Նոյեմբերի 13-ին հայ ականավոր կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի 100-ամյակի առթիվ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում տեղի է ունեցել նրա երեք ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Առաջին անգամ է, որ Մադրիդում ցուցադրվել են Մալյանի ֆիլմերը. ներկայացվել են «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ» եւ «Կտոր մը երկինք» կինոնկարները (հայերեն՝ իսպաներեն ենթագրերով): Միջոցառումը կազմակերպել է Կոմպլուտենսեի հայագիտական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրանսիսկո Ա. Սուրիան Էռնանդեսը, որը նաեւ հանդես է եկել հայ կինոյին նվիրված զեկույցով: Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել Հայ կինոյի հիմնադրամին (CFA) Կոմպլուտենսե համալսարանի հայագիտական ամբիոնի հետ համագործացության համար: Ֆիլմերի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում հանդիսատեսի հետ:
Ֆրանսիսկո Ա. Սուրիան Էռնանդեսի հետազոտական ոլորտներն են հայ կինոն, Հայոց ցեղասպանության արտացոլումը կինոյում, մշակույթն ու գենդերային տեսությունը: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ եւ հետազոտություններ, այդ թվում՝ «Հայ կինոյի գեղագիտությունը եւ ցեղասպանությունը» եւ «Հաղորդակցությունը, կրթությունը եւ նորարարությունը Կովկասում»: Ունի ավելի քան 100 գիտական հրապարակում՝ քաղաքացիական համագործակցության, մշակութային դաշտի ու մշակութային լսարանների վերլուծությունների վերաբերյալ:
Ա. Բ.





