Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արցախի հայկական մշակութային ժառանգությունը լրջորեն վտանգված է: Ադրբեջանի նպատակն է արցախահայությանը զրկել իր հողի եւ իր ժառանգության հետ կապից, ահազանգում է ֆրանսահայ գիտնական Պատրիկ Տոնապետյանը, ավելացնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ ԱԼԻՖ-ը չեն կարող այստեղ միջամտել՝ առանց Ադրբեջանի համաձայնության:
«Մենք գտնվում ենք բարդ եւ ծանր իրավիճակում»,- բացատրում է Պատրիկ Տոնապետյանը: «Արցախի հայկական մշակութային ժառանգությունը լրջորեն վտանգված է: Այն այժմ գտնվում է մի պետության սահմաններում՝ Ադրբեջանում, որն ակնհայտորեն թշնամական է տրամադրված այդ ժառանգության նկատմամբ»:
Վաստակավոր գիտնականի խոսքով, խնդիրը վաղուց անցել է վերահսկելի շրջանակներից: «Ինչպե՞ս կարելի է ճնշում գործադրել մի երկրի վրա, որպեսզի նա պաշտպանի այնպիսի մշակութային ժառանգություն, որի գոյությունն իսկ չի ընդունում»,- հարցնում է նա: «Մենք՝ գիտնականներս, արվեստի՝ ճարտարապետության պատմաբաններս, արդեն մի քանի տարի է, որ գործում ենք մի ուղղությամբ, որը միակն է, որ մեզ հասանելի է. դա տեղեկատվությունն է: Տեղեկություն հասցնելը, ցույց տալ Արցախի հայկական մշակութային ժառանգություն հարստությունը, ցույց տալ այն ավերածությունները, որոնք գործվել են այս վերջին տարիների ընթացքում, մարդկանց բացատրել, թե ինչումն է վտանգը, թե որքան ծանր են, բոլորիս եւ ամբողջ աշխարհի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ պատմամշակութային ժառանգության կորուստները: Սա՛ է մեր գլխավոր թիրախը, մեր գլխավոր նպատակը, եւ որը մենք կարող ենք իրականացնել. դա մեր հնարավորությունների սահմաններում է գտնվում: Իսկ դրանից այն կողմ՝ հասնել նրան, որ միջազգային կազմակերպություններ գտնվեն, որոնք կարողանան գործել եւ ինչ-որ գործողություններ պարտադրել մեկ այլ պետության՝ Ադրբեջանին, ներսում՝ իր գրաված տարածքի վրա գտնվող հուշարձանների կապակցությամբ, դա համարյա թե անհնար է»:
Միջազգային փակուղի
Պատրիկ Տոնապետյանը հիշեցնում է, որ մշակութային ժառանգության պահպանման միջազգային միակ իրավասու կառույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է՝ ՄԱԿ-ի համակարգում գործող կազմակերպությունը. «Միա՛կ, միջազգային միա՛կ կազմակերպությունը, որ գոյություն ունի եւ ունի այդպիսի նպատակ եւ պե՛տք է իրականացնի այդպիսի գործողություններ, դա ՅՈՒՆԵՍԿՕ-ն է՝ Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը: Ո՞րն է մեխանիզմը: Ամեն մի պետություն, որ խնդիրներ ունի կամ օգնության կարիք ունի՝ իր ժառանգությունը պաշտպանելու, վերանորոգելու, ամրացնելու համար, դիմում է այդ, հատուկ դրա համար ստեղծված կազմակերպությանը, բայց դա ինքն է անում, տվյալ պետությունն է անում, տվյալ պետությունն է դիմում ու խնդրում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գա օգնի կամ խորհուրդներով օգնի, որպեսզի տվյալ գործողությունները իրագործվեն տվյալ երկրի ներսում, իր իսկ տարածքում գտնվող հուշարձանների վրա: Այսինքն, դրսից մեկ այլ պետություն կամ մեկ այլ կազմակերպություն կամ գիտնականների մի որեւէ միություն չի կարող, պարզապես չի կարող ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտադրի տվյալ պետությանը ինչ-որ գործողություն: Դա պարզապես անհնար է:
Եվս մեկ մարմին կա, որն ստեղծվել է մի քանի պետությունների կողմից, այդ թվում՝ Ֆրանսիայի: Այսպիսով, մի քանի պետություններ հիմնել են այդ կազմակերպությունը, որը կոչվում է ԱԼԻՖ: Այն փորձում է աշխատել, փորձում է օգնել այն տարածքներում, որտեղ կոնֆլիկտներ են եղել: Բայց այստեղ նորից նույն սահմանափակումը կա, նույն խնդիրը կա. չես կարող պարտադրանքով մտնել մի այլ երկրի սահմաններից ներս, որը դա չի ցանկանում, չի թույլ տալիս, չի ուզում: Այդ տեսանկյունից գտնվում ենք փակուղիում: Ո՛չ մեկ այլ երկիր, ո՛չ մի գիտական կամ հասարակական կառույց չի կարող միջամտել առանց այդ երկրի համաձայնության»:
Հետեւանքը՝ ստացվում է լիակատար փակուղի,- ցավով տեղեկացնում է Պատրիկ Տոնապետյանը: «Մեզ մնում է միայն շարունակել իրազեկման աշխատանքը՝ հնարավորինս լայնորեն շարունակել տեղեկացնել մեր ապրած երկրների հասարակություններին, պետական, գիտական ու մշակութային հաստատությունների ուշադրությունն անդադար գրավել տվյալ ժառանգության ծանր վիճակի մասին, իրենց ուշադրությունը հրավիրել այդ հուշարձանների պահպանման անհրաժեշտության վրա՝ ընդգծելով դրանց արժեքը, ընդգծելով այն անարդար ճակատագիրը, որն ունեցել է այն բնակչությունը, որը դուրս է քշվել իր պապենական հողերից եւ զրկվել իր ժառանգությունից: Եվ այդ ժառանգությունը այժմ գտնվում է մի պետության ձեռքերում, որը շատ վտանգավոր նպատակներ ունի. ուզում է, որոշել է, ստեղծել է քարոզչություն եւ մի ամբողջ կառույց, որպեսզի այդ ժառանգությունը աղավաղվի, եւ Արցախի բնիկ ժողովուրդը, որ ստեղծել է այդ ժառանգությունը, զրկվի դրանից, եւ այդ ժառանգությունը դառնա վերջինիս օտար, որպեսզի արցախահայությունը զրկվի իր կապից իր տարածքի հետ եւ իր ժառանգության հետ»:
Կործանում, խեղաթյուրում, վերագրում
Արցախի մշակութային ժառանգությունն ընդգրկում է հազարամյակների պատմություն՝ սկսած հին դարերից մինչեւ մեր օրերը:
Արդեն տասնամյակներ շարունակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է կա՛մ ֆիզիկական ոչնչացման, կա՛մ պատմական խեղաթյուրումների: «Ամենաաղիտալի փուլը Նախիջեւանի տարածքում էր, որտեղ հարյուրավոր հուշարձաններ ամբողջությամբ ոչնչացվեցին», նշում է Տոնապետյանը: Վերջին տարիներին, ըստ նրա, Բաքուն փոխել է իր մարտավարությունը: Նրանք հասկացել են, որ ամբողջական ոչնչացումը վնասում է իրենց միջազգային իմիջին: Այդ պատճառով այժմ ձգտում են ժխտել դրանց հայկական ծագումը՝ վերագրելով այդ հուշարձանները այլ մշակույթների: Հիմնական վարկածն այն է, թե դրանք պատկանում են Կովկասի ալբանացիներին՝ հին ժողովրդի, որի ժառանգությունը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես սեփական ազգային պատմության մաս: «Նման պայմաններում,- նշում է Պատրիկ Տոնապետյանը,- ես գտնում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր գործը, այն նույն գործը, որ անում ենք արդեն մի քանի տարի եւ նույնիսկ մի քանի տասնյակ տարիներ, փորձելով համոզել որքան հնարավոր է շատ անհատների, մասնագետների եւ միջազգային կազմակերպությունների, որպեսզի կամ ճնշում գործադրվի տվյալ պետության վրա, այսինքն տվյալ դեպքում՝ Ադրբեջանի վրա, կամ էլ ընդհանուր լեզու գտնվի, այսինքն կարողանանք հասնել նրան, որ Ադրբեջանը համոզվի, որ դա նաեւ համապատասխան է իր շահերին. նա կարող է օգուտ քաղել դրանից, այսինքն՝ հանդես գա ամբողջ աշխարհի առջեւ որպես խաղաղասեր, որպես իր եւ այլոց ժառանգությունների պաշտպան, դրանով էլ լավացնի իր միջազգային պատկերը:
Առայժմ ինչ որ մենք տեսնում ենք Ադրբեջանում՝ հակառակն է, այսինքն հուշարձանների ոչնչացումը՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ հուշարձանների ձեւափոխումը այն նպատակով, որպեսզի դրանք վերջիվերջո հայտարարվեն ադրբեջանական եւ ժխտվի դրանց կապը հայկական ժառանգության հետ: Այդ նպատակով գործադրվում են զանազան միջոցներ: Մենք շատ լավ գիտենք, որ իրենք փորձում ենք ապացուցել, որ այդ հուշարձանները հայկական չեն, այլ աղվանական, այսինքն՝ պատկանում են մի պետության, որն իսկապես գոյություն ունեցել է դարեր առաջ՝ Հայաստանից արեւելք գտնվող այսօրվա Ադրբեջանի տարածքում, եւ որից իբր թե մնացել են ժառանգներ, որոնք փաստորեն հանդիսանում են ադրբեջանական ժողովրդի մի մաս: Այսինքն, այդպիսով Արցախի հայկական մշակութային ժառանգությունը «դառնում» է ադրբեջանական ժառանգություն: Երբեմն՝ այդ վերագրումները հասնում են ծիծաղելիի սահմաններին: Ադրբեջանական լրատվամիջոցները, օրինակ, ներկայացրել են Շուշիի Ղազանչեցվոց վեհաշուք տաճարը ներկայացրել են որպես ռուսական եկեղեցի»,- հավելում է նա:
Անգնահատելի հարուստ ժառանգություն
Արցախի մշակութային ժառանգությունն ընդգրկում է հազարամյակների պատմություն՝ սկսած հին դարերից մինչեւ մեր օրերը: Այն ոչ միայն հայկական, այլեւ համամարդկային արժեք է՝ համաշխարհային ժառանգություն: «Այդ ժառանգությունը աներեւակայելի հարուստ է: Այն ընդգրկում է չափազանց երկար ժամանակահատված՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Հնագույն ժամանակներում կա մի կարեւոր հուշարձան, որը հայտնաբերվել է հնագետ Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ 2006-2020 թվականներին կատարված պեղումների արդյունքում: Այդ հուշարձանը գտնվում էր Տիգրանակերտում, որը մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Մեծ թագավորի կողմից կառուցված քաղաքներից մեկն էր: 2006-2020 թվականներին կատարված այս պեղումները բացահայտել են հնագույն եւ վաղ քրիստոնեական շրջանի բազմաթիվ մնացորդներ: Այսպիսով, սա այս ժառանգության ամենահին մասերից մեկն է», հիշեցնում է Տոնապետյանը:
Այս հնագույն շերտին միանում է միջնադարյան ճարտարապետության անգին հարստությունը: «Արցախի ճարտարապետաշինարարական ժառանգությունը ընդգրկում է միջնադարյան վաղ քրիստոնեական ողջ շրջանը, ուշ միջնադարը, հայկական կրոնական ճարտարապետության եւ արվեստի ամբողջ շրջանը ներկայացնող կոթողները նույնպես,- բացատրում է գիտնականը: «Եվ այնտեղ առկա են հարյուրավոր, հազարավոր շատ բարձր որակի հուշարձաններ, որոնց կողքին կանգուն են ավելի փոքր հուշարձանները, որոնք հազարներով են, ինչպիսիք են խաչքարերն ու դամբանաքարերը: Այս ողջ ժառանգությունն անգնահատելի արժեք ունի, եւ այն մեծաքանակ է. վաղ քրիստոնեական բազիլիկ տիպի եկեղեցիներ՝ առանց գմբեթի, իսկ 6-րդ եւ 7-րդ դարերից սկսած գերիշխում են գմբեթավոր եկեղեցիները: Ամասարում պահպանվել են շատ հին եկեղեցիներ՝ 7-րդ ի վեր: Ներկա է նաեւ վանական ճարտարապետությանը, հայկական վանական համալիրների արտակարգ զարգացման վկայակոչող մի քանի մեծ համալիրները, ինչպիսիք են Դադիվանքը, Գանձասարը եւ շատ ուրիշներ, գտնվում են Արցախում: Այս համալիրները նույնպես ունեն հսկայական արժեք»,- պատմում է Պատրիկ Տոնապետյանը:
«Վերականգնումը»՝ հայկական ինքնության ջնջման միջոց
Պատրիկ Տոնապետյանը ահազանգում է. Ադրբեջանի իրականացրած «վերականգնումները» հաճախ իրականում խեղաթյուրում են հուշարձանների ինքնությունը: Շուշիի տաճարի գմբեթը, որն ուներ հայկական ճարտարապետությանը բնորոշ զամբյուղաձեւ ծածկ, ավերվել է՝ ամբողջովին: Այդպիսով տաճարը կորցրել է իր կարեւորագույն հատկանիշներից մեկը: Ադրբեջանական բնութափոխման մեկ այլ տարածում գտնող միջոց է հայկական արձանագրությունների ջնջումը՝ որպես պատմական պատկանելիության մերժման գործիք: «Ուրեմն նպատակն այն է, որ հայերը զրկվեն որեւէ իրավունքից այդ տարածքների նկատմամբ եւ որեւէ կապից այդ ժառանգության հետ: Սա՛ է նպատակը»»,- շեշտում է Պատրիկ Տոնապետյանը:
ՄԱՐԻԱՄ ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ
Փարիզ





