«Երգահան եւ փողհար Մայքլ Սարյանը եզակի արվեստագետներից է, որ կարողանում է հնչյունների միջոցով մարդկային պատկերներ ստեղծել: Նրա ստեղծագործությունները հակասական են: Ամուր են, բայց հարմարվող, պինդ ենՙ բայց անկաշկանդ եւ թաքունՙ բայց պայծառ»: Այսպես են բնութագրել արվեստագետները արդեն 8 տարի Նյու Յորքում ապրող երգահան եւ շեփորահար Մայքլ Սարյանի, որի «New Aurora» խորագրով չորրորդ ալբոմը սեպտեմբերին թողարկել է «Ears & Eyes Records» ձայնագրման կենտրոնը: Ալբոմում իրենց ստեղծագործություններով հանդես են գալիս Մ. Սարյանը (շեփոր), Սանտիագո Լիբսոնը (դաշնամուր), Մերի Կեննին (բաս), Մեթ Պավոլկան (բաս) եւ Դայոն Սյուկը (հարվածային գործիքներ):
Մայքլ Սարյանը ծնվել է Տորոնտոյում, բայց մեկ տարեկանից տեղափոխվել եւ մեծացել է Բուենոս Այրեսում: Իսկ վերջին 8 տարիներին ապրում է Նյու Յորքում: Առաջին ալբոմը թողարկել է 2014-ին: Մեծապես ներշնչվել է շեփորահարներ Կեննի Ուիլերի, Թոմաշ Ստենկոյի, Էնրիկո Ռավայի եւ ամերիկահայ թմբկահար Պոլ Մոթյանի երաժշտություններից: Նաեւ ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի ստեղծագործություններից: Ջազային ուսումնասիրությունների գծով մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանից:
Մասնակցել է մի շարք ջազային փառատոների: Բացի նվագելուց նա նաեւ դասավանդում է:
Իր հայկական արմատներին հարգանքի տուրք մատուցելով (նախնիները պատմական Հայաստանից են, որոնք գաղթել են Ռումինիա, հետո Արգենտինա եւ Կանադա) մշակել է անմահն Կոմիտասի գոհարներից «Դլե Յամանն» ու «Չինար ես»-ը:
Նրա երաժշտությունը լսելու համար կարելի է այցելել «www.MichaelSarian.com» կամ «www.zarsandEyesRecords.com» կայքերը:
Հ.Ծ.