Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի համադրող Նազարեթ Կարոյանը տարիներ շարունակ կրթական, հետազոտական տարբեր նախագծեր է իրականացրել հայ եւ օտարերկրյա արվեստագետների, արվեստի համադրողների հետ, կազմակերպել ամառային դպրոցներ, որոնց մասնակցում էին արտերկրից հրավիրված երիտասարդ արվեստագետներ:
2016թ. աշնանը արվեստագետ Գրիգոր Խաչատրյանի գաղափարի հիման վրա ժամանակակից արվեստի ինստիտուտի նախագծային լաբորատորիան մշակում է «Շշնջացող արձաններ» կոչված նախագիծը: Դրա փորձնական մի տարբերակ,այդ ընթացքում արդեն իսկ տեղադրվել էր Խնկո Ապեր գրադարանի շենքին կից գործող ցայտաղբյուրի հետ։ Այդ պատճառով էլ նախագիծը համադրելու առաջարկով մենք դիմեցինք գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին։ Նա սիրով ընդունեց մեր հրավերը և իբրև համադրող, մշակեց նախագծի իրականացման պլան, սակայն…
«Պարզ է, որ 2017թ. մենք առանձնապես շանս չունեինք այդ գաղափարը կյանքի կոչելու: Հետո տեղի ունեցավ հեղափոխությունը: Իսկ այդ նախագծի նպատակը մարդու եւ արձանի միջեւ անձնական, մտերմիկ կապ ստեղծելն էր: Դա այն կապը չէ, որը նախատեսված է այն տեղադրողների պատկերացումներով: Ասենք՝ դա այն կապը չէ, որը նախատեսված է արձանի հեղինակի՝ քանդակագործիի պատկերացումներով, կամ որը նախատեսված քաղաքաշինական համալիրների նախագծերով, կամ նախատեսված է ցանկությամբ քաղաքային իշխանությունների, որոնք թույլատրել են արձանի տեղադրումը, դա այն կապը չէ, որն արտացոլում պատմական գնահատականը, որով տվյալ գործչին պատմության մեջ նրա գրաված տեղի առումով, դիցուք, տվել են Ակադեմիական հաստատությունները: Այդ կապի հիմքում մի հանդիպում է, որ կարող է հանկարծ տեղի ունենալ արձանի և դրա կողքով անցնող պատահական մեկի հետ: Եվ շնորհիվ նման հանդիպումների, պաշտոնական ձեւով տեղադրված արձանն էլ ժամանակի ընթացքում խնդիր չի ունենա այն փոփոխությունների պատճառով, որոնք ժամանակի ընթացքում տեղի են ունենում իր մարմնավորած անձի նկատմամբ վերաբերմունքի մեջ, այսինքն՝ այն չգցեն ծովը կամ չենթարկի վանդալիստական ակտի: Կամ էլ՝ ինչը հաճախ է պատահում, արձանն անհայտ չմնա, չձուլվի քաղաքային լանդշաֆտին: Չէ՞ որ արձանները «չքանալու» հատկություն ունեն: Ահա այդ կապը ստեղծելուն էր կոչված հնչյունային ծրագիրը, որը պիտի սկսեր գործել երբ պատահական մեկը անցներ դրա կողքով, պիտի գործեր այնքան ժամանակ քան դեռ դու գտնվում ես արձանի մոտակայքում։ Ինչպե՞ս բացել այդ ծրագիրը, որպեսզի այն աշխատի իր ամբողջ բովանդակությամբ, այդ թվում նաեւ՝ իր անակնկալով, որը կնպաստեր քաղաքային միջավայրի նկատմամբ ակտիվ վերաբերմունք ձեւավորելուն։ Սա արդեն այսպես կոչված «տակտիկական մեդիայի» հարց է։ Այսինքն մի մարտավարություն բանեցնելու, որը պարտադրված է նախագծային միջոցի՝ ինտերակտիվ ինստալիացիայի առանձնահատկություններով»,- մեզ հետ զրույցում ասաց Նազարեթ Կարոյանը:
Նա նկատում է, որ քաղաքային միջավայրում տեղի ունեցող քաղաքաշինական փոփոխություններին մեր հասարակությունը շատ բուռն է արձագանքում: Եվ, ըստ նրա, որպեսզի այդ արձագանքը մտնի նորմալ շրջանակներ, պահանջվում են ստվերային միջամտություններ, որի կարողությունները հենց արվեստագետներին է տրված:
Ծրագրի մասին Նազարեթ Կարոյանը հայտնում է հետեւյալ մանրամասները. «Այդ արձանի հետ կապված հնչունային ինստալացիան համանման է շենքը կանաչներով հարդարելուն: Այն ժամանակակից է, ինտերակտիվ: Հիմա, եթե ծրագիրը զարգացնեինք այն աստիճան, որ իր մոտ դրված լիներ ոչ միայն ջերմությանն ու շարժմանն արձագանքող, այլեւ՝ դեմք, սեռ ճանաչող մի սարք, ինստալացիան կաշխատեր նաև ըստ տարիքի, ըստ սեռի: Ենթադրենք, դու ես մոտենում, Մարտիրոս Սարյանի արձանին, սա քեզ մի բան է շշնջում, ես եմ մոտենում՝ մեկ այլ բան»:
Անցյալ տարվա հունիսին ԺԱԻ-ի տնօրենը ծրագիրը ներկայացնում է Երեւանի քաղաքապետարան, որից հետո էլ սկսվում են բյուրոկրատական դեգերումները: Այնտեղից պահանջում են, որ ծրագիրը ներկայացնեն պատկերային ձեւով, սխեմատիկ: Դա էլ է արվում: Հետո էլ ասում են, որ այդ ծրագիրը պետք է ներկայացվի նաեւ քաղաքապետարանի արվեստի, մշակույթի հետ կապ չունեցող այլ վարչությունների, հնարավոր է, որ այնտեղ չհասկանան: Գաղափարի հեղինակները ներկայացնում են նաեւ անիմացիան: Իսկ ծրագիրն այնպիսին էր, որ պետք է մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներն իրականացված լիներ, այսինքն՝ Կոմիտասի ծննդյան օրը՝ 150-ամյակի առթիվ կամ մահվան օրը: Սակայն անիմացիան հանձնելուց հետո երկու ամիս արձագանք չի լինում: Տարին ավարտվում է, հոբելյանն էլ՝ հետը: Նազարեթ Կարոյանը դիմում է Երեւանի ավագանուն: Ավագանին էլ հետաքրքրվում է, պարզում, որ նախագիծը «լռվել» է վարչություններից մեկում: Պարզվում է նաեւ, որ արձանի հետ կապված պետք է նաեւ ԿԳՄՍ նախարարության կարծիքը: Նախարարության կարծիքն էլ է հայտնի դառնում: Սկսվում է համավարակը: Նազարեթ Կարոյանը ստիպված նորից է ներկայացնում ամբողջ թղթաբանությունը եւ հիմա սպասում է պատասխանի:
«Խնդիրը, սակայն, այն է, որ Ժամանակակից արվեստի ինստիտուտը այլևս չունի հասցե: Նրա տարածքը վաճառվել է, չնայած 2008 թվականից ծրագրեր ենք իրականացրել՝ չստանալով պետական որեւէ աջակցություն: Հիմա մենք չունենք գործունեությունը իրականացնելու համար անհրաժեշտ շինություն, ուստի և ստիպված են եղել առժամանակ դադարեցնել մեր կրթական ծրագիրը և էս պահին ի վիճակի ենք միայն հետազոտական ու նախագծային ծրագրերը կազմակերպել։ Այնինչ որպեսզի պարզ լինի մեր դպրոցի գործունեության հետևանքները, բավական է նշել միայն կառավարության մեջ գտնվող մի շարք անձանց անունները՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը, մշակույթի նախկին փոխնախարար Վահե Բուդումյանը, որոնք եղել են մեր դպրոցի առաջին շրջանավարտներից՝ չհիշատակելով մեր մյուս ուսանողներին, որոնցից շատերն, այսօր կազմակերպությունների կամ ծրագրերի ղեկավարներ են ժամանակակից արվեստի ու մշակութային կազմակերպություններում։ Եւ սա՝ այն չնչին հնարավորությունների սահմաններում, որն այսօր Հայաստանում տնօրինում է ժամանակակից արվեստի որևէ կազմակերպություն։ «Շշնժացող արձաններ»ի Կոմիտասի հետ կապված նախագիծը հովանավորել էր Ինեկոբանկը: Հիմա չգիտենք, թե նրան ինչ պատասխանենք: Խնդիրն այն է, որ արվեստագետը գործում է կոնկրետ տարածքում, ոչ թե ազգային մակարդակում: Կան համայնքապետեր, քաղաքապետեր, որոնց պարտականությունն է ի պաշտոնե ներգրավված լինել մշակութային կյանքի պայմաններ ստեղծելու գործընթացում: Ոչ թե տարին երկու անգամ պետք է տոնածառ կամ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը կազմակերպել, ծիսական բաներ մտածել, այլ ամենօրյա մշակութային կյանքի եւ արտադրության զարգացումը խթանող պայմաններ ստեղծել՝ ներգրավելով պրոֆեսիոնալների, որոնք հետազոտություններ են իրականացրել, գաղափարներ ունեն: Շատ կարեւոր հարց է, թե ինչպես պետք է վերակազմակերպվեն ֆինանսական հոսքերը, որպեսզի բավարարեն այսօրվա մշակութային արտադրության բազմապիսի, բազմամեդիա ձեւերը, ինչ ֆինանսական աղբյուրներ կան, իրար հետ ինչպես պետք է կապված լինեն մասնավորը, հանրայինը, բանկային համակարգը, և անհատ բարերարը, ինչ գործառույթներ պետք է իրականացնի ամեն մեկը»,- ասաց Նազարեթ Կարոյանը:
Մեր հարցին, թե ինչ պետք է անել ժամանակակից արվեստը լուսաբանելու, ընկալելի դարձնելու համար, որպեսզի ամեն մի նորարարություն թյուըմբռնումների տեղիք չտա, Նազարեթ Կարոյանն արձագանքեց. «Ժամանակակից արվեստն անկապ վիճակում է, բայց դա այնպիսի անկապություն է, որն օգտագործում են խոշոր բիզնես շրջանակները: Եվ արվեստագետներն էլ, իմանալով, որ դա հնարավոր է օգտագործել, այդ անկապությունները մտցնում են շրջանառության մեջ և դրանց միջոցով արտադրել ժամանանակակից իմաստներ: Օրինակ՝ աշխարհի ամենահռչակավոր պատկերասրահներից մեկում իտալացի մի հռչակավոր արվեստագետի, Մուրիցցո Կատելանի գործ է ներկայացվում՝ մեկ բանան: Այդ գործը ծախվում է 120 հազար ԱՄՆ դոլարով եւ երեք օրինակից է: Պետք է հասկանալ, թե ինչ է բացահայտում այդ անկապությունը: Այսինքն՝ արվեստագետն այդ ամենն անում է մի պատկերասրահի միջոցով, Արտ Բազել Մայամիի պես մի տոնավաճառում որը հայտնի է ամբողջ աշխարհին եւ ամենաթանկանոց տոնավաճառն է, եւ այդ աղմուկը կարող է դառնալ գլոբալ: Այսինքն՝ ինքն իրականացնում է մի գործ, որը նման է մի իրադարձության: Արվեստագետը տվյալ դեպքում զբաղված է մի անկապ բանանի միջոցով մեդիա- իրադարձություն ստեղծելով: Եթե այս անկապությունը գլոբալ իմաստով դառնում է արվեստի հարց, որով արվեստագետը օգտվելով ստեղծված հնարավորություններից բացահայտում է ժամանակակից իրականության անհեթեթությունները, ապա մեզ մոտ այդպես էլ անկապը մնում է անկապ: Ֆրանսիայում կամ Անգլիայում մշակութային ստեղծարար արդյունաբերությունը ներքին համախառն արդյունքի երկրորդ կամ երրորդ տեղում է տնտեսության մեջ: Իսկ մեզ մոտ այդ ամենը եղած-չեղած մի հաշիվ է, քանի որ ամեն ինչ կանխիկի վրա է կառուցվում՝ ամիջական շահի կամ փոխհատուցման։ Եթե ծախսվել է պայմանական ասած՝ մեկ դոլար, ակնկալում ենք, որ այն պիտի հնարավորինս արագ կրկնապատկվի։ Քանի որ չենք մտածում, որ մեկ դոլար ներդնելով հինգ տարի հետո այն կարող է դառնալ հարյուր դոլար: Եվ որ այդ ներդրումը պիտի արվի առանց հաշվելու, քանի որ այդ՝ իրականում ծախսված մեկ դոլարը աշխատեցնելու է բազմաթիվ միջավայրեր, քանի որ անուղղակի արդյունքը մեր կյանքի զարգացումն է, հարստացնում է մեր կյանքը, որը նույնիսկ երբեմն չենք էլ նկատում»:
«Իոսիֆ Բրոդսկին Նոբելյան մրցանակակիր է, սակայն դեռ դասագիրք չի մտնում». Երվանդ Տեր-Խաչատրյան