Տարբեր տարիներին հրատարկվել են Ավետիք Իսահակյանի նամակները:
Նամակների վերջին ժողովածուն լույս ընծայվեց 2016 թվականին: «Նամակնին» կազմել էր Արփիկ Ավետիսյանը, այն ընդգրկում է 1895-1957 թվականներին հայ նշանավոր գրողներին, հասարակական ու պետական գործիչներին գրած շուրջ 267 նամակ, որոնցում արտացոլված են հայ ժողովրդի պատմության նշված ժամանակահատվածի քաղաքական, սոցիալական, գրական ու մշակութային կյանքի ամենատարբեր խնդիրներ:
Արժե, անշուշտ «Նամակնին» ունենալ սեփական սեղանին դրված, թերթել ժամանակ առ ժամանակ:
Ընթերցողին ենք ներկայացնում Իսահակյանի նամակներից մեկը, որը վերնագրված է «Բաց նամակ Քեմալ Միթհատին»:
Այս Միթհատի մասին «Նամականիում» նշվում է, որ նամակի հասցեատիրոջ իսկությունը պարզել չի հաջողվել, ամենայն հավանականությամբ նա Թուրքիայի պատմության մեջ առաջին սահմանադրության հեղինակ Միթհատ փաշայի որդին է: Նամակը արտատպված է «Նաիրի» թերթից (1975 թ.), և անթվակիր է:
Մեջ ենք բերում նամակն ամբողջությամբ.
«Բաց նամակ Քեմալ Միթհատին
Պարո՛ն
Կարգ մը թերթեր ձեր ստորագրությամբ հրատարակեցին հայերուս ուղղյալ կոչ մը, որով կը հրավիրեք մեզ միանալ ձեզի` տապալելու համար բռնակալությունը երիտասարդ թուրքերուն, որոնք կհամարեք նաև ձեր բռնակալները:
Սպասելով, որ հայ քաղաքական կուսակցությունները պատասխանեն ձեր կոչին, եթե հարկ տեսնեն, թույլ տվեք ձեր ուշադրության հանձնել հետևյալ խորհրդածությունները:
Գոհունակությամբ կարձանագրենք ձեր խոստովանությունը, թե այժմու թուրք կառավարությունը անորակելի ոճիր գործեց` տարագրելով, ջարդելով և կողոպտելով մեկ միլիոնե ավելի հայեր: Անշուշտ, չեք անգիտանար, պարո՛ն, որ թուրք ժողովուրդը հոգով-սրտով իր ներկա ղեկավարներու հետ է, որոնք ավազակներ կոչենք: Բնավ չեք անգիտանար, որ բովանդակ թուրք մտավորականությունը կամ եվրոպական համալսարաններու ուսանողությունն ընդունեց և արդարացուց ջարդերը:
Ինչու՞ դուք ինքներդ ալ, պարո՛ն, սպասեցիք մինչև այս պահը` արտահայտելու համար հապաղած բողոքները ձեր հայրենակիցներուն ոճիրներուն դեմ: Ու՞ր էիք դուք 1915-ի կեսերուն, երբ գետերը դիակներու կույտեր կթավալեին կամ երբ հայ աղջիկները կհանձնվեին գերմանոթուրք սպաներու քմայքներուն կամ երբ անգթորեն կբնաջնջեին մանուկներ, ծերունիներ, կիներ:
Հիմա մեջտեղ կելլեք, որովհետև թուրքական կայսրությունը վտանգված կտեսնեք: Մահամերձ կայսրության մը փրկիչը կուզեք ըլլալ:Առաջին անգամ չէ, որ ականատես կըլլանք նման քաղաքական մեքենայությանց: Թուրքիո վերջին դարու պատմությունը լեցուն է նման խաղերով: Այդ նույն թուրքերը, որոնց հասցեին անեծք կկարդաք այսօր, եղբայրության կոչեր ըրած էին, ավելի փայլուն խոստումներ տված էին մեզի: Աբդուլ Համիտ ինքն ալ իր հայրական պաշտպանություններ չէ՞ր շռայլած մեզի…
Միջազգային քանի՞ դաշնագիրներ թաղված են Բարձրագույն Դռան դիվանաթուղթերուն տակ, որոնցմով հավասարություն կխոստացվեր Սուլթանի բոլոր հպատակներուն` առանց ցեղի ու կրոնի խտրության: Կուզեք, որ նոր խոստումներ, նոր հույսեր, նոր պատրանքներ ամբողջ ժողովուրդներ կապվա՞ծ պահեն թուրք պետության նեխած դիակին, որմե միայն կրնան տառապիլ: Ինչու՞ այդքան մեծ ճիգեր կը թափեք փրկելու համար հատկապես կորստյան դատապարտյալ մը: Երկաթի դարը, ասիական կայսրություններու դարը փակված է: Կուզեք, որ թուրք արյունարբու բռնակալության ենթարկված բոլոր ժողովուրդները` հույներ, հայեր, արաբներ, սրբազան դաշինք կնքեն իրարու հետ: Ինչու՞: Պահելու համար թրքական գերիշխանությու՞նը, ամրացնելու իրենց ստրկական շղթանե՞րը: Ատիկա բնավ երբեք: Հույներ և հայեր, արաբներ և հրեաներ ալ բավ կհամարեն ստրկությունը, պարզ և հստակ` ազատություն կուզեն:
Դուք բարեհաճեցիք անոնց արդարություն խոստանալ, ապահով ապրելու իրավունք շնորհել, երաշխավորել անոնց ինչքը: Եվ այդ բաներու մեջ կամփոփեք անոնց իդեալը…
Թուրքի ձեր մտայնությամբ կկարծեք անոնց տված ըլլալ այն առավելագույնը, որ կրնա շնորհվիլ ծառաներուն…
Ձեր խոսքը ակամայորեն կմատնե ձեր ցեղը և կամ անգութ հեգնանք մըն է:
Պատմությունը մեջտեղն է՝ ըսելու համար, որ թուրքական տիրապետությունը ուրիշ ցեղերու վրա պահված է միայն սրով, որ Եվրոպան ու Ասիան, հունգարներ ու սերբեր, ռումիններ, բուլղարներ և հույներ, կրցած են շնչել և քիչ մը բացվիլ քաղաքակրթության՝ թուրքերը տուն ղրկելե ետքը միայն:
Գիտե՞ք, պարոն, թե ինչ է ազատությունը… Լա՛վ, ուրեմն, ազատություն է, որ կուզեն հայերը: Կսիրեմ հուսալ, պարո՛ն, որ դյուրավ կըմբռնք, թե կայսրության ոչ թուրք ժողովուրդներու բարիքը կպահանջե անոնց կատարյալ ազատություն թրքական լուծեն: Ու ենթադրելով, որ դուք ձերբազատ եք երիտասարդ թուրքերու կայսերապաշտական գաղափարներեն, կը համարձակվիմ հավատալ, թե առանց դժվարության պիտի ընդունեք լորդ Սեսիլի բանաձևը` «Հայաստանը` հայերուն, հուդայի երկիրը` հրեաներուն, արաբական երկիրները` արաբներուն և բուն Թուրքիան` թուրքերուն»:
Ահա` ինչ որ կպահանջե արդարությունը, իրավունքը:
Ահա` ինչ որ կպահանջե նույն թուրքերուն շահը: Որովհետև թուրք ժողովրդին ապագան իր օրրանի մեջ է, հոն է, որ պետք է համախմբվի, բարեշրջվի, քաղաքակրթվի` միանգամայն վերջ դնելով դրացի երկիրներուն կատարած արյունալի արշավանքներուն, վճռապես վերջ տալով բարբարոսական բնազդներուն` պետք է մտնե քաղաքակրթության ուղին:
Ոչ ոք կը սպառնա թուրք ժողովրդի ապագային: Ֆրանսիայեն ավելի ընդարձակ երկրի մը մեջ 4 միլիոն թուրքերը, որոնցմե կբաղկանա կայսրությունը, բավականին լայն պիտի զգան իրենք զիրենց: Ազատ պիտի ըլլան զարգանալու իրենց ուզածի պես` թույլ տալով, որ մյուս ժողովուրդները նույն ազատությունը վայելեն իրենց երկրին մեջ: Այս ազնիվ աշխատանքին է, որ պետք է լծել, պարո՛ն, ձեր ճիգերը:
Շատ մի համարեք այս պահանջը ձեզմե և «Խաղաղություն և ազատություն» լիգայեն»[1]:
[1] Կազմող՝ Արփիկ Ավետիսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 474 էջ`69-71: