Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վերափոխված Կովկասը. նկարիչ, որը պատկերեց Հայաստանը խորհրդային իշխանության առաջին տարիներին

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր անգլալեզու կայքը 2023 թ. ապրիլի 2-ին հրապարակել է Ամոս Չափըլի՝ Հայաստանին առնչվող ներքոբերյալ ուշագրավ նյութը.

Քիշնեւում ծնված նկարիչ Պավել Շիլինգովսկու գծանկարները ցույց են տալիս, թե ինչպես էր Հայաստանը վերափոխվում կոմունիստական ժամանակաշրջանի սկզբում:

Շիլինգովսկին ծնվել է 1881 թ.՝ Քիշնեւում, որն այն ժամանակ Ռուսական կայսրության կազմում էր: Երիտասարդ նկարիչը սովորել է Օդեսայում, այնուհետեւ՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցկացրել է իր կյանքի մեծ մասը, չնայած սկզբնական շրջանում նրան ամենից շատ ոգեշնչել են իր հայրենի Բեսարաբիայի բնապատկերները, մի տարածք, որի հիմնական մասը գտնվում է ներկայիս Մոլդովայի սահմաններում:

1920-ականների սկզբին նկարիչը ճանապարհորդում է Ռուսական կայսրության հարավում՝ ներառյալ Ղրիմի թերակղզին եւ Կովկասը: Ճամփորդության ընթացքում նա հրապուրվում է Հայաստանով, ուր նա բազմիցս վերադարձել է իր կյանքի հետագա տարիներին:

Արվեստի պատմաբան Եկատերինա Գրիսինան գրել է, որ «Հայաստանի անկրկնելի մթնոլորտը հոգեհարազատ էր [Շիլինգովսկուն]:  Այն նրան հիշեցնում էր իր հայրենի Բեսարաբիան»:
Երբ խորհրդային պետությունը 1920-ականներին սկսեց վերափոխել հայ հասարակությունը՝ զանգվածային արդյունաբերական նախագծերի եւ կրոնական ճնշումների միջոցով, Շիլինգովսկին կարողացավ իր բազմաթիվ այցելությունների ընթացքում փաստագրել այդ փոփոխությունները:

1900-ականների սկզբի Երեւանը պատմաբան Թոմաս դե Վաալը նկարագրել է որպես «հայ [քրիստոնյա] եւ մահմեդական խառը բնակչությամբ ռուս կառավարիչ եւ զուտ մերձավորարեւելյան մթնոլորտ ունեցող քաղաք»:  1915 թվականից սկսյալ [Արեւելյան] Հայաստանը դարձել էր հարյուր հազարավոր էթնիկ հայերի ապաստանը, որոնք փախել էին օսմանյան թուրքերի կազմակերպած կոտորածներից, որը Միացյալ Նահանգները եւ շատ այլ երկրներ այժմ անվանում են ցեղասպանություն:

1930 թվականի սեպտեմբերին Շիլինգովսկին ձերբակալվեց եւ բանտարկվեց՝ ռումինացի ազգայնականների հետ կապերի կասկածանքով:  Երբ մոտենում էր ստալինյան բռնաճնշումների բարձրակետը, խորհրդային իշխանությունները նկարչի հանդեպ հետաքննություն սկսեցին: 

Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Վլադիմիր Լենինի նկարները, որոնք Շիլինգովսկին արել է խորհրդային քարոզչության մեջ օգտագործելու համար, կարող էին փրկել նրա կյանքը:

1930 թվականի դեկտեմբերին Շիլինգովսկին ազատ է արձակվել Խորհրդային Ռուսաստանի բանտից եւ շուտով վերադարձել Կովկաս: 1941 թվականին Խորհրդային Միություն նացիստների ներխուժումից հետո Շիլինգովսկին հայտնվեց իր սիրելի, հարազատ դարձած քաղաքի՝ Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ՝ Լենինգրադ) պաշարման մեջ:  Նա մահացավ սովից՝ 1942 թվականի ապրիլին եւ թաղվեց եղբայրական գերեզմանում՝ արվեստի ոլորտի այլ պրոֆեսորների կողքին:  Շիլինգովսկու հուղարկավորության փոքրաթիվ վկաներից մեկը նշել է, որ նացիստական շրջափակման բերած զանգվածային տառապանքների ֆոնին գերեզմանը փորող կանայք «շտապում էին շուտ վերջացնել գործը, նրանք սոված էին եւ անտարբեր»:
Այսօր Շիլինգովսկու աշխատանքները պահվում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Մոլդովայի թանգարաններում:

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ