Մարտի 11-ին մեկնարկել է Մալթայի բիենալեի երկրորդ թողարկումը՝ միավորելով ավելի քան 130 միջազգային եւ մալթացի արվեստագետների «CLEAN-CLEAR-CUT» թեմայով: Միջոցառումը նախաձեռնել է «Մալթայի ժառանգությունը»՝ Վալետտայի, Վիտտորիոսայի եւ Գոցոյի 11 պատմական հուշարձաններում ու թանգարաններում: Այն գործելու է մինչեւ մայիսի 29-ը:
Հայաստանի տաղավարը ներկայացնում է Ռաֆֆի Ետալյանի «Ձայնը, որ երբեք չի տեսնվել» քանդակային եւ ձայնային ինստալացիան (կուրատոր՝ Սոնա Հովհաննիսյան): Այն այցելուներին հրավիրում է մտնել խորհրդածական հայկական մի միջավայր, որը ձեւավորվել է լռության, հիշողության եւ անտեսանելի ջրի կաթիլի դժվար որսալի ռիթմի շուրջ: Տաղավարն արտացոլում է Հայաստանի դիմադրության պատմությունները եւ պարտադրված լռությունը՝ առաջարկելով մի տարածք, որտեղ փխրունությունը վերածվում է տոկունության, իսկ լռությունը՝ վկայության: Մալթայի ջրի հետ ունեցած հարաբերության հետ երկխոսության մեջ ցուցադրությունը կոչ է անում այցելուներին լսել այլ կերպ՝ զգալ, թե ինչպես թաքնվածը, լռեցվածը կամ երբեք չտեսնվածը կարող է հնչել խորին հստակությամբ:
Ռաֆֆի Ետալյանը (ծն. 1973, Բեյրութ) ֆիգուրատիվ նկարիչ եւ քանդակագործ է: Ավարտել է Լիբանանի Գեղարվեստի ակադեմիան՝ փորագրության մասնագիտությամբ, ապա ուսանել է կերպարվեստ Թորոս Ռոսլինի անվան Գեղարվեստի ակադեմիայում: 2012 թվականին նրա Հակոբ Մեղապարտի հուշարձանի մանրակերտը ներառվել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հավաքածուում՝ Վատիկանում: 2015-ին Եդալյանը Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին է նվիրել կաթոլիկ եկեղեցու սուրբ Իգնատիոս Երանելի Մալոյանի իր գեղանկարը, որը հետագայում հրատարակվել եւ թողարկվել է Վատիկանի ֆիլատելիստական եւ դրամագիտական վարչության կողմից՝ սահմանափակ տպաքանակով նամականիշի տեսքով: Նույն թվականին նրա «Երախտագիտություն» հուշարձանը տեղադրվել է Բեյրութի Ժըմմայզե թաղամասում, իսկ 2017-ին քանդակել է Ֆաթիմայի Տիրամոր ջահը, որը Լիբանանի կաթոլիկ եկեղեցին նվիրաբերել է Պորտուգալիայի Ֆաթիմայի սրբավայրին:
Հայաստանի մասնակցությունը Մալթայի բիենալեիh նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Ա. Բ.









