ԵՐԵՎԱՆ- Ծնունդով պոլսահայ դիրիժոր Նվարդ Անդրեասյանը Հայաստանում բնակվում է 2017 թվականից: Զբաղվել է վոկալով, դաշնամուրով, ֆլեյտայով, թավջութակով, երգեհոնով: 1966-1971 թթ. սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում, Հերման Տերտերյանի դասարանում, ավարտել երգչախմբային դիրիժորության բաժինը: Տեղափոխվելով Ֆրանսիա՝ ուսանել է Փարիզի Երաժշտության «Նորմալ» դպրոցում, Պիեռ Դերվոյի դասարանում, ավարտել նվագախմբի դիրիժորի բարձրագույն դիպլոմով: 1977-1980 թթ. եղել է Փարիզի Գրանդ օպերայի եւ Փարիզի նվագախմբի դիրիժորի օգնական: Մասնակցել է նվագավարներ եւ երգահաններ Միշել Տաբաչնիկի, Ժան Ֆուռնեի, Պետեր Էոտվյոշի, Իգոր Մարկեւիչի, Դանիել Բարենբոյմի եւ Արթուր Օլդհեմի վարպետության դասերին: Եղել է նաեւ Պիեռ Դերվոյի եւ Պիեռ Բուլեզի ուսումնակից, հաճախել արդի երաժշտության վերլուծության դասընթացներին՝ Մաքս Դյոչի եւ դասական երաժշտության դասերի՝ Սերջու Չելիբիդակեի եւ Ռոլան Կատուարի հետ: Մրցանակակիր է դարձել Երիտասարդ դիրիժորների միջազգային մրցույթում (Բեզանսոն, Ֆրանսիա) եւ Եհուդի Մենուհին հիմնադրամում (Մեծ Բրիտանիա): Եղել է Բելգիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների բազմաթիվ նվագախմբերի հրավիրյալ դիրիժոր: Եղել է ժամանակակից երաժշտության «Պոլիքրոմի» համույթի եւ նույնանուն փառատոնի գեղարվեստական ղեկավարը: Վարպետության դասեր է տվել եւ դասավանդել տարբեր երկրներում (Հայաստան, Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Բրազիլիա, Ուրուգվայ, Ռուսաստան, Թուրքիա), ձայնագրվել տարբեր ֆիրմաների եւ դասական ռադիոյի համար:
«Հիանալի հիշողություն ունեմ «Պոլիքրոմի» փառատոնի ժամանակ Նվարդ Անդրեասյանի հետ իմ ունեցած համագործակցությունից: Նա հիանալի կատարեց իմ «Բալադ կախվածի մասին» ստեղծագործությունը: Նվարդի «արտադրական գաղտնիքը» եւ ժամանակակից երաժշտության ըմբռնումը, ինչպես նաեւ նրա երաժշտական իմացությունը թույլ են տալիս ինձ սպասել հետագա համագործակցության» (Վենսան Պոլետ, կոմպոզիտոր, Ֆրանսիա): «Կարող եմ փաստել, որ նրա երաժշտական հասունությունն ու գիտելիքները համակցված են դիրիժորական շատ ամուր տեխնիկայի հետ: Նա նվագախումբը ղեկավարում է օլիմպիական հանգստությամբ. լավագույն երաժիշտներին կոմպոզիտորի գործին նրա ծառայեցնելը միշտ էլ շատ բարի է, թեեւ խիստ՝ կատարման հանդեպ: Որպես գեղարվեստական տնօրեն՝ մեծապես գնահատում եմ նրա մասնագիտական մոտեցումն այդ բարձր մակարդակում» (Զդենեկ Պրուզա, գործադիր տնօրեն, Չեխիա):
–Հարգելի՛ Նվարդ, թեեւ երգչախմբի ղեկավարների մեջ կանայք շատ են, բայց սիմֆոնիկ նվագախմբերի կին դիրիժորներ տեսնելը սովորական չէ: Չնայած պատանեկան տարիքում մեծ հաճույքով էի դիտում խորհրդային հայտնի նվագավարուհի Վերոնիկա Դուդարովայի համերգները: Ինչո՞վ կբացատրեք կին դիրիժորների ոչ մեծ թիվը երաժշտական ասպարեզում:
-Ձեր ասածն իրականություն էր 20-րդ դարում, սակայն ոչ՝ 21-րդում: Հիմա ավելի շատ կին դիրիժորներ կան ամբողջ աշխարհում, եւ սա շատ նոր է: Հասարակությունները փոխվում են եւ դառնում են ավելի բաց եւ հանդուրժող «այլոց» նկատմամբ, քան նախկինում է»: Անկեղծ ասած, ես, անշուշտ, ունեցել եմ որոշ անհիմն խնդիրներ, բայց միշտ իմացել եմ եւ գիտեմ, որ ես եվրոպական դասական երաժշտության մեջ առկա իններորդ դարից առ այսօր բոլոր ոճերի շատ լավ եւ փորձառու դիրիժոր եմ: Կարծում եմ, որ տարանջատումը թուլության նշան է: Ես երբեք ուշադրություն չեմ դարձնում նման մարդկանց սեքսիզմին. դա հետաքրքրական չէ: Բայց իմ հիսնամյա երաժշտական փորձից եւ կարիերայից հետո այսօր կոմպոզիտորներն ինձ վստահում են իրենց պարտիտուրների համաշխարհային պրեմիերաները: Սա հսկայական պատասխանատվություն է նրանց երաժշտության ապագայի համար, եւ ինձ համար պատիվ է իմանալ, որ իմ քրտնաջան աշխատանքը անհրաժեշտ է համարվում:
-1960-ականներին պոլսահայերը քիչ էին գալիս Երեւան՝ ուսանելու: Ինչպե՞ս հայտնվեցիք Խորհրդային Հայաստանում:
-Մեր ընտանիքը հաստատվել էր Հայաստանում, բայց ուզում էին արտագաղթել, ու քանի որ դա չհաջողվեց, ես մնացի ուսանելու: Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանն ինձ հսկայական հնարավորություն տվեց դիրիժորության սովորել մի շատ ԼԱՎ ուսուցիչ՝ նվագախմբի եւ օպերայի դիրիժոր Հերման Տերտերյանից: Օգտվեցի այս հնարավորությունից եւ տքնաջան աշխատեցի՝ ընդլայնելու իմ երաժշտական եւ դիրիժորական տաղանդը: Սա շատ մեծ հնարավորություն էր՝ այդ շրջանում կրթվելու համար:
–Ո՞վ է եղել ձեր գլխավոր ոգեշնչողը՝ որպես դիրիժոր:
-Չեմ կարող ասել, թե որոշակի մեկն ազդել է ինձ վրա, քանի որ նվագավարելը ոչ թե ձեռքեր-ժեստեր-թափահարումներ-շարժումներ է, այլ՝ լսելու, ունկնդրելու, կարդալու, հասկանալու, փոխանցելու եւ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ, ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ եւ շատ ու շատ այլ բաների տաղանդ: Շատ աշխատել, բայց ոչ մեկի չընդօրինակել: Որպես կատարող՝ հարգում եմ կոմպոզիտորի երեւակայությունը, ցանկությունները, գաղափարները, զգացմունքայնությունը՝ համատեղելով դրանք իմի հետ: Դիրիժորը կատարող է, որը «նվագում է» մի մեծ երաժշտական գործիք՝ կազմված 70 եւ ավելի երաժիշտներից, որոնք նվագում են տարբեր գործիքներ եւ ունեն իրենց գիտելիքները, զգայությունը եւ իրենց նվագած ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ըմբռնումը: Դիրիժորն այն «միջնորդն» է, որը կատարում է հնչած երաժշտության մեկնաբանության միասնությունը: Այնպես որ իրականում հնարավոր չէ ոգեշնչվել որեւէ մեկի դիրիժորական տեխնիկայով, քանի որ ամեն ինչ կախված է կոմպոզիտորի երաժշտության գաղափարների մեկնաբանման գործընթացին իմ նվիրվածությունից:
–Դուք աշխատել եք ութ տարբեր երկրներում: Ինչպե՞ս մեկ նախադասությամբ կբնութագրեք ձեր աշխատանքը դրանցից յուրաքանչյուրում:
-Այս հարցին դժվար է մեկ նախադասությամբ պատասխանել: Ամեն երկիր ունի կյանքի, ապրելու, երաժշտական կրթության, երաժշտություն ստեղծելու, երաժշտական ավանդույթների, կոմպոզիտորական դպրոցի տարբեր ՄՇԱԿՈՒՅԹ: Բայց կարող եմ ասել, որ ես յուրաքանչյուր երկիր տարել եմ ոչ միայն իմ ֆրանսիական երաժշտությունը եւ փորձերի դպրոցական գործընթացը, իմ տեսլականը ցանկացած պարտիտուրի մասին, այլ շատ բան բերում եմ իրենց իսկ ՄՇԱԿՈՒՅԹԻՑ՝ կյանքի, ապրելու, հանդուրժողականության եւ շատ այլ բաների մասին: Սա կարող է անհասկանալի թվալ որեւէ մեկի, բայց սա «գործում է» ոչ միայն ինձ, այլեւ բոլոր ճանապարհորդող, ինչպես ասում ենք՝ թափառական կամ աշխարհաշրջիկ արվեստագետների համար: Սա շատ հուզիչ է եւ ստիպում է մարդուն խոնարհ մնալ եւ ժամանակ տրամադրել աշխարհն ուսումնասիրելու եւ մասնագիտական ու անձնական կյանքում առաջընթաց գրանցելու համար: Չէ՞ որ ես ուսումնասիրում եմ ոչ միայն այցելածս երկրի երաժշտական պարտիտուրը համերգային ծրագրի համար, այլեւ նրանց ողջ ՄՇԱԿՈՒՅԹԸ:
-1992 թվականին ականավոր իտալացի կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն խնդրել է ձեզ ղեկավարել իր «Տարածություններ» գործը, որից հետո գրել է, որ դուք այս գործի կատարումը դարձրել եք հիշարժան: Լրացուցիչ տվյալներ կհաղորդե՞ք այս համագործակցության մասին:
-Ես եղել եմ ֆրանսիական շատ հայտնի «Պոլիքրոմի» արդի երաժշտության նվագախմբի եւ նրա նախաձեռնած Ժամանակակից արվեստի ու երաժշտության ամենամյա փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: Այս փառատոնը, ինչպես եւս հինգը, հիմնված են եղել 20-րդ դարի կոմպոզիտորի վրա, նրա բնակավայրի ու երկրի վրա: Մորիկոնեին հրավիրել եմ իտալացի վեց երիտասարդ կոմպոզիտորների հետ մեր կեցավայրը՝ «Երաժշտություն եւ դիզայն. արվեստ Իտալիայից» վերնագրով նախագծի շրջանակներում: Այս հսկայական համագործակցությամբ ոչ միայն ներկայացվել է Մորիկոնեի երաժշտությունը, այլեւ կազմակերպվել են համաժողովներ, ցուցահանդեսներ, կրթական նախագծեր: Էննիո Մորիկոնեն ոչ միայն կինոերաժշտության հեղինակ է, այլեւ շատ լավ շեփորահար, արդի դասական երաժշտության կոմպոզիտոր: Նրա հետ հանդիպելը, նրա երաժշտությունը ղեկավարելը եւ այս մեծ երաժշտի գնահատմանն արժանանալը պատիվ էր: Նրա շնորհիվ երաժշտության մասին իմ տեսլականը ընդհանուր առումով ընդլայնվեց, եւ այդ ժամանակվանից ի վեր ես այլ հայացք ունեմ երաժշտության հանդեպ:
–Դուք աշխատել եք նաեւ այլ ականավոր երաժիշտների հետ: Նո՞ւյնպես դժվար կլինի մեկ նախադասությամբ նկարագրել յուրաքանչյուրին եւ ձեր համագործակցությունը նրանց հետ:
-Այո, շատ դժվար կլինի: Ես ղեկավարել եմ Պիեռ Բուլեզի, Ջովաննա Մարինիի, Էդիսոն Դենիսովի, Յանիս Քսենակիսի եւ շատ այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների երաժշտության համաշխարհային պրեմիերաները՝ որպես հրավիրյալ դիրիժոր եվրոպական շատ հայտնի փառատոներում: Պիեռ Բուլեզի, Բորիս Վինոգրադովի, Արթուր Օլդհեմի հետ իմ համագործակցությունը եղել է որպես դիրիժորի օգնական Փարիզի Գրանդ օպերայում եւ Փարիզի նվագախմբի հետ: Դրանք առիթ են տվել ոչ միայն նրանց հետ փոխանակելու կատարողականության վերաբերյալ հարցեր, այլեւ հասկանալու, գնահատելու եւ քննելու նրանց գիտելիքներն ու տեսլականներն արվեստի մասին: Նման հանդիպումները շատ կարեւոր են երիտասարդ երաժշտի երաժշտական մտքի ձեւավորման համար: Եվ այնքա~ն ուրախ եմ, որ հնարավորություն եւ բախտ ունեցա հանդիպելու նրանց բոլորին:
–Դուք եղել եք Հայաստան-Թուրքիա երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Ո՞ւմ նախաձեռնությունն էր դա եւ արդյո՞ք ինչ-որ կերպ նպաստել է դա հայ-թուրքական երկխոսությանը:
-Օ, այո՛… Դա շատ հետաքրքրական համագործակցություն էր «Անադոլու քյուլթյուր» կազմակերպության եւ Ստամբուլի մշակութային հիմնադրամի հետ: Նախագիծն ընդհանուր ցանկությամբ ստեղծվեց 2009 թվականին՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից հետո: Այս երաժշտական նախագծի նպատակն էր համախմբել հայ եւ թուրք երիտասարդ երաժիշտներին եւ օգնել նրանց առողջ երկխոսության մեջ մտնելու: Եվ դա գործեց նաեւ թուրք հասարակության մեջ, քանի որ Ստամբուլի բոլոր մշակութային կազմակերպությունները, հեռուստաալիքները, թերթերը, հայ համայնքը բարոյապես եւ ֆինանսապես մասնակցել են նախագծի լավագույնս իրականացմանը: Բայց, ցավոք սրտի, ծրագրի երկրորդ քայլը, որը պետք է տեղի ունենար Հայաստանում, մինչ այժմ հնարավորություն չեղավ իրականացնել:
–Եվրոպայում ձայնագրել եք ժամանակակից հայ կոմպոզիտորների՝ Մանսուրյան, Ավետիսյան, Իսրայելյան, Աստվածատրյան: Ձեր դիտարկմամբ, որքանո՞վ է արեւմտյան դասական երաժշտության աշխարհը տեղյակ մեր կոմպոզիտորներին:
-Այո՛, արել եմ, քանի որ անհրաժեշտ էր ինչ-որ բան անել ապրող հայ կոմպոզիտորների համար. Ամեն անգամ հաճելի էր առաջարկել կամ ընդգրկել նրանց երաժշտությունն իմ համերգային ծրագրերում: 2001 թվականին ես մեկ շաբաթ հեռարձակել եմ հայ ժամանակակից երաժշտության մասին նախագիծը «Ռադիո Ֆրանս-Ֆրանս կուլտուրի» եթերում, բայց քանի որ հայ երաժիշտներն ավելի հաճախ կատարում են Կոմիտաս, քան ապրող կոմպոզիտորներին, դասական երաժշտության աշխարհը շատ բան չգիտի, թե ինչ կարեւոր բան է տեղի ունենում Հայաստանում: Հայերը պետք է հասկանան, որ եթե իրենք չեն գովազդում սեփական ՄՇԱԿՈՒՅԹԸ, ոչ ոք դա չի անի իրենց փոխարեն, եւ նրանց կարող են ասել, որ ոչ ոք չի հարգում իրենց հանճարներին: Սա շատ անառողջ է եւ վտանգավոր: Հուսով եմ՝ ղեկավարների եւ մշակութային մենեջերների երիտասարդ սերունդը տարբերություն կդնի սրա եւ ամբարտավանության կամ զոհ լինելու միջեւ: Իսկ երիտասարդ կոմպոզիտորները պետք է հասկանան, որ լավագույնը հայ դասական ժամանակակից երաժշտության հոլովույթի վրա աշխատելն է՝ առանց արեւմտյաններին կրկնօրինակելու, բայց ստեղծելով շատ հետաքրքիր ոճ:
–Կյանքը ցույց է տալիս, որ սփյուռքահայ երաժիշտների հանդեպ Հայաստանում, ցավոք, այնքան էլ բարեհաճ չեն եղել: Այնուամենայնիվ, որոշեցիք տեղափոխվել Հայաստան: Եվ ինչպե՞ս է ձեր մասնագիտական կյանքն այստեղ:
-Ինչպես տեսնում եք, իմ մասնագիտական կյանքը եղել է եւ կապ չունի իմ բնակության վայրի հետ: Ես միշտ եղել եմ անկախ դիրիժոր, երաժիշտ, ուստի ապրում եմ այնտեղ, որտեղ ուզում եմ ապրել եւ աշխատում եմ այնտեղ, որտեղ ինձ հրավիրում են աշխատելու եւ նվագախումբ ղեկավարելու: Այս ապրելակերպը կարող է անհասկանալի լինել իրավաբանի, բժշկի կամ այլոց համար, բայց ինձ համար դա նորմալ է, եւ ես դա սիրում եմ: Այսպիսով, ես օգտվում եմ կյանքի իմ անձնական պատկերացումից: Ինչ վերաբերում է Հայաստանում ընդունված կամ չընդունված սփյուռքահայ երաժիշտներին, ապա ես կպատասխանեմ այս հարցին շատ անկեղծ. Հայաստանն ունի շատ փոքր բնակչություն եւ քիչ աշխատատեղեր, որոնք բաշխվում են ընտանիքի անդամներին, ընկերներին: Բոլոր հայերը վստահաբար «տաղանդավոր» են, ուրեմն նրանց ինչի՞ն են պետք սփյուռքահայերը եւ աշխարհահռչակ երաժիշտները: Եւս մեկ հարց՝ սփյուռքահայ երաժիշտները պե՞տք է իրենց հաստատեն Հայաստանում: Իմ դեպքում՝ ոչ, բայց շատերն են ուզել այստեղ ինքնահաստատվել: Ի տարբերություն խորհրդային տարիների՝ ելույթների հրավերներ չկան, բացառությամբ եթե հայ երաժիշտը հարուստ է կամ աջակցություն ունի եւ կարող է վճարել իր կատարման համար: Երկրորդ բանը, որ ուզում եմ ասել, շատ ավելի վտանգավոր է Հայաստանի երաժշտական մշակույթի համար: Հայաստանից դուրս մեր մշակույթը ճանաչելի դարձնելը շատ նոր բան է, քանի որ 2022 թվականից ի վեր արտահանվող երաժշտությունը Կոմիտաս է եւ Խաչատրյանի, Բաբաջանյանի ու խորհրդահայ որոշ կոմպոզիտորների որոշ կամերային ստեղծագործությունները: Հայերն իրենք իրենց համոզել են, որ դրսում ցուցադրելու համար այնքան էլ լավ հայ կոմպոզիտորներ չկան: Սա համայն հայության համար կործանարար ու վտանգավոր ինքնագնահատման քաղաքականություն է՝ թե՛ ներսում, թե՛ դրսում: Երիտասարդ կոմպոզիտորները, նոր երաժշտությունը ունեցել են մեր օգնության կարիքը, եւ նրանց ներկայացվածությունը շատ քիչ է լինում, եթե կոմպոզիտորը Հայաստանից մեկնում է արտասահման: Մի բան հաստատ է. դրսում նրանց ոչ ոք չի սպասում, ոչ էլ հայ համայնքներն են հետաքրքրված նրանցով: Արտագաղթը հայ երաժիշտների համար լուծում չէ. նրանցից քանի՞սն են աշխատում երաժշտության ոլորտում: Երաժշտական կրթությունը պետք է զարգացած լինի եւ համապատասխանի փոքր երկրին եւ աշխարհի որակի կարիքներին: Երկրին պետք է մշակութային-կրթական կառավարման հայեցակարգ:
Անկախությունից ի վեր՝ 1992-1998 թվականներին, ես Հայաստան եմ եկել եւ համագործակցության առաջարկներ կատարել Ազգային օպերային, Կամերային նվագախմբին, Կոմպոզիտորների միությանը, երաժշտական դպրոցներին, պետական կոնսերվատորիային, որոնք ֆինանսավորել է Ֆրանսիայի կառավարության մշակույթի բաժինը կամ ես ինքս: 2017 թվականին Հայաստանի ազգային օպերայի եւ կոմպոզիտորների միությունից համագործակցության առաջարկներ ստացա, եւ դրանից հետո ոչինչ չեղավ: Ենթադրում եմ, որ նրանք շահագրգռված չեն համագործակցել սփյուռքահայերից որեւէ մեկի հետ: Դա կլինե՞ր լուծում երաժշտական մշակույթը զարգացնելու համար: Սփյուռքահայ փորձառու երաժիշտների հետ համագործակցելու ոչ մի կարիք չկա՞ր, ինչ է: Արդյունքում ունենք այլոց պատճենող երիտասարդ կոմպոզիտորներ: Հուսով եմ, որ դա շուտով կփոխվի, քանի որ սա կլինի Հայաստանի ապագա երաժշտական մշակույթի մահը:
Ինչ վերաբերում է կատարողներին, ապա Հայաստանը պետք է վերանայի իր երաժշտական կրթության քաղաքականությունը: Երաժշտական կրթության բարձր որակը կարող է լինել միայն շատ տաղանդավորների համար: Շատ քիչ են տաղանդավոր երիտասարդ երաժիշտները, որոնք երկրից որակյալ կրթության համար հեռանում են անվերադարձ, քանի որ եվրոպական նվագախմբերում նվագելը շատ ավելի շահավետ է եւ առանց գործընկերների խանդի: Այսպիսով, տեսնում եք, որ երկրի սոցիալ-տնտեսական-մշակութային իրավիճակը պետք է հստակեցվի: Այս ասելուց հետո միշտ հիշում եմ Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովի» հայտնի տողը՝ զանգն ո՞վ կախ անի… Ո՞վ է որոշելու փոփոխությունը եւ գնալու դեպի առաջընթաց: Սա երկընտրանքներից մեկն է, որը մենք ինքներս պիտի լուծենք…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ