Տնտեսական պատմության մասնագետ Խաչատուր Դադայանը իր Ֆեյսբուկյան էջում գրում են, որ “ԱՅՍՕՐ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային գրադարանում ներկայացրել է նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին և ասել.«Մինչեւ տիկին Չուլյանին ներկայացնելը կցանկանամ շնորհակալություն հայտնել Հրաչյա Սարիբեկյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նա բավականին բարդ, անցումային փուլում է ստանձնել գրադարանի ղեկավարի պարտականությունները, եւ ժառանգությունը, որ ստացել էր, նախանձելի չէր:
Այն խնդիրները, որ դրված են եղել պարոն Սարիբեկյանի առջեւ, հիմնականում լուծվել են, եւ հիմա այդ աշխատանքը կշարունակի տիկին Չուլյանը՝ կրկնապատկելով ջանքերը, եւ Ազգային գրադարանը կծառայի հիմնական նպատակներին, որոնք ամրագրվել են գրադարանի ստեղծումից ի վեր»:՛՛Ժառանգությունը նախանձելի չէ՞ր՛՛, ի՞նչը, ու՞մ հետ համեմատած ում, ինչի՞ հետ համեմատած ինչը: Նախարարը Հ. Սարիբեկյանին համեմատում է Տիգրան Զարգարյանի հե՞տ: Հանուն ինչի՞, հանուն սեփական սխալ, կործանարար նշանակումն արդարացնելու համա՞ր: Նշանակումը մի մարդու, ով իր կարճատև, ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում ավերեց ինչ հնարավոր էր:
Դրա համա՞ր շնորհակալություն: Սարիբեկյա՞նը չի կադրային ջարդ իրականացրել՝ հեռացնելով գրադարանին նվիրված աշխատակիցներին, նրանց փոխարեն նշանակելով գրադարանային գործի հետ որևէ աղերս չունեցող խծբ-ականների: Սարիբեկյանի օրո՞ք չէր սերվերների խայտառակ խափանումը: Դրա համա՞ր շնորհակալություն: Ուրբաթ տեղի է ունեցել մրցույթը, Սարիբեկյանը տապալվել է, բայց երկուշաբթի կատարել ակնհայտ ապօրինություն՝ աշխատանքից ազատելով փոխտնօրենին, նրա փոխարեն նշանակելով իր յուզգյարին:Բայց Սարիբեկյանը հետևանք է, պատճառը նախարարն է:
Ինձ թվում է, թե նա ուսանողական տարիներին անգամ գրադարան չի այցելել, այլապես կտեսներ, թե տարեց-տարի ինչպես են փոխվել պայմանները:Աստիճանաբար համոզվում եմ՝ իշխանավորների համար սովորական բան է դարձել խոսելուց առաջ չմտածելը: Լսեք, օր առաջ վերջ տվեք ամեն ՛՛հինը՛՛ պախարակելու ձեր մոլուցքին: Գոնե ձեր խոտելի, արատավոր ՛՛նորերին՛՛ առաջ մղելուց առաջ մտածեք, որպեսզի ինքներդ հետո ձեր ձեռքով նրանցից չազատվեք”: