Խորհրդային Միության փլուզումն ու Արցախյան ազատամարտի սկզբնավորումը նոր էջ դարձան հայ ժողովրդի պատմության բազմահատորյակում: Մենք մտել էինք նոր դարաշրջան, պատմության նոր շրջափուլ` բոլորովին այլ գաղափարական մոտեցումներով ու շեշտադրումներով, հետեւաբար կարիք էր զգացվում նախ` անդրադառնալ շրջափուլին, ապա` շիտակ հայացքով նայել այն կարեւորին, որը նախկինում փակի տակ էր պահվում. գրվեցին հազարավոր էջեր, որոշները փլուզման գործընթացի, ուրիշները` մինչ այդ տեղի ունեցածի, որի մասին այն ժամանակ չէր կարելի խոսել:
Ահա այդ պահանջներին համապատասխանող գրքերից է գրող, գրականագետ, հրապարակախոս, հասարակակկան գործիչ Սասուն Գրիգորյանի «Հավերժության լուսամատյան» հուշահանրագիտարանային գիրքը:
«Միշտ զգացել եմ, որ պարտք եմ կյանքի ու իմ ժողովրդի պատմության դրամատիզմին»
Սասուն Գրիգորյանը ծնվել է 1937թ. հունվարի 15-ին, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում: 1966թ. ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը: 1993 թվականից եղել է Մեծ եղեռնի եւ հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի տնօրենն ու գիտխորհրդի նախագահը: 1996-98 թթ.` Մայր Հայաստան զինվորանական թանգարանի փոխտնօրեն, նույն թվականերին միաժամանակ դասավանդել է Վազգեն Սարգսյանի անվան ՌԲՈՒՀ-ում: Կենսագրությունն արդեն խոսում է այն մասին, որ Սասուն Գրիգորյանը ողջ կյանքում կապված է եղել հայրենիքի ու հայրենանվեր աշխատանքի հետ: Իր բովանդակ կյանքի ընթացքում գրողը ընթերցողի սեղանին է դրել այնպիսի արժեքավոր գրքեր, ինչպիսիք են` «Սասնա պարը», «Նրանք ընկան երգը շուրթերին», «Հուշամատյան սիրո եւ սխրանքի (զոհված բանաստեղծներ)» եւ այլն:
Նրա բեղուն գրչի անգերազանցելի արգասիքը եղավ հենց վերոնշյալ «Հավերժության լուսամատյան» ծավալուն ու բովանդակալից գիրքը:
Տէր Զօրեն կուգամ, որուն կամուրջէն երեք հարիւր հազար հայեր անցան. Երվանդ Օտյան
Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Մեծ եղեռնի ու հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի գիտխորհուրդների եւ ՀԳՄ նախագահության որոշմամբ: Առաջաբանը գրել է ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը, ռազմագիտական մասով խորհրդատուն գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն է, գլխավոր խմբագիրը` պ.գ. դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, նկարչական ձեւավորումները պատկանում են պրոֆեսոր Հենրիկ Մամյանին :
ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ. «ՆԵՐՍԻՍՅԱՆՑԻՆԵՐ»
Գիրքը հայ ռազմափաստագրական, հուշահանրագիտարանային աշխատությունների լավագույն նմուշներից է: Հետանկախության շրջանում դժվար թե ստեղծված լինի նման ծավալով ու նման ժամանակային ընդգրկում ունեցող մի գիրք, որն իր մեջ ներառում է ոչ միայն հայ ազատագրական ողջ պայքարը, այլեւ դրան զուգորդված քաղաքական-հասարակական զարգացումները:
Ինչպես նշվեց, գրքի խիստ կարեւոր առանձնահատկությունը թեմատիկ ու ժամանակային ընդարձակությունն է: Մոտ 2000 (ավելի ստույգ` 1956) էջից բաղկացած աշխատության մեջ հեղինակն անդրադառնում է 1878-1920թթ. Արեւմտյան Հայաստանում, Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությանն ու բռնի տեղահանությանը, ստալինյան բռնությունների ժամանակ Խ. Հայաստանում տեղի ունեցած բռնություններին ու դրանց հաջորդած վայրագ սպանություններին: Հատուկ անդրադարձ է կատարված հայ ժողովրդի մասնակցությանը` Երկրորդ համաշխարհային պատերազմին, որտեղ հնարավորինս ներկայացված է մեր քաջարի մարտիկների անվեհեր պայքարը` ողջ մարդկությանն սպառնացող ֆաշիզմի դեմ: Հատուկ ընդգծվածությամբ անդրադարձ է կատարված Աֆղանստանում զոհված հայորդիներին, Խ. Միության մայրամուտին ԼՂԻՄ-ում ու Խորհրդային Ադրբեջանում հայ ժողովրդի հանդեպ կիրառված հալածանքներին ու մյուս վայրագություններին:
Մեկ առանձին գլխով ներկայացված են ՀՀ Ազգային հերոսները, Արցախյան շարժման տարիներին հանուն հայրենիքի մարտնչած ականավոր դեմքերը: «Հավերժանական պանթեոն» գլխում անուն առ անուն, լուսանկարներով ներկայացված են զոհված եւ անհետ կորած հայորդիները: Դա գիրք է, որը տեղեկույթի ձեւաչափով ներկայացնում է վերջին 100-130 տարիներին հայ ժողովրդի կրած դառնություններն ու բերկրանքը. դա մեր ժողովրդի գիրքն էՙ բոլոր առումներով:
Դժբախտաբար այս գիրքը, որը պետք է լինի յուրաքանչյուրիս սեղանին, դեռ ժամանակին տպագրվել է սակավ տպաքանակով, եւ այսօր գրախանութներում այն գտնելը խիստ դժվար է: Պետություն, որի պատվերով տպագրվում են հարյուրավոր գրքեր, միջոցներ չունի կամ չի ցանկացել բավարար միջոց տրամադրել մի գրքի տպագրության համար, որի գոյությունը յուրաքանչյուր սերնդի համար դաստիարակող նշանակություն ունի, ասել է թե` կենսունակ մի գիրք նաեւ հենց պետության համար:
Սասուն Գրիգորյանը մահացավ 2016թ. հունվարի 6-ին: Թող այս փոքրիկ գրությունը կոչ-հորդոր ու խղճի անքնություն լինի ոլորտի պատասխանատուներին, որը, հույս ունեմ, կստիպի նրանց, այնուամենայնիվ, մտածել ներկա ու ապագա սերունդների մասին եւ վերատպել այս գիրքը` այդիսկ կերպ հարգանքի տուրք մատուցելով թե՛ Սասուն Գրիգորյանի հիշատակին, թե՛ գրքում ապրող քաջերին:
