Հայրենիքի օրհասական ճակատագիրը միշտ եղել է Ավետիք Իսահակյանի ուշադրության կենտրոնում, այդ փաստն են վկայում բազմաթիվ նամակներ `ուղղված ժամանակի ազգային ու քաղաքական ողջախոհ մտածողներին:
Իհարկե, խոսել բոլոր այն հարցերի մասին, որ հուզել են Իսահակյանին, գոնե մի հոդվածով, հնարավոր չէ, բայց որոշ կարևոր փաստեր արձանագրել պարտավոր ենք:
Իսահակյանը շատ լավ էր պատկերացնում եվրոպական պետությունների դիվանագիտական խաղը, շատ լավ գիտեր, որ նրանք աջակցում են Թուրքիային, որ վերջինս երբեք չի հրաժարվի հայաջնջման իր ծրագրից:
1920 թվականի մարտի 14-ին գրականագետ, հրապարակախոս Սիմոն Հակոբյանին ուղղված նամակում կարդում ենք .«Ուրեմն` նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ: Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը: Հնար չկա, կորած է թե՛ Ղարաբաղը, թե՛ Զանգեզուրը և թե՛ Նախիջևանը:
Դուք հավատու՞մ եք Թուրքահայաստանի ազատությանը, ես դրան չեմ հավատում,
հրաշք պիտի լինի, եթե ազատվի: Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին,
Ֆրանսիան գիտենք ինչ է… Անգլիան էլ մյուս կողմից Ադրբեջանին է զինում, խաբում
են մեզ: Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը…»:[1]
Մեկ այլ տեղ գրում է. «…Մեզ մնում է ռուսը… վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից ուշ կամ կանուխ… ֆրանկո – անգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես և ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է… Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բագու։ Ռուսը նրանց համար հազար անգամ վտանգավոր է, քան իսլամը … Տեսնո՞ւմ ես, թե ի՞նչ է խորհում Եվրոպան. թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ: Եվ եթե մեր ղեկավարները հասկանային այս՝ Ղարսը կորցրած չէին լինի և 6000 հայ հողի տակ դրած…»
Ճիշտ էր դատում Վարպետը, գրողի նկատառումները այսօր էլ արդիական են, ունենք այն, ինչ որ ունենք…
1919 թվականին Համո Օհանջանյանին հասցեագրված նմակում կարդում ենք. «Ձեզ մատաղ, ամեն բան արեք Ղարաբաղը, Լոռին չկորցնեք: Սեբաստիա, Կեսարիա հայերիս սրտին բան չեն ասի, իսկ Ղարաբաղ, Սյունիք, Դավիթ Բեկ… Անկարելի է, և, վերջապես, ղարաբաղցուն չի կարելի ընկճել: Մելիքների որդիները նորեն ռուսներին կբերեն, թուրքերը չեն կարող նրանց տեր լինել … Երբեք»:[2]
[1] Կազմող՝ Արփիկ Ավետիսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, Էջ`90:
[2] Նույնը, Էջ`78: