ԵՐԵՎԱՆ – Մոսկվացի պարող Ալեքսեյ Նարուտոն (ծնված 1989 թ., Կրասնոյարսկում) բազմիցս ելույթ է ունեցել երեւանյան բեմերում: Ուսանել է Մոսկվայի Մեծահասակների թատերարվեստի ակադեմիայում (հայտնի որպես ՊԱՐՏ): Նրա ստեղծագործական կենսագրությունը հարուստ է բազմաթիվ ուշագրավ նախագծերով եւ ակտիվ գործունեությամբ: 2013-2022 թթ. Ալեքսեյն աշխատել է «Բալետ Մոսկվա» խմբում, համագործակցել տարբեր երկրների պարուսույցների հետ, դասավանդել է այնպիսի հեղինակավոր հաստատություններում, ինչպիսիք են «Ցեխ» ժամանակակից պարի կենտրոնը, ԳՈԳՈԼ-դպրոցը, ՊԱՐՏ ակադեմիան, ԳԻՏԻՍ-ը, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոցը եւ այլն: Զբաղվում է նաեւ ինքնուրույն ստեղծագործական գործունեությամբ, կնոջ՝ պարուհի Օլգա Տիմոշենկոյի հետ հիմնել է ՆԱՐՈՒՇԵՆԿԻ ժամանակակից պարախումբը: Նրանց համաբեմադրությունները ներկայացվել են տարբեր փառատոներում, համագործակցել են Տրետյակովյան պատկերասրահի եւ ՎԱԿ հիմնադրամի, Լյումիեր եղբայրների անվան լուսանկարչական պատկերասրահի (Մոսկվա) հետ: Նրանց ներկայացումները բազմիցս եղել են Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակի թեկնածու տարբեր անվանակարգերում:
–Ալեքսե՛յ, ինձ թվում է, որ Նարուտոն քո բեմական անունն է: Մանգայի սիրահա՞ր ես:
-Իրականում սա իմ իսկական ազգանունն է, որը ես ժառանգել եմ իմ նախապապից, որը Սիբիր աքսորված լեհ կամ լիտվացի էր, ճշգրիտ չգիտենք:
–Հետաքրքրական է: Առաջին անգամ քեզ տեսել եմ երկու տարի առաջ՝ Երեւանի ժամանակակից պարի «Սամմիթ» միջազգային փառատոնի շրջանակներում, որտեղ դու եւ Օլգան կատարեցիք «Քառասուն» դուետը: Հիշում եմ, որ բեմադրությունը մի փոքր ծանր էր, բայց հետաքրքրաշարժ: Այդ ժամանակվանից մենք քեզ հաճախ ենք տեսել երեւանյան բեմերում: Այդպե՞ս սկսվեց համագործակցությունդ Հայաստանի հետ:
-Իրականում, առաջին անգամ եկել եմ նախորդ՝ առաջին «Սամմիթին» 2021-ին, «Բալետ Մոսկվա» թատերախմբի կազմում «Բոլոր ճանապարհները տանում են դեպի հյուսիս» ներկայացմամբ: Այդ ժամանակից ի վեր սա իմ ութերորդ այցն է Հայաստան: Ինձ համար շատ հաճելի է լինել այստեղ, հետաքրքրական է ուսումնասիրել մշակույթը, մարդկանց, շրջապատը: Ես ծովի մեծ սիրահար եմ, այնպես որ, եթե այստեղ ծով լիներ, ես ընդմիշտ կտեղափոխվեի (ծիծաղում է):
–Ենթադրում եմ, որ արդեն ծանոթ ես հայ ժամանակակից պարարվեստին:
-Կարծում եմ՝ մասամբ գիտեմ, բայց կարող եմ ասել, որ հայ ժամանակակից պարը հետաքրքրական ուղի ունի, քանի որ այդ հետաքրքրությունը պայմանավորված է ազգությամբ եւ ինքնությամբ: Հայերը, իմ կարծիքով, ճկունության, մարմնական հարմարվողականության խառնուրդ են, մի տեսակ փափկությունը համադրված կրակի հետ: Ես ունեի ուսանողներ արվեստի քոլեջից, ու ինձ թվում էր, որ եթե համեմատենք տարերքների հետ, նրանք հակադրությունների համակցություն են, կրակի եւ ջրի խառնուրդ: Եթե նրանք չկորչեն ու միասին աճեն, ցնցող ոճ ձեռք կբերեն: Ինչ վերաբերում է պարուսույցներին, շատ անուններ չեմ կարող ասել, բայց կհիշեմ Ռիմմա Պիպոյանին եւ Վալերիա Կասպարովային:
–Նույն 2022 թվականին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ներկայացրիր Եղիշե Չարենցին նվիրված «Պատգամ» ներկայացումը: Մտահղացումը քո՞նն էր:
-Դա գրքի փառատոնի ժամանակ էր: Պրոդյուսերներից մեկն առաջարկեց ներկայացում բեմադրել Չարենցի այդ հայտնի հայեցակարգային բանաստեղծության հիման վրա: Բանաստեղծության գաղափարը, որը ծածկագրված պատգամ է, հայության համախմբման կոչ, իսկապես ոգեշնչեց ինձ: Սկսեցի տեղեկություններ փնտրել Չարենցի մասին եւ նրա ստեղծագործության վերլուծություններ: Ինձ ապշեցրեց նմանությունները Մանդելշտամի հետ եւ թե ինչպես են տարբեր երկրներում կրկնվել ազատության, արվեստի եւ կյանքի համար պայքարող մարդկանց ճակատագրերը եւ ինչպես են իշխանությունները կոտրել ու ոչնչացրել նրանց: Հետաքրքրական էր աշխատանքը Չարենցի նման կերպարի վրա: Երկրորդ կետը, որն ինձ հետաքրքիր էր, հայոց այբուբենն էր: Ձեր տառերը շատ ճկուն են, ուստի մենք պարզապես պարում էինք այդ բանաստեղծությունը:
–Պարային լեզվով ինչպե՞ս մեկնաբանեցիք Չարենցի ուղերձը, որ հայ ժողովրդի միակ փրկությունը նրա միասնական ուժի մեջ է:
-Մենք այն խմբավորեցինք, ասես պատկերազարդելով: Դա վերջին մենապարն էր հայ աղջկա կատարմամբ, որի վերջում բոլոր կատարողները շատ դանդաղ մոտեցան նրան ու գրկեցին՝ ստեղծելով մի տեսակ գմբեթ, տուն, միասնություն: Հետո նա դուրս եկավ եւ կողքից նայեց գմբեթին ու տանը: Ընդհանուր առմամբ, բեմադրության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում տան խորհրդանիշը: Հայերը հաճախ ստիպված են եղել լքել իրենց տունը, բայց ոչ միայն նրանք. հիմա այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք հաճախ կորցնում ենք մեր տունը եւ նորից գտնում, այն անհետանում է կամ փախչում մեզանից: Երբ աղջիկը թողնում է այս կոմպոզիցիան եւ նստում մի կողմում, նա կարծես սկսում է մի նոր փուլ, երբ նորից պետք է ստեղծի իր սեփական տունը՝ առանց այն քանդելու, բայց այն իմաստով, որ տունը կարծես լուծարվում է: Ինձ թվում է, որ մեր կյանքը մեր տան մշտական վերստեղծումն է:
–Հիշեցի քո մյուս կատարումը «Հայ արտ» կենտրոնում, դա ե՞ւս իմպրովիզացիա էր:
-Ո՛չ, դա «Սեւ երկինք» էկո-ներկայացումն էր, բնապահպանական թեմայով վավերագրական թատրոն է, սինթետիկ ներկայացում՝ մեծ ազատությամբ: Այն իմպրովիզացիոն է թվում, քանի որ աշխատանքը որոշակի գործիքակազմի հիման վրա է արվել, կա կառուցվածք, բայց արձանագրված չեն՝ ո՛ր պահին ի՛նչ որոշակի շարժումներ է պետք կատարել: Իրականում, այն հիշողությունների շարք էր իմ ծննդավայր Կրասնոյարսկից ու այնտեղ առկա բնապահպանական աղետից՝ օդի աղտոտվածություն եւ խիտ մշուշ: Մենք հարցազրույցներ վարեցինք քաղաքի բնակիչների հետ, թե ինչպես են նրանք դա զգում իրենց մաշկի վրա, եւ դրանց հիման վրա թատերագիր Անդրեյ Ժիգանովի հետ միասին պատրաստեցինք աուդիո պիես, որը ես վերածեցի մարմնական արտահայտության՝ ելնելով այս տեքստից եւ իմ անձնական փորձառություններից՝ կապված հայրենի քաղաքի էկոլոգիայի հետ:
–Դու նաեւ անցած տարի Երեւանում կայացած սամբոյի աշխարհի առաջնության բացման եւ փակման հանդիսությունների պարադիրն էիր: Սպորտ եւ ժամանակակից արվեստ. կան շփման կետեր, ճի՞շտ է: Հատկապես եթե հիշենք Վինս Լոմբարդիի խոսքերը. «Պարը կոնտակտային սպորտ է»:
-Համաձայն եմ: Կատարողականությունը մոտ է թե՛ խորեոգրաֆիային, թե՛ սպորտին: Երբ Ռուդոլֆ Նուրեեւը մի անգամ հանդիպել է մի տիեզերագնացի, վերջինս ասել է պարողին. «Այն, ինչ դու անում ես բեմում, մոտավորապես այն է, ինչ տեղի է ունենում ինձ հետ, երբ ես թռչում եմ տիեզերք»: Իսկապես, բալետի պարողի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հիշեցնում է բարձր սպորտ, տիեզերագնացություն, այն գտնվում է մարդու մարմնի հնարավորությունների սահմանագծին: Ժամանակակից պարը, կոնտակտային իմպրովիզացիան այն բաներն են, որոնք շատ ոգեշնչված են սպորտով, հատկապես մարտարվեստով: Երկու մարդ, երկու մարմին բախվում են, դա ինչ-որ առումով վտանգավոր է, նման բախման համար պետք է ունենալ որոշակի համարձակություն, հմտություններ եւ քաջություն: Ուստի սպորտը մոտ է պարին, եւ սրանք միմյանց լրացնող երկու ուղեկից աշխարհներ են: Ի դեպ, սամբոյի առաջնության ներկայացման մեջ ինձ ոգեշնչել է հայկական յարխուշտա ռազմապարը, որի հիման վրա որոշ հատվածներ եմ բեմադրել: Ռուսաստանում ժողովրդական պարերն ինձ երբեք չեն ոգեշնչել, բայց Հայաստանում իմ փորձառությունից հետո սկսեցի դրանցով հետաքրքրվել մարդաբանական տեսանկյունից, սկսեցի այլ կերպ նայել դրանց՝ որպես մի տեսակ մարդկային ծածկագրի, որը պլաստիկայի միջոցով կերտում է ժողովրդի եւ տեղի բնութագիրը, պատմությունը եւ խորհրդաբանությունը:
–Հայաստանի հետ կապված ուրիշ նախագծեր ունե՞ս:
-Հրավիրված եմ բեմադրելու Երեւանի դրամատիկական թատրոնում Ռեմարկի «Երեք ընկեր» բեմադրության պարային տեսարանները: Կլինի ե՛ւ ժամանակակից պար, ե՛ւ տեքստ: Եվ հուսով եմ, որ սա իմ վերջին նախագիծը չէ Հայաստանում, ես կգամ եւ կստեղծագործեմ այստեղ՝ մշակույթների եւ տեսլականների խաչմերուկում: Ինձ շատ է ոգեշնչում այն, որ չհասկանալով հայոց լեզուն՝ ինձնից շատ բան է «խույս տալիս», բայց իմ տեսլականն ու իմ առաջարկները, այն ամենն, ինչ ներդնում, ստեղծում եմ հայոց հողում, ինչ-որ կերպ աճում է յուրովի, բեկվում է, փոխվում ու ձեւափոխվում: Սա չափազանց կարեւոր բան է, որից ծնվում է երկու տարբեր ժողովուրդների այս համագործակցությունը: Ի վերջո, անչափ հետաքրքրական է դիտարկել, թե ինչպես են տարբեր ծագում ունեցող մարդիկ բախվում, հանդիպում, միավորվում եւ գտնում նոր ելք ու շփման նոր կետեր…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ