում է «ինքնուս ճարտարապետ», Պալյան ազգանունով առաջինը հանդես եկավ Գրիգոր Պալյանը, ով 1788 թվականից Պոլսի պալատական ճարտարապետն էր, նրա նշանավոր կառույցներից են Պեշիկթաշ թաղամասի թագավորական պալատը, Գում Գափու թաղամասի Սբ Աստվածածին եկեղեցին:
Գրիգոր և Սենեքերիմ եղբայրները արժանացել են «ամիրայի» կոչմանը
Գրիգորի որդին` Կարապետ Պալյանը, առանձնակի ուշադրություն է դարձրել Անիի ճարտարապետության ուսումնասիրությանը, երբ նա ուսումնասիրություններ էր կատարում Անիում, ոչ ոք դեռ չէր էլ մտածում Անիի ճարտարապետության ուսումնասիրության մասին: «Դոլմա Բահչեի ճարտարապետ». այսպես են անվանում նրան, քանի որ նրա ամենահայտնի գործերից է Կոստանդնուպոլսի Դոլմաբահչեի պալատը, որի կառուցումն ավարտել է 1856 թվականին:
1853 թվականին ընտրվել գերագույն ժողովի, իսկ 1859 թվականին՝ քաղաքական ժողովի անդամ, պարգևատրվել թուրքական կառավարության «Պատվո նշան» շքանշանով:
Նրա գործի շարունակողները եղան նրա որդիները` Նիկողոսը, Սարգիսը, Հակոբն ու Սիմոնը :
Նիկողոս Պալյանը սեփական միջոցներով Պոլսում հիմնում է մասնավոր արվեստանոց` շարունակելով իր գերդաստանի ավանդույթները`պատրաստում մի շարք հայ որմնանկարիչների, քանդակագործների, քարգործ վարպետների:
Նիկողոս Պալյանի նշանավոր կառույցներից են Դոլմաբահչեի պալատի թագադրության սրահը, պալատական թատրոնը, արքայական դռները և Դիվանխանեն , Սկյուտարի Գոշուելուի Աթիլե սուլթանի պալատը, Օրթագյուղի, Չրաղանի և Դոլմաբահչեի մզկիթները և այլն:
Սարգիս Պալյանը և’ ճարտարապետ էր, և’ նկարիչ, և’ դաշնակահար:
1874 թվականին Բերա թաղամասի իր ապարանքում հյուրընկալել է Կոստանդնուպոլիս այցելած Հովհաննես Այվազովսկուն, նրան ներկայացրել Աբդուլ Ազիզ սուլթանին: Այվազովսկին Սարգիս Պալյանին նվիրել է վեց նկար, որոնք մինչև 1899 թվականը զարդարել են Պալյանի տան հյուրասենյակը:
Սարգիս Պալյանը 1878 թվականին արժանացել է կայսրության գլխավոր ճարտարապետի բարձրագույն կոչմանը, կարևոր է իմանալ, որ նա առաջին հայն էր, որ Օսմանյան կայսրությունում արժանացել է այդ կոչմանը: Նախագծել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանի շենքը:
Հակոբ և Սիմոն Պալյանները նույնպես նշանակալի ներդրում ունեցան Պոլսի ճարտարապետական կյանքում:
Հակոբ Պալյանը Կոստանդնուպոլսում կառուցել է Բեյքոզի, Սկյուտարի Գոշուելուի Մայր թագուհու և 2 փաշաների ապարանքները, Աքսարայի Բերթևնիյալ Մայր թագուհու մզկիթը, Չրաղանի նոր, Բեյլերբեյի պալատներ, նրա միջոցներով կառուցվել է Արևելյան թատրոնի (1861–62 թթ.) և վերակառուցվել Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնի շենքերը (1870 թ.):
Եղբոր` Հակոբի մահից հետո Սիմոն Պալյանը նշանակվել է պալատական ճարտարապետի օգնական: 1861–62 թվականներին կառուցել է Մաչքայի զորանոցը, եղել է վարպետ մանրանկարիչ, նկարազարդել է իր, Գրիգոր ու Կարապետ Պալյանների կառույցները:
Նիկողոս Պալյանի որդին էր Լևոնը, ով ավարտել է Փարիզի կերպարվեստի բարձրագույն պետական դպրոցի ճարտարապետության բաժինը:
Օսմանյան իրականության մեջ Պալյան գերդաստանը մի նոր որակի հասցրեց ճարտարապետությունը` օգտագործելով թե’ եվրոպական, թե’ հայկական մշակույթի տարրեր:
Բազմաոճ է նրանց ճարտարապետությունը: Նրանց արվեստին բնորոշ է զարդանախշերի շքեղությունը, հախճապակու, ոսկու, գունավոր մարմարների, հայելիների օգտագործումը, դռների շքեղ նկարազարդումները, վիտրաժների գունագեղությունը` Արևելքի և ֆրանսիական արվեստի յուրօրինակ զուգորդմամբ:. Նրանց մասին մեծ հարգանքով է գրում Հակոբ Պարոնյանը.«Երևելի ճամբորդներ, որոնք դեո նոր այցելած են Կ. Պոլսո քաղաքր’ կը հայտնեն մեզ այն տպավորությունները, զորս իրենց վրա ներգործած են արհեստով և գիտությամբ բարձրացած այն հոյակապ շենքերն ու պալատներն, որոնք Վոսփորի երկու ափերը կը զարդարեն։ Սքանչացած են իմանա֊լով, որ այս հրաշալիքները սուլթանին հռչակավոր ճարտարապետ վսեմ. Սարգիս պեյ Պալյանի գործն են…թվով խիստ քիչ են մեր ազգին մեջ այսպիսի մարդեր, որոնք իրավամբ իրենց ազգին փառքն ու պարծանքն են։ Արդարև շատ են, որ համբավ ունին, այլ քիչ են, որ անոր արժանի ըլլան»։[1]
Պարոնյանը գրում է, որ Սարգիս Պալյանը նաև մեքենաների գյուտարար, բնագետ, երգահան էր. երաժշտություն է հորինել Ռաֆայել Պատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծության համար:
Պալյանները նաև ծավալել են ազգային-հասարակական գործունեություն, կառուցել դպրոցներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, մեծ ուշադրություն են դարձրել հայ համայնքի կյանքին:
Պալյան ընտանիքի մասին հետաքրքիր մանրամասներ կարող ենք գտնել Բարսեղ Թուղլաջյանի մենագրության մեջ`«Օսմանյան ճարտարապետության արևմտականացման ժամանակաշրջանը և Պալյան ընտանիքը», որը լույս է տեսել 1981 թվականին Պոլսում թուրքերենով:
[1] Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2, Երևան, 1964 թ., էջ` 228-229: